News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

NEWS.am–ը ներկայացնում է «Հայի աչքերով» նախագիծը, որի շրջանակներում թղթակից Անի Աֆյանը հարցազրույցների շարք է նախապատրաստել, որտեղ աշխարհի տարբեր երկրներում ապրող կամ ապրելու կենսափորձ ունեցող երիտասարդ հայերը պատմում են տեղի բնակչության կենցաղի, սովորույթների ու ավանդույթների մասին։

Գեղեցիկ Աֆունց, 26 տարեկան: Մասնագիտությամբ՝ տնտեսագետ: Հայաստանում աշխատել է որպես լրագրող եւ հեռուստահաղորդավար: Ազատ ժամանակ տնտեսագիտության եւ ճշգրիտ գիտությունների ոլորտում գիտական բացահայտումներ է ուսումնասիրում, ճամփորդում է:Երեք տարի է՝ բնակվում է Չեխիայում, սովորում եւ դասավանդում է Պրահայի Կառլովի համալսարանի դոկտորատուրայում: Ուսումն ավարտելուց հետո մտադիր է Երեւան վերադառնալ: Երազում է էլեկտրակիթառ նվագել սովորել եւ ընկերների հետ երաժշտական կոլեկտիվ ստեղծել:

Հասարակական տրասպոտը: Սա իմ ապրած առաջին զարմանքն էր, որը մինչև հիմա ինձ ապշեցնում է։ Հստակ ժամանակային գրաֆիկով (րոպե առ րոպե), հատուկ համազգեստով վարորդներ, մաքուր ու կոկիկ, առանց խցանումների, չնայած փողոցներն ավելի նեղ, իսկ ավտոբուսներն՝ ավելի երկար են: Սկսել եմ հասկանալ, թե ինչու եվրոպացիները մեքենայի կարիք չունեն։ 

Երբեմն այդ գրաֆիկային ճշգրտությունը կարող է նաև նյարդայնացնել։ Կես րոպե ուշացել ես, սպասիր հաջորդին։ Ու բոլոր տեսակի տրանսպորտները - մետրո, ավտոբուս, տրամվայ և երկաթուղի - սինխրոնացված են։ Ավտոբուսը ժամանում է մետրոյի կանգառ, ուրեմն շուտով մետրոն նույն կանգառից կշարժվի։ Այս ամենից բացի՝ բոլոր կանգառներն ունեն անուններ, որը թույլ է տալիս շատ ճիշտ և հեշտ կողմնորոշվել քաղաքում։ 

Չեխերը հանգիստ ու հավասարակշռված են։ Նրանք առանց պատճառի ժպիտ չեն շռայլի անծանոթին, ինչպես, օրինակ, իտալացիները: 

Ոչ, մեծամիտ չեն։ Այդպես կարող է թվալ առաջին հայացքից։ Նրանք ուղղակի սիրում են կանոններ ու հստակություն, նույնիսկ ընկերության մեջ։ Ամեն ինչ փոխադարձ է․ օգնություն օգնության դիմաց, հարգանք հարգանքի դիմաց։ Իհարկե, նրանք նաև իրենց չեն թերագնահատում․ «Ես այն եմ, ինչ կամ և գիտեմ իմ արժեքը»: 

Եթե ուզում եք ձեզ յուրային համարեն, ապա գարեջուր շատ պետք է սիրել։ Իսկ եթե ավելի լուրջ, անծանոթների հետ միշտ օգնում են չեխերեն մի քանի արտահայտությունները, որոնք փոխում են մթնոլորտը։ Սովորաբար սառն ու լուրջ թվացող դեմքի արտահայտությունը մեղմանում է։ Նույնիսկ եթե արտասանությունը սխալ է։  

Գարեջուր խմելու ընթացքը շատ կարևոր է նրանց համար։ Նրանք ձեզ չեն հասկանա, եթե սկսեք գարեջուրը խմել մատուցողի բերելուց անմիջապես հետո։ Պետք է անպայման բարձացնել գավաթը, ասել «Na zdraví!» ու դա անել անպայման միմյանց աչքերի մեջ նայելով։ Հետո միայն կարելի է խմել։

Մի անգամ ընկերներիցս մեկը փորձում էր գարեջրի մեջ աղ լցնել խմելուց առաջ․ սեղանին նստած չեխերի զարմանքն ու ռեակցիան աննկարագրելի էր. ինչպե՞ս կարելի է գարեջուրն այդպես պղծել։

Չեխերը սիրում են սեւ հումորը, կարող են կատակել անգամ մասշտաբային դժբախտ պատահարի մասին։ Եթե նույնիսկ սև հումորի սիրահար չլինեք, երբեմն այդ կատակները հասցնում են խելահեղ ծիծաղի։ Իհարկե, պատահում է, որ ես չեմ էլ կողմնորոշվում, թե կոնկրետ ո՞րն էր հումորը։ կարծես դիմացինդ ոչ թե մարդ է, այլ՝ սառույցի կտոր:

Ինձ համար այստեղ ամենամեծ փորձությունը սկզբում նրանց սառնությունն էր, կարծես դիմացինդ ոչ թե մարդ է, այլ՝ սառույցի կտոր։ Ես դա շատ ծանր էի տանում։ Բայց, բարեբախտաբար, մոտեցումն արդեն գտել եմ։ Երբ դու արդեն «իրենց» մարդն ես, նրանք վերափոխվում են։ Համենայն դեպս իմ դեպքում այդպես ստացվեց․ հումոր+չեխական արտահայտություններ բաղադրատոմսն ամեն ինչ փոխեց։

Երբ նոր էի եկել, դեռ շատ չեխերեն բառեր չգիտեի և ուկրաինացի ընկերներիս հետ ռուսերեն էի շփվում: Մի անգամ, սովորականի պես նրանցից մեկի հետ զրուցելով քայլում էի, ու այդ պահին բողոքում էի մի դասախոսի բացատրելու ոճից։ Կարծեմ ասում էի, որ այս դասախոսը, նշելով կոնկրետ անունը, «ужасно объясняет»: Հետո ընկերս նշան արեց, որ լռեմ, և ես հասկացա, որ այդ դասախոսն իմ հետևում կանգնած է։ Ի զարմանս ինձ՝ նա նայում էի ինձ ու ժպտում։ Միայն հետո պարզեցի, որ «ужасно» բառը չեխերեն նշանակում է «հրաշալի»։ Այնպես որ դասախոսս մտածել էր, որ գովում եմ նրան:

Կամ երբ արդեն սկսել էի ուկրաիներեն սովորել ուկրաինացի ընկերներիս հետ շփվելու արդյունքում, փորձում էի նրանց հետ իրենց լեզվով խոսել։ Մի անգամ մետրոյում ընկերներիցս մեկին էի որոնում ու գտա նրան արդեն երբ մտա վագոն։ Քանի որ նա հեռու էր կանգած, ես քիչ բարձր ասացի «ես էլ քեզ էի որոնում» (я шукала тебе)․ Ամբողջ ամբոխը այդ պահին շրջվեց դեպի ինձ։ Պատճառը չեխերեն «šukat» (to fuck) բայն էր, որը ճիշտ նույն ձևով է հնչում ինչ ուկրաիներեն «шукати» բայը։

Վիրավորական արտահայտություններ լսել եմ միայն փաբերում, օրինակ՝ ֆուտբոլ դիտելու ժամանակ։ Այնպես որ, գրեթե բան չգիտեմ: Գիտեմ միայն «kurva» (bitch) և «hovno» (shit) բառերը։

Այստեղ չեն  շտապում նույնիսկ ուսանողները։ Իմ առաջին օրերին ես երբեմն վազելով էի գնում համալսարան, զգում էի զարմացած հայացները։ Նրանք վազում են միայն մարզվելու համար։

Ինձ ծանոթ բոլոր չեխերն արտույտ են, նույնիսկ ուսանողները։ Արթնանում են շատ վաղ առավոտյան, բայց նաև վաղ են գնում քնելու։ Երբ որոշ քննություններից առաջ նշում էի, որ օրինակ առավոտյան 3-ին եմ պառկել քնելու, չեխ ուսանողները դա չէին հասկանում։ Չնայած ուսանողի համար դա, թվում է, թե սովորական պետք է լինի, բայց դա նրանց մտածելակերպի մեջ չի տեղավորվում։

Ուսանող–դասախոս, ղեկավար–ենթակա հարաբերություններում ամիսը մեկ–երկու անգամ մի քանի բաժակ գարեջուր խմելն ընդունված է։

Օգնության խնդրանքի արձագանքը շատ տարբեր կարող է լինել, բայց շատ հաճախ կարելի է հանդիպել կարճ չեխերեն պատասխանի․ «անգլերեն չեմ հասկանում»  (nerozumím anglicky): Անգլերենի չիմացությունը տարածված խնդիր է և դրան գումարելով չեխական սառնությունը` ստացվում է կոպիտ պատասխան։ 

Մինչև հիմա չեմ կարող վարժվել նրանց՝ բոլոր հնարավոր ու անհնարին վայրերում քիթ մաքրելու սովորությանը։ Նրանք դա շատ բնական ու նորմալ են համարում։ Ես արդեն հարմարվել եմ դրան, բայց ոչ ռեստորաններում։ Հատկապես ճաշի ժամերին՝ ռեստորանների ու սննդի կետերի պիկ ժամերին, այնպես մի բարձր ու ամբողջ ուժով անում են դա։

Չեխ երեխաներն ինձ համար կարծես թե փոքր, բայց հասուն ու հավասարակշռված մարդիկ լինեն։ Երբեք չեմ տեսել, որ ինչ-որ երեխա լաց լինի կամ աղմկի ինչ-որ հասարակական վայրում։ Չգիտեմ, թե ոնց են հասնում այդ արդյունքին, բայց պարզել է պետք։

Անվտանգության առումով Պրահան ուղղակի դրախտ է։ Հասարակական տրանսպորտն աշխատում է անընդհատ ամբողջ քաղաքում, 24 ժամ, ու բոլոր փողոցներն լուսավորված են։ Ես ճամփորդել եմ այլ եվրոպական երկրներով և ոչ մի տեղ ինձ այսքան անվտանգ չեմ զգացել։ 

Փախստականներ շատ չկան, գրեթե չկան. որքանով ես եմ հականում, նրանք նախընտրում են գնալ հարևան Գերմանիա։ Հիմնական բնակչությունը տեղի չեխերն են, իսկ այլ ազգերից շատ են վիետնամցիներն ուկրաինացիները։ Համեմատաբար շատ են նաև ռուսները։ 

Ռուսների նկատմամբ վերաբերմունքը  ավելի շատ բացասական է, հատկապես 50-ին մոտ կամ անց չեխերի մոտ։ Օրինակ, երբ բնակարան էի փնտրում, որոշ գործակալություններ ինձ հետ զրույցում շեշտում էին, որ տվյալ բնակարանի տերը նշել է, որ ռուս կամ ուկրաինացի բնակիչ չի ուզում։ Այս բացասական վերաբերմունքը հիմնականում պայմանավորված է պատմական անցյալով։ 

Մյուս կողմից, մի քանի անգամ նկատել եմ, թե ինչպես են ռուս զբոսաշրջիկները վաճառողի կամ մատուցողի հետ ռուսերեն խոսում՝ ենթադրելով, որ չեխերը պետք է հասկանան։ Չեմ սիրում «նրանք պետք է խոսեն ռուսերեն» մտածելակերպը։ Ես՝ որպես հայ, նույնպես զգում եմ այդ վերաբերմունքը, ու դա հաճելի չի։

Հայկական համայնքն նոր է և մեծ չէ։

Ինչպե՞ս են հայերին ընկալում։ Բացասական արձագանքի դեռ չեմ հանդիպել. կամ դրական է կամ գոնե չեզոք։ Տղաներից շատերը գիտեն Մխիթարյանի և հայկական շախմատի մասին։ Հիշում եմ, թե ինչպես իմ ընկերներից մեկի հայրը ինձ հետ ծանոթանալուց հետո նշեց, որ երկու փաստ գիտի Հայաստանի մասին․ առաջինը, որ Հայաստանում երկու անգամ ավելի քիչ հայ է ապրում, քան Հայաստանից դուրս, և երկրորդը, որ Քարդաշյանները հայ են։

Այստեղ կյանքն է հարմարվում քեզ, ոչ թե դու կյանքին։ Չեխերն ամեն ինչ արել են ստանդարտներն ու ավանդույթները հնարավորինս իրենց հարմարեցնելու համար։

Բարեւելիս  ուղղակի ասում են «Cao!» կամ «Ahoj!» (բարև կամ ողջույն): Ի դեպ այդ բառերը օգտագործում են և՛ բարևելիս, և՛ հրաժեշտ տալիս։ Նույնիսկ այստեղ են փորձել կյանքը հեշտացնել։

«Հայի աչքերով». Բրիտանիայում փակ ակումբներ կան, որոնց անդամ կարող են լինել միայն արիստոկրատները

«Հայի աչքերով». Գերմանացիները դեմ չեն երբեմն կոտրել համակարգը եւ վայելել պահը

«Հայի աչքերով». jeito do brasil, կամ կյանքը հիասքանչ է, ո՞ւր ես շտապում

«Հայի աչքերով». Իտալացիները ձեւեր չեն թափում, գրեթե անմիջապես «դու»-ի են անցնում եւ անձնական հարցեր տալիս

«Հայի աչքերով».Կորեացիները արձակուրդ հասկացությունը չունեն – հանգստի ժամանակ չկա 

«Հայի աչքերով». Ամեն հինգշաբթի Ամստերդամի բնակիչները փողոց են դուրս բերում անպետք իրերը

«Հայի աչքերով». Կարեւոր էր Ցեղասպանության թեմայով մագիստրոսական ատենախոսությունը հենց Թուրքիայում պաշտպանել 

 

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ