News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղում Տիգրանակերտի պեղումների 10 տարիների ընթացքում պեղվել է քաղաքի տարածքի մոտ 3-4 տոկոսը, եւ աշխատանքի ծավալներն անբավարար են: Այս մասին նոյեմբերի 4-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Գիտնականի խոսքով՝ եթե Հայաստանի ղեկավարության վերաբերմունքը Տիգրանակերտի եւ անձամբ իր նկատմամբ շարունակի նույնը մնալ, ապա ինքը «կարող է խելագարվել»:

Նրա խոսքով՝ Տիգրանակերտը մեծ նշանակություն ունի այն առումով, որ ապացուցում է, որ Դաշտային Արցախը բուն հայկական հող է: Նա նշեց, որ Արցախի այդ շրջանների երկարատեւ բռնազավթումը հանգեցրել է նրան, որ միշտ չէ հնարավորություն եղել պատմականորեն ապացուցել դրանց հայկական պատկանելիությունը:

Սակայն չնայած այդ հսկայական կարեւորությանը՝ Տիգրանակերտը, մասնագետի խոսքով, մյուս հուշարձանների նման Հայաստանի մշակութային քաղաքականության զոհն է դառնում: Դրան գումարած այն, որ Լեռնային Ղարաբաղը չճանաչելու պատճառով այստեղ գիտական աշխատանքները գրեթե ոչ մի միջազգային դրամաշնորհ չեն ստանում, մնում է հույս դնել միայն առանձին արտասահմանցի գիտնականների բարի կամքի, անձնական կապերի եւ պաշտոնյաների քմահաճույքների վրա:

Համլետ Պետրոսյանը պատմեց, որ ոսկրանյութը, որը հանվել է Տիգրանակերտում գտած դամբարանից, արդեն 2 տարի Մարսելում է, բայց ինքը ոչ մի կերպ չի կարողանում 850 եվրո գտնել, որպեսզի այդ ոսկրանյութի տարիքը պարզելու անալիզ անցկացնեն: Այս տարի պեղումների ժամանակ գտել են դամբանատեղ, որտեղից արծաթյա պարսկական դրահմեր են հանել, բայց ոսկրանյութը դարձյալ անհնար է անալիզի ենթարկել փողի բացակայության պատճառով: Գիտնականը նշեց, որ անցյալ տարի Գիտության պետական կոմիտեն մերժել է Տիգրանակերտում աշխատանքների ֆինանսավորման հայտը:

Դաշտային Արցախում պեղումների ժամանակ, որը հին ժամանակներում մարդկանց տեղաշարժերի ակտիվ գոտի էր, գտել են նաեւ մարդանման արձաններ, որոնք մ.թ.ա 7-8-րդ դարերին են պատկանում: Դրանք սակական են կամ սկյութական: Ադրբեջանցիները փորձում են իրենց վերագրել դրանք: Եվ այդ պատճառով այդ տարածքում աշխատանքները կարեւոր են նաեւ այս տարածաշրջանի պատմամշակութային իրական պատկերի վերականգնման առումով, պնդում է Համլետ Պետրոսյանը:

Նա նշել է, որ Ադրբեջանն այսօր ոչ միայն կեղծ գիտնականների, այլ նաեւ մեդիա մասնագետների մեծ բանակ է պատրաստել, որը մոլորության մեջ է գցում անգամ հետազոտողներին: Անգամ հայ հասարակության մեջ կան մարդիկ, որոնք կուլ են տալիս այդ խայծը: Եվ իր արշավախումբը ստիպված է աշխատել նման աներեւակայելի պայմաններում:

Գիտնականի խոսքով՝ երբ թուրքերը բացեցին ուրարտական Հայանիս հուշարձանը, Թուրքիայի կառավարությունը հսկայական միջոցներ հատկացրեց այդ հուշարձանի ուսումնասիրության համար: Եվ այսօր վստահաբար կարելի է ասել, որ Թուրքիան առաջատար է ուրարտագիտության ոլորտում, թեպետ Հայաստանը բոլոր շանսերն ուներ դրա համար: «Հիմա նույն բանը տեղի է ունենում Տիգրանակերտի դեպքում: Ինչու՞ պետք է ամեն բան միայն իմ ուսերին լինի: Սա միայն ի՞մն է: Եթե այսպես շարունակվի, ես կխելագարվեմ»,- ասաց Համլետ Պետրոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քարահունջին պաշտպանություն եւ խնամքի կարիք ունի հասարակության եւ պետության կողմից․ գիտնական
Քարահունջի մոտ 4 հազար տարվա պատմություն ունի, եւ այս փուլում ծագում է այս պատմական հուշարձանն ապագա սերունդների համար պահելու հարցը․․․
Ի՞նչ է հաջողվել պեղել Արտանիշում. հայ հնագետները՝ հայտնաբերված հնագույն գերեզմանների մասին
Հնագետի խոսքով՝ այդ շրջանում առաջին անգամ են նման հետազոտություններ եւ պեղուներ անցկացվում...
Օձաբերդում հայտնաբերվել է Երկաթի դարաշրջանի ամրոցաշինության ֆենոմենալ շինարարական ավանդույթ. հնագետ
կատարված բացահայտումները հիմք են տալիս՝ շարունակելու պեղումները Օձաբերդում հետագա տարիների ընթացքում, ավելի մեծ ծավալներով...
Գետահովիտ 2 հնագույն քարանձավում պեղումները շարունակվում են Սիրիայից մասնագետի մասնակցությամբ
Հետագա տարիներին քարանձավի ուսումնասիրությունը շարունակվել է, եւ 2014-ին կատարված շերտագիտական շուրֆը բացահայտել է քարայրի...
Տիգրանակերտը համաքաղաքակրթական նշանակություն ունի. հնագետը ներկայացրեց վերջին պեղումների արդյունքները
Տիգրանակերտի հայկական գրերը միանշանակ վկայում են այն մասին, որ այս տարածքը ոչ թե պարզապես հայկական է եղել, այն լուրջ ավանդ է ունեցել հայկական գրի տարածման մեջ…
Հայաստանի Վայոց ձորի մարզում նախկինում անհայտ ամրոցներ են հայտնաբերվել (ֆոտո)
Այս ամրոցների մեծ մասը նաեւ Վանի թագավորության շերտեր ունի…
Ամենաշատ