Վարչապետ Կարեն Կարապետյանը զբաղեցրած պաշտոնից ազատել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանին:
Վարչապետը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Ֆիլարետ Բերիկյանին ազատել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Նշենք, որ Բերիկյանը քանիցս հայտնվել էր աղմկահարույց սկանդալների կիզակետում, սակայն դա չէր խանգարել, որ նա 14 տարի պաշտոնավարի որպես փոխնախարար:
Պարզվում է` Բերիկյանի` Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում տեղի ունեցած չարաշահումներին մասնակցություն ունենալու վերաբերյալ քրեական գործ էր հարուցվել, որը հետագայում սակայն կարժվել էր:
«Մենք հաղորդում էինք ներկայացրել ոստիկանություն, որ Բերիկյանը կապ ունի այնտեղ տեղի ունեցած չարաշահումների մեջ: Քննիչը մերժեց քրեական գործ հարուցել, մենք բողոքարկեցինք դատախազություն; Այստեղ արդեն վերացրին քննիչի որոշումը եւ քրեական գործ հարուցեց, որն ավելի ուշ կարճեցին: Մենք շարունակում ենք պնդել, որ Բերիկյանին պետք է մեղադրանք առաջադրել, այդ պատճառով դատախազի եւ քննիչի որոշումները բողոքարկել ենք դատարան»,- մեզ հետ զրույցում ասել էր գիշերօթիկ դպրոցի նախկին տնօրենի պատճառով տուժած աշխատակիցների շահերը պաշտպանող Տիգրան Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ գիշերօթիկ դպրոցում տեղի ունեցած չարաշահումներով այժմ գործ է քննվում դատարանում, ամբաստանյալներից մեկը դպրոցի արդեն նախկին տնօրեն Գայանե Մարգարյանն է:





























