News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Պաշտոնական այցով Հայաստանում է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Պաշտոնակցին օդանավակայանում դիմավորել է Սերժ Սարգսյանը: Երկու երկրների ղեկավարներն առանձնազրույցի ընթացքում բազմաթիվ հարցերի են անդրադարձել, իսկ հետո լրագրողներին ներկայացրել հանդիպման արդյունքները: Քննարկումների առանցքում ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ միջազգային խնդիրներին վերաբերող հարցեր են եղել:

Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ իրանցի պաշտոնակցին է ներկայացրել ղարաբաղյան բանակցությունների ընթացքը, Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան ագրեսիայի հետեւանքների վերացմանն ու վերջերս ձեռք բերված համաձայնագրերի իրականացմանն ուղղված ջանքերը: Երկու երկրների ղեկավարներն էլ հաստատել են, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ եւ անթույլատրելի է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանն ուղղված ցանկացած քայլ: Նախագահները քննարկել են նաեւ քաղաքական խորհրդակցություններին, էներգետիկային, տրանսպորտին, գյուղատնտեսությանը, մշակույթին եւ այլ հարցերի լայն շրջանակ: Կարեւորվել է հատկապես տնտեսական կապերի խորացումը, ինչպես նաեւ Հայաստանի դերը՝ իրանական ապրանքների տարանցումը դեպի եվրոպական շուկա ապահովելու համար: Երկրների ղեկավարները նաեւ ընդգծել են. քիչ ժողովուրդներ կան, որոնց պատմությունն անցնում է հազարամյակների միջով, եւ հիմա էլ շարունակում են կողք կողքի քայլել ու հարգել միմյանց մշակույթը։

Նշենք, որ Հասան Ռոհանին Հայաստանի նախագահին հաջորդ տարի Իրան այցելելու հրավեր է ուղղել, Սերժ Սարգսյանն ընդունել է: Հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նաեւ մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր են ստորագրվել: Հավելենք, որ Սերժ Սարգսյանն ու Հասան Ռոհանին ներկա են գտնվել են Երեւանում կայացած Հայաստան-Իրան գործարար համաժողովի բացմանը:

Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել՝ հակիրճ օրակարգով: Գործադիրը նախ հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծին: Նպատակն օրենքով ամրագրված դրույթները Հարկային օրենսգրքին համապատասխանեցնելն է: Որոշվել է նաեւ Ազգային ժողովի նախագահին առաջարկել վաղը արտահերթ նստաշրջան գումարել:

Փոխարենն այսօր հագեցած է եղել վարչապետի օրակարգը: Կառավարության արտահերթից հետո Կարեն Կարապետյանը հանդիպել է օտարերկրյա խոշոր ներդրողների հետ, հետո մարզեր մեկնել: Նախ՝ հանդիպման մասին: Քննարկված հարցերը մի շարք ոլորտների են վերաբերել՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, հանքարդյունաբերություն, էներգետիկա, կրթություն եւ այլն: Այդ ոլորտներում ներդրումային ծրագրեր իրականացնող ընկերությունները գործունեության հետ կապված խնդիրների մասին են բարձրաձայնել, իսկ Կարեն Կարապետյանը հորդորել է խնդիրներն ու առաջարկությունները գրավոր ներկայացնել, որպեսզի հնարավոր լինի քայլ առ քայլ դրանք լուծել եւ առաջ շարժվել:

Վայոց ձորում եւ Արարատում հանդիպումների ժամանակ վարչապետը փորձել է համայնքների ղեկավարներին մոտիվացնել, որպեսզի կառավարությունից աջակցություն ստանան: Հայտարարել է. ծրագրեր կազմեք, համայնքի բյուջեն ավելացրեք, ես էլ սուբսիդավորումը կավելացնեմ: Վարչապետը վստահ է, որ միայն խելոք գյուղատնտեսություն ունենալու դեպքում կարող ենք հաջողության հասնել: Համայնքապետերին էլ առաջարկել է գյուղացիների շրջանում կոոպերատիվներ քարոզել ու կրկին աջակցություն խոստացել:

Նպատակային եւ ծրագրային հստակության մասին Կարապետյանը խոսել է նաեւ Արարատում: Պետական բյուջեն, նրա խոսքով, անսահմանափակ չէ, միջոցներն ուղղելու են այն ծրագրերին, որոնք նվազագույն ծախսով հնարավորինս մեծ արդյունք կապահովեն: Վստահեցրել է, որ կարող է նաեւ դրսից ներդրումներ բերել, բայց համայնքները պետք է արդեն պատրաստ ծրագրեր ունենան, որպեսզի կարողանան առաջարկել փողը գրպանում եկած ներդրողին:

Արցախի մարտական դիրքերում վիճաբանության ժամանակ, նախնական տվյալներով, ծառայակցի կողմից հրազենային վիրավորում ստացած Ազնավուր Բալեյանի վիճակը վերջապես կայունացել է: Երիտասարդը դեռեւս Վերակենդանացման բաժանմունքում է, նա գլխի շրջանում հրազենային վնասվածք ունի: Ազնավուրը Գեղարքունիքի Ծովազարդ գյուղից է, մեկ ամսից զորացրվելու է:

Առեղծվածային դեպք Երեւանում. մայրաքաղաքի տներից մեկի 62-ամյա բնակչին մահացած են գտել, իսկ մյուսին հոգեբուժարան են տեղափոխել: Արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ բնակիչները չեն արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին: Դուռը բացելով՝ փրկարարները միջանցքի հատակին հայտնաբերել են 62-ամյա տղամարդու դի, իսկ ննջասենյակի մահճակալին՝ անօգնական վիճակում 81-ամյա կնոջ: Նրան հոգեբուժական կլինիկա են տարել:

Դեկտեմբերի 16-ին Արմավիրում տեղի ունեցած ողբերգական վթարից 5 օր անց հիվանդանոցում մահացել է 52-ամյա Սիմոն Խաչատրյանը: Հովտամեջի գյուղապետի տեղեկացմամբ՝ վթարի հետեւանքով մահացած նրա կնոջը պետք է հուղարկավորեին, բայց լուրն իմանալով՝ հետաձգել են. ամուսիններին միասին են հողին հանձնելու: Խաչատրյան ամուսինները երկու երեխա ունեին. որդին ծառայում է Արցախում: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին իրար էին բախվել Սերբիայի քաղաքացի Յուբիշա Ստանիսլավի Volvo բեռնատարը, ինչպես նաեւ Opel մակնիշի երկու եւ Volkswagen մակնիշի մի մեքենա: Volkswagen-ը, որում եղել են Խաչատրյանները, մի կողմ էր շպրտվել եւ հայտվել դաշտամիջով անցնող առվակի մեջ: Սերբ վարորդը կալանավորված է:

Վրաերթի ենթարկված տղամարդն օրեր անց մահացել է: Դեկտեմբերի 12-ին  «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Հալաբյան եւ Մարգարյան փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 79-ամյա տղամարդու, որը վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել: Պետրոս Թագվորյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Վիեննայից «Զվարթնոց» օդանավակայան ժամանած օդանավն այսօր չի կարողացել վայրէջք կատարել եւ վերադարձել է Վիեննա: Պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել: «Զվարթնոց»-ից տեղեկացնում են, որ օդանավակայանի թռիչքուղում սահմանափակ տեսանելիություն է եղել: Եղանակային վատ պայմանների պատճառով սա չվերթ չընդունելու միակ դեպքն է Երեւանում:

Դոլարը շարունակում է էժանանալ, իսկ եվրոն նվազել է 500, ֆունտը՝ 600 դրամից: Արդյունքում դեկտեմբերի 21-ին դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 499, ռուբլունը՝ 7 դրամ 87 լումա, ֆունտինը՝ 592 դրամ:

Դեկտեմբերի 22-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին էականորեն չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքի բարձրադիր գոտիներում գիշերը կդիտվի -15-17, վաղը ցերեկը՝ -5-7 աստիճան ցուրտ, իսկ ցածրադիր գոտիներում՝ գիշերը՝ -18-20, ցերեկը՝ -5-7 աստիճան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ