Կա ձայնագրություն, որը վկայում է, թե ինչպես է ուկրաինացի դիսպետչերը սպառնում կործանիչներ օդ բարձրացնել, եթե Մինսկ մեկնող օդանավը չվերադառնա Կիեւի օդանավակայան: Այս մասին ասել է «Բելավիա» բելառուսական ավիաընկերության փոխտնօերն Իգոր Չերգինեցը: Դրանով նա հերքել է Ուկրաինայի ԱԱԾ աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Տկաչուկի հայտարարությունը, որով վերջինս աբսուրդ էր որակել այն տեղեկությունները, թե Կիեւի օդանավակայանի դիսպետչերը սպառնացել է կործանիչներ բարձրացնել:
«Բոլոր օդանավերում պահվում է անձնակազմի եւ ցամաքային ծառայության բանակցությունների ձայնագրությունը: Եթե կարիքը լինի, մենք այն կգաղտնազերծենք եւ կներկայացնենք»,- ասել է Չերգինեցը, փոխանցում է«ՌԻԱ Նովոստի»-ն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին «Բոինգ 737-800»-ը, որը Կիեւ-Մինսկ երթուղով В2-840 չվերթ էր իրականացնում, ստիպված է եղել վերադառնալ թռիչքի մեկնարկային օդանավակայան: Օդանավում եղել է 136 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ:
Բելառուսի օդային տարածք մտնելուն 50 կմ էր մնացել, երբ թռիչքների կառավարման կենտրոնից օդանավի հրամանատարին հրահանգել են անմիջապես վերադառնալ թռիչքի մեկնարկային օդանավակայան՝ առանց պատճառը բացատրելու: Նաեւ հայտարարվել է, որ հրահանգը չկատարելու դեպքում օդ կբարձրանան կործանիչներ: Վայրէջքից հետո Ուկրաինայի իրավապահ մարմինները օդանավից իջեցրել են Հայաստանի քաղաքացի մի ուղեւորի: Վերալիցքավորվելուց հետո օդանավը Մինսկ է թռչել եւ հաջողությամբ վայրէջք է կատարել ազգային օդանավակայանում:
Ուկրաինայի իրավապահ մարմինները ձերբակալված ուղեւորին ազատ են արձակել, եւ նա Մինսկ է մեկնել այլ չվերթով: