News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

NEWS.am–ը ներկայացնում է «Հայի աչքերով» նախագիծը, որի շրջանակներում թղթակից Անի Աֆյանը հարցազրույցների շարք է նախապատրաստել, որտեղ աշխարհի տարբեր երկրներում ապրող կամ ապրելու կենսափորձ ունեցող երիտասարդ հայերը պատմում են տեղի բնակչության կենցաղի, սովորույթների ու ավանդույթների մասին։

Գառնիկ Սեւոյան, 34 տարեկան: Կրթությամբ տնտեսագետ է, ապրում է Երևանում: Սիրում է զբաղվել էքստրեմալ սպորտաձևերով ու ճանապարհորդել: Մի տարի անցկացրել է Բրազիլիայում և աշխատել SADIA ընկերությունում:

Յուրաքանչյուրն իր երազանքի քաղաքն ունի, ինձ համար դա Ռիոն էր: Մանկուց երազում էի այնտեղ լինել: Շատ պատահական՝աշխատանքի բերումով ստացվեց:

Առաջինը, ինչ նկատեցի, մոտոցիկլետներն էին: Ամենուր: Զարմանում էի` ինչպես են այնտեղ մեքենա վարում, որ ոչ մեկին վրաերթի չեն ենթարկում:

Երկրորդ զարմանքս Սան Պաուլոյին մոտենալիս էր. իրար գլխի խառը տներ էին լցված, ժամանակակից շենքերի կողքին փլատակների նմանվող, հին շենքեր:

Հենց առաջին օրը հետաքրքիր պատմություն տեղի ունեցավ մեզ հետ: Մեզ դիմավորեցին, ուղեկցեցին նորակառույց շենք, որտեղ ես ու գերմանացի մի տղա միասին պետք է ապրեինք: Լողանալուց հետո մեր սրբիչները կախեցինք դրսում, որ չորանան: Մի ժամից մեր դուռը ծեծեցին, թե չի կարելի նման բան, այս ի՞նչ ասիական բարքեր են,շենքի ճակատամասը փչացնում եք:

Սան Պաուլոյում, որտեղ ես էի ապրում, աղքատների թաղամասեր շատ կան: Առավոտյան աշխատանքի գնալիս տեսնում էինք, որ մարդիկ հենց փողոցներում են քնած: Բախտները բերել է, որ Բրազիլիան տաք երկիր է:

Հանցավորության ամենամեծ կենտրոնը Ռիոյում է, որտեղ հենց քաղաքի բարձունքին աղքատների թաղամասերն են: Այնտեղ իրենց օրենքներն են գործում, մարդիկ զենքով են շրջում, անգամ տեղի ոստիկանությունը ոչինչ չի կարողանում անել: Մենք էլ գնացինք այնտեղ, բայց տեղացու ուղեկցությամբ: Եթե մենակ գնաս, հնարավոր է՝ այլեւս դուրս չգաս այնտեղից:

Ճիշտ է` Օլիմպիական խաղերի ժամանակ սկսեցին «մաքրել», բայց այն ժամանակ, երբ այնտեղ էի, ոչ մի բան չէին կարողանում անել: Մարդկանց կողոպտելն այնտեղ նորմալ է, հատկապես այն շրջաններում, որտեղ շատ զբոսաշրջիկներ կան: Եթե մեքենայով կանգնում ես լուսացույցի տակ, զենքով պարզապես մոտենում են,արագորեն՝ մինչեւ լուսացույցի լույսի փոխվելը, թալանում ու հեռանում: Այդ պատճառով Ռիոյում նույնիսկ օրենքով թույլատրվում է երեկոյան ժամը 22:00-ից հետո կարմիր լույսի տակով անցնել:

Եթե Բրազիլիա եք մեկնել, բացահայտորեն գրպանից փող մի հանեք: Շատ հանգիստ կարող են սպանել նույնիսկ 10 դոլարի համար: Նաեւ ոսկյա զարդեր մի կրեք: Կարող են մոտենալ եւ, զենքով սպառնալով, խլել:

Շատերին թվում է, որ եթե Բրազիլիա է, ուրեմն ծառերի վրա կապիկներ են ապրում, բայց նման բան չկա: Ասում են` եթե բրազիլիացի է, ուրեմն պետք է լավ սամբա, սալսա պարի. սա նույնպես ճիշտ չէ: Ինչպես եւ ճիշտ չէ կարծիքը, որ ցանկացած բրազիլիացի աղջիկ շատ սեքսուալ է:

Բրազիլիայի 80-90 տոկոսն ապրում է ֆուտբոլով: Մարզադաշտերի մոտով անցնելիս վրաններ տեսանք, որտեղ մարդիկ էին ապրում: Հարցրեցինք՝ ինչ է սա, պատասխանեցին, թեմի քանի օրից մեկ ամիս անց կայանալիք խաղի տոմսեր են վաճառելու, հերթ են պահում, որ կարողանան տոմս գնել: Ֆուտբոլը նրանց համար բոլորովին այլ աշխարհ է:Նույնիսկ հայ համայնքն է ֆուտբոլով ապրում, տարբեր թիմերի են երկրպագում, անընդհատ կռվում իրար հետ:

Իրենց համար դու գրինգո ես, այդպես են ասում: Վատ չեն վերաբերվում, բայց, ամեն դեպքում,դու գրինգո ես: Բրազիլիացիները շատ հյուրընկալ են, սիրալիր, խտրականություն չեն դնում:

Բրազիլիայում հայ համայնք կա, Սան Պաուլոյում բավականշատ գիտեն հայերի մասին: Նույնիսկ մետրոյի կայարան կա, որն«Արմենիա» է կոչվում, եկեղեցիներ կան, Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան:

Հետաքրքիր է, որ շատ հաճախ էի հայերի հանդիպում, որոնք հայերեն չէին խոսում: Հայերի մի մասը պահպանել է ինքնությունը, մի մասն էլ ձուլվել` ամուսնանալով բրազիլացիների հետ: Դիանա Գրիգորյան անուն-ազգանունով գործընկեր ունեի: Գիտեր, որ հայ է, ուրախ էր դրա համար, բայց երբեք Հայաստանում չէր եղել: Նրան առաջարկեցի ինձ ծանոթացնել հայ համայնքի ներկայացուցիչների հետ, բայց չհամաձայնվեց:

Բրազիլիայում շատ են տրանսսեքսուալները, նույնասեռականները, նրանց մոտ դա նորմալ է: Նույնիսկ կարող են օրինական ամուսնանալ:

Խտրականություն չկա, իհարկե, բայց տրանսսեքսուալները լավ պաշտոն չեն կարող ստանալ: Նրանց հիմնական գործը մարմնավաճառությունն է, վարսահարդարությունը կամ ակումբներում աշխատանքը: Սան Պաուլոյում մի փողոց կա, միայն մարմնավաճառներն էին կանգնում, մեկ այլ փողոցում էլ՝ միայն տրանսսեքսուալները:

Օրենք էլ կա, որը թույլ է տալիս անվճար սեռը փոխել: Կան տղամարդկանց, կանանց համար նախատեսված զուգարաններ ու առանձին T տառով զուգարան, որը տրանսսեքսուալների համար է:

Ճիշտ է, որ Բրազիլիայում ամենալավ սուրճն է աճում: Բայց չեն կարողանում եփել: Ավտոմատ սարքերով են իրենք սուրճը եփում, որը շատ անհամ է: Ինձ թվում էր` սուրճը լավը չէ, բայց մեր ձեւով պատրաստեցի եւ իսկական սուրճ ստացվեց:

Ամենաշատը, որ կարոտում եմ, գուարանա խմիչքն է, որը հենց գուարանա մրգից են պատրաստում: Կար գազավորված գուարանա, համը չեմ կարողանում մոռանալ եւ բոլորին խնդրում եմ, որ ինձ համար բերեն դրանից:

Բրազիլացիները շատ էմոցիոնալ ժողովուրդ են, սրճարաններում բոլորը գոռգոռալով են խոսում, որ միմյանց լսեն: Սրճարաններում այսպիսի բան կա. կարող ես վիսկի պատվիրել, որն արժե, օրինակ, 100 դոլար, կոկա-կոլայի կամ գուարանայի հետ խմում ես, եթե մեկ-երկու բաժակից հետո այլեւս չես ուզում խմել, աշխատողը շշի վրա նշում է, թե ինչքան ես խմել, քո անուն-ազգանունն ու պահում: Երեք ամսվա ընթացքում կարող ես ցանկացած ժամանակ գնալ ու խմել մնացածը:

Բրազիլիան շատ համեղազգային խոհանոց ունի: Ամենահայտնի ուտելիքը «ֆեժուադան» է, որը պատրաստում են բրնձից, լոբուց եւ խոզի տարբեր մասերից: Երբ իմացա, որ խոզի ականջով, ոտքի չգիտես ինչ մասով են պատրաստում, ախորժակս կորավ:

Երկրորդ ամենատարածված ուտելիքը «պաո ջի քեյժոն» է. պաո նշանակում է հաց, քեյժո` պանիր, այսինքն՝ հաց ու պանիր: Բուլկու նման է, շատ հայտնի ուտելիք է, նույնիսկ սառեցված են վաճառում:

Բայց Բրազիլիայում ամենահայտնին «շուռասկարիա» կոչվածն է, որը նշանակում է խորովածանոց: Ի՞նչ է սա նշանակում: Գնում ես այնտեղ, ֆիքսված գումար տալիս, մտնում ես ներս եւ օգտվում շվեդական սեղանից՝ որքան ուզում ես: Երբ արդեն քո ափսեով նստած ես սեղանի մոտ, գալիս են խորովածի շամփուրներով: Ցույց ես տալիս, թե որ մասն ես ուզում, կտրում են, դնում ափսեիդ մեջ ու հեռանում:

Ինչպես Հայաստանում, Բրազիլիայում նույնպես քաղաքների միջեւ մրցակցություն կա։ Այնտեղ մրցակցում են Ռիոն եւ Սան Պաուլոն: Ռիոյի ժողովուրդը կոչվում է կարիոկաու, նրանց խոսելաձեւն էլ է տարբերվում Սան Պաուլոյից: Սան Պաուլոյի ժողովուրդն էլ կոչվում է պաուլիստա: Այստեղ մարդիկ ձեռներեց են, իսկ Ռիոյի ժողովուրդն ավելի հանգիստ է սիրում, կյանքը շատ հանդարտ է, հագնում են իրենց բրազիլական հողաթափերը եւ քայլում կամ վազում ծովափով:

Բնակարանը, որը մենք վարձել էինք, մեծ էր: Նախ որոշեցինք, թե ինչպես պետք է այն կարգի բերենք: Բայց չստացվեց եւ տնային աշխատող վարձեցինք: Հետո իմացանք, որ Բրազիլիայում դա նորմալ երեւույթ է, միջին խավի ցանկացած մարդ տնային աշխատող ունի:

Երբ Բրազիլիայում հանդիպման ժամ ես նշանակում ու ժամանակին տեղ հասնում, պետք է պատրաստ լինես, որ ոչ ոք չկա ու մոտակա կես ժամ- մեկ ժամում չի էլ լինելու: Նույնիսկ գործնական հանդիպումից ուշանալը շատ նորմալ է ընկալվում։ Կամաց-կամաց սովորում ես դրան: Դա կոչվում է «jeito do brasil», այսինքն՝ բրազիլական ձեւով: Ասում են՝ ո՞ւր ես շտապում, կյանքը հիասքանչ է, հանգիստ քեզ համար ապրիր:

Բրազիլիայում մուրացկաններ չկան՝ այն իմաստով, որ երբեք չես հանդիպի մարդկանց, որոնք ուղղակի փող կմուրան, համենայն դեպս, ես չեմ հանդիպել։ Այնտեղ ընդունված է որևէ կերպ աշխատել այդ փողը՝ արտիստությամբ, կոշիկներ մաքրելով և այլն։ Երբեմն, փողոցում ձեռնածուներն այնպիսի բաներ են անում, որ նույնիսկ կրկեսի արտիստը չի կարողանում:

հայկական եկեղեցի

Բրազիլիայում շաքարեղեգից շատ բան են սարքում: Բրազիլիան համարվում է աշխարհում երկրորդը, որտեղ դրանից վառելիք են ստանում` էթանոլ, մեքենաների մեծ մասը դրանով է աշխատում:

Սան Պաուլոյում խցանումներից խուսափելու համար հատուկ համակարգ են մշակել: Երկու տեսակի համարանիշեր կան. զույգ համարանիշով կարող ես մեքենան վարել երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, իսկ կենտ համարանիշով՝ երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ: Դա արվում է, որպեսզի երթեւեկությունը մի քիչ թեթեւանա, բայց շատ մարդիկ երկու մեքենա են գնում:

Ռիոյում՝ փետրվարին, տեղի է ունենում հանրահայտ Կառնավալը, որի ընթացքում սամբայի դպրոցները մրցում են, իսկ այդ դպրոցները Կառնավալին պատրաստվում են մի ամբողջ տարի: Մենք գնացինք այդ դպրոցներից ամենամեծն ու տեսանք փորձերը, որոնք մինչեւ գիշերը 3-4-ն են տեւում: Տեսանք, թե ինչպես են 85-90 տարեկան տատիկներն ու պապիկները սպիտակ կոստյումներով ամբողջ գիշեր պարում։ Շատ հաճախ տարեց մարդկանց հանդիպում էինք նաև ծովափնյա ակումբներում։ Կյանքը նրանց համար հաճելի է, չեն մտածում, որ կյանքն այդ տարիքում ավարտվում է, վայելում են յուրաքանչյուր պահը:

«Հայի աչքերով». Բրիտանիայում փակ ակումբներ կան, որոնց անդամ կարող են լինել միայն արիստոկրատները

«Հայի աչքերով». Գերմանացիները դեմ չեն երբեմն կոտրել համակարգը եւ վայելել պահը

«Հայի աչքերով». Չեխերը սիրում են սեւ հումորը, կարող են կատակել անգամ դժբախտ պատահարի մասին

«Հայի աչքերով». Իտալացիները ձեւեր չեն թափում, գրեթե անմիջապես «դու»-ի են անցնում եւ անձնական հարցեր տալիս

«Հայի աչքերով».Կորեացիները արձակուրդ հասկացությունը չունեն – հանգստի ժամանակ չկա 

«Հայի աչքերով». Ամեն հինգշաբթի Ամստերդամի բնակիչները փողոց են դուրս բերում անպետք իրերը

«Հայի աչքերով». Կարեւոր էր Ցեղասպանության թեմայով մագիստրոսական ատենախոսությունը հենց Թուրքիայում պաշտպանել 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ