Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է Փարիզ այցից, որը նախանշված էր հոկտեմբերի 19-ին: Այս մասին հաղորդում են BBC-ն եւ Reuters-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը:
Լուրը պաշտոնապես չի հաստատվել: Ռուսական իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել Ֆրանսիա այցելությունը չեղարկելու մասին Պուտինի որոշումը:
Աղբյուրների համաձայն՝ Պուտինի հնարավոր այցի հարցը Մոսկվան եւ Փարիզը քննարկել են հոկտեմբերի 11-ի առավոտյան: Ֆրանսիական կողմը նախագահներին առաջարկել է հանդիպման ընթացքում քննարկել բացառապես Սիրիայում տիրող իրադրությունը՝ պնդելով, որ այլ թեմաների չպետք է անդրադառնալ: Ի պատասխան՝ ռուսական կողմը հայտարարել է, որ կցանկանար հետաձգել այցը:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ վստահ չէ, որ ցանկանում է հոկտեմբերի 19-ին հանդիպել Պուտինի հետ:




























