News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

NEWS.am–ը ներկայացնում է «Հայի աչքերով» նախագիծը, որի շրջանակներում թղթակից Անի Աֆյանը հարցազրույցների շարք է նախապատրաստել, որտեղ աշխարհի տարբեր երկրներում ապրող կամ ապրելու կենսափորձ ունեցող երիտասարդ հայերը պատմում են տեղի բնակչության կենցաղի, սովորույթների ու ավանդույթների մասին։

Մանե Ունգեր -Ամիրջանյան, 28 տարեկան: Կրթությամբ լրագրող է, աշխատել է Երեւանում, լուսաբանել է մշակութային իրադարձությունները: Սիրում է ճամփորդել առանց քարտեզի ու նախապես ծրագրելու: Փնտրում եւ գտնում է իր «անկյունները»: Ազատ ժամանակ զբաղվում է ընթերցանությամբ: Արդեն 2,5 տարի է ապրում է Գերմանիայում` Մայնի Ֆրանկֆուրտում եւ աշխատում դպրոցում` տարրական դասարաններում: Մտածում է ամուսնու հետ Երեւան տեղափոխվելու մասին:

Գերմանիայում ապրած առաջին շոկն ամեն բան պլանավորելու եւ «օրացույցով» ապրելու գերմանացիների սովորությունն էր։ Դա, իհարկե, լավ սովորություն է, բայց երբ խոսքը ընկերների հետ հանդիպման կամ ծնողների այցելության մասին է, համաձայնեք, դա չափազանցություն է։

Այստեղ շատ նորմալ երեւույթ է, երբ հայտնի կատարողների համերգների տոմսերը սպառվում են համերգից 6 ամիս առաջ։ Այնպես որ, եթե ուզում եք միջոցառմանը ներկա լինել, դա հաշվի առեք։

Գերմանացիները կարող են ծիծաղել թուլանալ չկարողանալու իրենց բնավորության եւ ամեն բանում կատարելության հասնելու ձգտման վրա, բայց դրա դեմ ոչինչ անել չեն կարող, ավելին՝ հպարտանում են դրանով։

Տարբեր կերպ արտասանած նույն բառը կարող է լրիվ ուրիշ իմաստ ունենալ։ Մի անգա ընկերներիս պատմում էի դպրոցի բակում տեսած հսկայական բզեզի մասին, եւ նրանք անվստահությամբ եւ զարմանքով ինձ հարցրին. «Ի՞նչ, հենց դպրոցի բակու՞մ։ Երեխաների աչքի առա՞ջ»։ Երբ ես հարցրեցի, թե ինչ վատ բան կա նրանում, որ բզեզը քայլում է խոտի վրայով, ինձ խնդրեցին եւս մեկ անգամ արտասանել այդ բառը, իսկ հետո բացատրեցին, որ իմ ասածով ստացվում է, որ տեսել եմ, թե ինչպես է ինչ–որ մեկը դպրոցի բակում մարիխուանա ծխում։

Բոլոր այն խոսակցությունները, թե գերմանացիները շատ սառը ազգ են, հիմարություն են։ Նրանց մեջ կան շատ զուսպ եւ էմոցիաներ չցուցաբերող մարդիկ, բայց ընդհանուր առմամբ նրանք բաց են, բարեհամբույր եւ սիրում են ուրախանալ։ Դրա վառ օրինակն իմ գերմանացի ազգականներն ու ընկերներն են, որոնց հետ հանդիպումը փոխեց իմ հայ բարեկամների եւ ընկերների պատկերացումները գերմանացիների մասին։

Ի հեճուկս տարածված կարծիքի՝գերմանացիները հասարակական վայրերում «ավելորդ գազերից չեն ազատվում» եւ չեն գխտում։ Կարող է, իհարկե, ինչ-որ մեկն այդպես անում է, բայց դա ավելի շուտ դաստիարակության բացակայություն է, ոչ թե ազգային բնութագիր։ Փոխարենը նրանք առանց ամաչելու բարձրաձայն եւ երկար մաքրում են իրենց քիթը՝ կարեւոր չէ՝ որտեղ եւ ինչպիսի հանգամանքներում՝ սեղանի շուրջ աշխատավայրում, դասերի ժամանակ։ Նրանց համար անընդունելի է քիթը «ֆսթացնել», նրանք նույնիսկ կարող են նկատողություն անել։ 

Եթե ուզում ես յուրային համարվել, առաջին հերթին պետք է գերմաներեն սովորես, ընդ որում, պարտադիր չէ իդեալական։ Գերմանացիները հաճախ գնահատում են ձգտումը եւ աջակցում են մարդկանց, որոնք փորձում են գերմաներեն խոսել։

Գերմանական ճշտապահությունը մտացածին չէ։ Նրանք իրոք գիտեն իրենց ժամանակի գինը, փորձում են պայմանավորված ժամից շուտ գալ եւ կարող են ուշացողին նկատողություն անել։

Այո, նրանք շատ տնտեսող ու պրակտիկ են՝մեծ ուշադրություն են դարձնում օգտագործած ջրի քանակին եւ այլն։ Բանն այն է, որ կոմունալ ծառայությունների դիմաց նրանք միջին գումար են վճարում, իսկ տարվա վերջին վերջնահաշվարկ է տեղի ունենում՝ համաձայն հաշվիչի ցուցումների։ Եւ եթե դու ծախսել ես ավելին, քան վճարել ես, քեզ  համար դա կարող է կլորիկ գումարի վերածվել։ Բայց եթե դու քիչ ես ծախսել, ապա ծառայությունների մատակարարն ինքը կվերադարձնի գումարը եւ կնվազեցնի ծառայությունների միջին արժեքը։

Գերմանացիները կարող են բացասաբար վերաբերվել Երրորդ Ռեյխի եւ Հիտլերի մասին  կատակներին եւ շատ ցավագին են արձագանքում նացիստական Գերմանիայի հետ իրենց նույնացնելուն։

Ինձ համար այստեղ անսովորը ժամը 6-ին արթնանալն է, որպեսզի 8-30 աշխատանքի լինեմ։ Իսկ ոմանք ինքնակամ ժամը 5-ին են արթնանում եւ անգամ 4-ին։ Գերմանացիները արտույտներ են, նրանք շուտ զարթնելու մասին բազմաթիվ ասացվածքներ ունեն։

Ի դեպ, երեխաներին նրանք ողջունում են այնպես, ինչպես մեծահասակներին՝ ձեռքսեղմումով։

Եթե ծանոթանալիս զրուցակիցը ներկայանում է եւ ասում իր ազգանունը, նա նախընտրում է «Դուք»–ով շփվել, այլ ոչ թե «դու»–ով։

Եթե Բավարիայում տեղական ուտեստը՝ մանանեխի սոուսով սպիտակ նրբերշիկը, պատվիրեք ժամը 12։00-ից հետո, ձեզ այն կամ չեն բերի, քանի որ դա ուտում են միայն նախաճաշին, կամ էլ կբերեն ակնհայտ դժկամությամբ եւ անգամ կես–կատակ կարող են նշել ձեր ընտրության անհարիր լինելը։

Գերմանիայի ամեն շրջան հպարտանում է իր ավանդական խմիչքներով, որոնք, ի դեպ, պարտադիր չէ, որ գարեջուր լինեն։ Օրինակ՝ Ֆրանկֆուրտը հայտնի է խնձորի գինով, որն իր համով թորած թթու օղի է հիշեցնում։ Այն անպայման մատուցում են հանքային ջրով կամ գազավորված ըմպելիքով բացած։

Հայաստանի եւ հայերենի մասին գիտելիքներն այստեղ տատանվում են քրիստոնեությունն ընդունած առաջին ազգից մինչեւ Արթուր Աբրահամի, Քիմ Քարդաշյանի եւ, իհարկե, Հենրիխ Մխիթարյանի հայրենիքի մասին պատկերացումների միջեւ։ Ի դեպ, Մխիթարյանին Դորտմունդի «Բորուսիայի»  երկրպագուներն ուղղակի պաշտում էին եւ նրան ճանապարհելիս քիչ էր մնում արտասվեին։ Ընդհանուր առմամբ, հայերի կերպարն այստեղ շատ դրական է։

Փախստականների նկատմամբ վերաբերմունքը չի կարելի միանշանակ անվանել։ Գերմանական հասարակությունը բաժանվել է 2 գրեթե թշնամական ճամբարի, որոնցից մեկը գովաբանում է Անգելա Մերկելի բաց դռների քաղաքականությունը, իսկ մյուսը պնդում է, որ փախստականների նման քանակը բալաստ է Գերմանիայի տնտեսության  համար։ Նրանք բյուջետային միջոցների բաշխումն անարդարացի են համարում գերմանացիների նկատմամբ։

Հետաքրքիր է, որ փախստականների հոսքը շարունակում է աճել ոչ միայն Սիրիայից, այլ նաեւ Աֆղանստանից, Պակիստանից, Մարոկկոյից, Հյուսիսային Աֆրիկայի երկրներից։ Շատ հաճախ քրեական տեսություններում հենց փախստականների անուններն են հայտնվում։

Գերմանացիները ջանում են իրենց եւ ներգաղթյալների միջեւ տարբերություն չդնել, խուսափում են «օտարերկրացի» բառից, քանի որ համարվում է, որ այն բացասական երանգ ունի։ Սովորաբար  գերմանացիներն օգտագործում են ավելի մեղմ ձեւակերպում՝ օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անձինք։

Գերմանիայում շների հարկ կա։ Կանաչների կուսակցության նախաձեռնություններից մեկը վերաբերում է կատուների համար նման հարկ սահմանելուն։ Չնայած դրան՝ շատ գերմանացիներ տանը տարբեր կենդանիներ են պահում։ Տերերը պարտավոր են հետեւել  նրանց, զբաղվել նրանց դաստիարակությամբ ամենավաղ տարիքից, ընդ որում, ցանկալի է կինոլոգի հետ։

Ծխախոտի հարկը շատ բարձր է։ Գերմանիայում մեկ տուփ ծխախոտն արժի միջինում այնքան, որքան Հայաստանում մեկ բլոկը։ Սակայն չնայած բարձր գներին եւ առողջ ապրելակերպի քարոզներին՝ այստեղ ծխում են շատ եւ հաճույքով, այդ թվում՝ երիտասարդները։

Իմ դիտարկումներով Գերմանիայում պոռնոֆիլմեր դիտում են այնքան, որքան մյուս երկրներում։ Այստեղ կարելի է գնել մեծահասակների համար ֆիլմերի արտոնագրված սկավառակներ, բաժանորդագրվել վճարովի ալիքներին։ Կան, իհարկե, մարդիկ, որոնք համացանցում ապօրինի պոռնոֆիլմեր են դիտում, սակայն նման գործողություններն օրենքով խստորեն պատժելի են։

Աշխատանքային օրերին՝ ժամը 13։00-15։00–ն, աղմկել չի կարելի, ժամը 22։00–ից հետո՝ նույնպես։ Սակայն այս սահմանափակումները չեն վերաբերում փողոցային աշխատանքին։ Նրանք կարող են չպահպանել ցերեկային ժամերի ընդմիջումը։ Ավելորդ աղմուկի պատճառով ձեր դուռը կարող է ծեծել ոստիկանը։ Բանը կարող է հասնել մինչեւ տուգանքի։ Սակայն հիմնականում գերմանացիները ջանում են չանհանգստացնել իրենց հարեւաններին, քանի որ լավ բնակարան վարձելն այնքան էլ հեշտ չէ, եւ տեղափոխությունը կարող է ծախսատար գլխացավանք դառնալ։

Բնակարան վարձելը կարելի է նորմա համարել գերմանացիների համար, եւ դա իր պատճառներն ունի։ Առաջին հերթին՝ շատ տների եւ բնակարանների գները բարձր են։ Ամեն ապահովված գերմանացի չէ, որ կարող է իրեն թույլ տալ մի քանի 100 հազար եվրո վճարել մեծ քաղաքում բնակարանի համար, ուստի բնակարան վարձելը օպտիմալ տարբերակ է։ Մարդիկ կարող են տասնամյակներ ապրել նույն տանը կամ բնակարանում եւ չմտածել սեփական տունն ունենալու մասին։

Բացի այդ, գերմանացիներին կարելի է պայմանականորեն «ոչ մշտակյաց» անվանել։ Նրանք հեշտությամբ մի քաղաքից կամ երկրից կարող են մյուսը տեղափոխվել աշխատանք փնտրելու, սիրելիների մոտ լինելու կամ ինչ–որ բան զրոյից սկսելու համար։ Այդ կոնտեքստում անգամ բնակարան վարձելը շատ հարմար է, քանի որ չեն կապվում կոնկրետ վայրի, եւ առաջ է գալիս ազատության զգացում։

Եվ վերջապես շատ գերմանացիներ ապրում են իրենց համար, այլ ոչ թե երեխաների, ինչպես դա ընդունված է մեզ մոտ, ինչը նշանակում է, որ նրանք իրենց պարտավոր չեն համարում իրենց սերունդներին բնակարանով եւ ժառանգությամբ ապահովել։ Համարվում է, որ երեխաները կարող են իրենք իրենց ապահովել, այդ պատճառով շատերը ծեր տարիքում երեխաներից օգնություն չեն սպասում եւ իրենք են առաջարկում իրենց ուղարկել ծերանոց։

Եթե խորանանք գերմանական դաստիարակության մեջ, ապա ծնողներն ուզում են առաջին հերթին երեխաներին ինքնուրույնություն սովորեցնել եւ նրանց մեջ սեփական արարքների համար պատասխանատվության զգացում սերմանել։ Ընդ որում, ծնողները շատ քնքուշ են երեխաների հետ վարվում, կազմակերպում են նրանց ազատ ժամանակը եւ ճանապարհորդում նրանց հետ։

Գերմանացիներն ընտանիքում սեռերի իրավահավասարության կողմնակից են եւ կենցաղն էլ այդպես են կազմակերպում՝ ելնելով պրակտիկ պատկերացումներից։ Հազվադեպ չեն հանդիպում դեպքերը, երբ երեխայի խնամքի արձակուրդ է գնում որ թե մայրը, այլ հայրը, եթե կինն ամուսնուց շատ է վաստակում։ Ամուսինը կարող է նման քայլի դիմել նաեւ կնոջն աջակցելու եւ սիրելի աշխատանքից չզրկելու համար։

Գերմանացիները շատ հազվադեպ են թունդ հայհոյանքներ օգտագործում։ Բայց եթե դա պատահում է, ավելի հաճախ դրանք հետանցք նշանակող բառեր են։

Նրանք ընկերների ու մտերիմների հետ բացահայտորեն քննարկում են թեմաներ, որոնք հայերը անհարմար են զգում քննարկել։ Օրինակ՝ իրենց հիվանդությունները՝ նրանք հանգիստ կարող են ասել, որ օրինակ, դիերիայով կամ թութքով են տառապում, քննարկել ինտիմ կյանքի մանրամասները, օրինակ՝ ինչպիսի հակաբեղմնավորիչ միջոցներ են գործածում։ Սկզբում դրանից ցնցվում ես, հետո՝ սովորում։

Ժամանակի հետ նկատում ես, որ գերմանացիները դեմ չեն երբեմն կոտրել համակարգը եւ վայելել պահը։

«Հայի աչքերով». Բրիտանիայում փակ ակումբներ կան, որոնց անդամ կարող են լինել միայն արիստոկրատները

«Հայի աչքերով». jeito do brasil, կամ կյանքը հիասքանչ է, ո՞ւր ես շտապում

«Հայի աչքերով». Չեխերը սիրում են սեւ հումորը, կարող են կատակել անգամ դժբախտ պատահարի մասին

«Հայի աչքերով». Իտալացիները ձեւեր չեն թափում, գրեթե անմիջապես «դու»-ի են անցնում եւ անձնական հարցեր տալիս

«Հայի աչքերով».Կորեացիները արձակուրդ հասկացությունը չունեն – հանգստի ժամանակ չկա 

«Հայի աչքերով». Ամեն հինգշաբթի Ամստերդամի բնակիչները փողոց են դուրս բերում անպետք իրերը

«Հայի աչքերով». Կարեւոր էր Ցեղասպանության թեմայով մագիստրոսական ատենախոսությունը հենց Թուրքիայում պաշտպանել 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ