News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

NEWS.am–ը ներկայացնում է «Հայի աչքերով» նախագիծը, որի շրջանակներում թղթակից Անի Աֆյանը հարցազրույցների շարք է նախապատրաստել, որտեղ աշխարհի տարբեր երկրներում ապրող կամ ապրելու կենսափորձ ունեցող երիտասարդ հայերը պատմում են տեղի բնակչության կենցաղի, սովորույթների ու ավանդույթների մասին։

Անդրանիկ Այվազյան, 28 տարեկան: Կրթությամբ քաղաքագետ է: Հետաքրքվում է բանավեճերով: Արդեն 7 տարի ապրում է Նիդերլանդներում եւ ազատ ժամանակ զբաղվում հայկական համայնքի զարգացման հարցերով: Աշխատում է Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում խոշոր պարենային ընկերության զարգացման գծով մենեջեր: Երազում է Հայաստանը տեսնել առաջատար երկրների շարքում եւ մոտ ապագայում մտադիր է վերադառնալ Երեւան:

Նիդեռլանդներում իմ կյանքի մասին մի ամբողջ գիրք կարելի է գրել:

Երբ նոր էի եկել, առաջին երեք շաբաթն անդադար անձրեւ էր գալիս: Կարող եք պատկերացնել՝ ինչ էի զգում այդ ժամանակ։

Հոլանդացիները գրեթե կանեփ չեն օգտագործում եւ Կարմիր լապտերների փողոց չեն գնում:

Մարիխուանա կարելի է ձեռք բերել միայն սուրճի խանութներում:

Կանայք տղամարդկանցից ավելի են ծխում եւ ծխախոտը հենց փողոցում նետում են: Նման բան զարգացած Եվրոպայում չէի սպասում:

Եթե ուզում ես «յուրային» համարվել, պետք է անպայման նարնջագույն համազգեստ ունենաս, առաջնությունների ժամանակ խելագարի պես հետեւես ֆուտբոլի խաղերին եւ շատ գարեջուր խմես:

Այստեղ գարեջուր են նախընտրում, թունդ խմիչքը նրանց համար չէ:

Հոլանդացիները ձեզ չեն հասկանա, եթե մինչեւ երեխայի ծնվելը հարցնեք, թե ինչպես եք նրան կոչելու: Նրանք դա գաղտնի են պահում:

Այստեղ ինձ համար ամենամեծ փորձությունը նոյեմբերից մինչեւ մարտ մռայլ օրերը հաղթահարելն է:

Շարքային հոլանդացիների կյանքն ինձ շատ տխուր է թվում: Աշխատանքից հետո նրանք տարբեր ցածրարժեք ինտելեկտուալ հաղորդումներ են դիտում եւ ժամը 10-ին պառկում են քնելու: Նրանք հազվադեպ են շփվում արտաքին աշխարհի հետ: Գուցե եղանակն է նրանց այդպիսին դարձրել, իսկ գուցե՝ պատմությունը, չգիտեմ:

Հոլանդացիները սիրում են հայհոյել: Նույնիսկ երեխաները՝ ծնողների ներկայությամբ:

Հայ համայնքը մեծ չէ, եւ հայերի մասին այստեղ քիչ բան գիտեն: Ի դեպ՝ «միջին» հոլանդացին աշխարհագրությունից թույլ է: Քարտեզի վրա Ուզբեկստանը կարող են Սերբիայի կողքին փնտրել: Նման դեպքերը շատ են:

Երբեմն թվում է, որ հոլանդացիները ֆերմերների բազմություն են, որոնք հայտնվել են ապահովված երկրում: Մարդիկ հիմնականում գավառական մտածողություն ունեն:

Հոլանդացիներն ամենաշատը սուրճ են խմում: Հիմնականում՝ ոչ այնքան որակյալ: Ամբողջ երկիրը նաեւ էժանագին թեյ է խմում:

Պրագմատիզմ ու կարգապահություն. ահա թե ինչ կարելի է նրանցից սովորել: Իսկ ընդհանրապես հոլանդացիները սառը ժողովուրդ են:

Մայիսի 4-ին՝ Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակի օրը, երկրում ամեն ինչ երկու րոպեով կանգ է առնում:

Հոլանդացիները կօգնեն: Ե՛վ հյուրանոցում, ե՛ւ կայարանում, ե՛ւ պարզապես փողոցում: Նրանք նվազագույն մակարդակով պահում են շփումը, բայց սահմանն անցնել պետք չէ:

Նրանք մեծ պատուհաններով տներ են կառուցում: Հիմնականում դա անում են արեւի լույսի պակասի պատճառով: Բացի այդ՝ այստեղ ընդունված չէ պատուհանի վարագույրներն իջեցնել: Դա գալիս է կալվինիզմի ժամանակներից: Այդպիսով նրանք ցույց են տալիս, որ թաքցնելու բան չունեն: Թող բոլորը տեսնեն, թե որքան համեստ են նրանք ապրում: Սակայն ոչ մի հոլանդացու մտքով չի անցնի պատուհանից ներս նայել: Դա անձնական կյանք ներխուժում կդիտվի:

Տան ներսում աստիճաններն այնքան նեղ են, որ անհնար է կահույք բարձրացնել: Օրինակ՝ բազմոց: Նրանք մինչեւ հիմա մեծածավալ իրերը պատուհանից են տուն մտցնում:

Հոլանդական տանը զուգարանի՝ ամենաշատ գործածվող սենյակի դռանը, օրացույց է փակցված, որի վրա նշված են հարազատների եւ մտերիմների ծննդյան օրերը, որ հանկարծ չմոռանան: Նրանք շատ ուշադիր են այդ օրվա հանդեպ:

Ամեն հինգշաբթի Ամստերդամի բնակիչները դուրս են բերում եւ փողոցում են թողնում այն ամենը, ինչ իրենց այլեւս պետք չէ: Դա կարող է լինել՝ ինչ ասես. պահարաններ, փափուկ կահույք, սառնարան, հայելի, փոշեկուլ, լուսամփոփ: Շատերը գալիս ու անվճար վերցնում են այն, ինչ իրենց հարկավոր է: Ինչ մնում է, տանում է քաղաքապետարանի հատուկ մեքենան:

Մինչեւ հիմա չեմ կարողանում վարժվել, որ Նիդեռլանդները հարթ երկիր է: Սկզբում նույնիսկ հետաքրքիր էր, իսկ հիմա իսկապես կարոտում եմ լեռները:

«Հայի աչքերով». Բրիտանիայում փակ ակումբներ կան, որոնց անդամ կարող են լինել միայն արիստոկրատները

«Հայի աչքերով». Գերմանացիները դեմ չեն երբեմն կոտրել համակարգը եւ վայելել պահը

«Հայի աչքերով». jeito do brasil, կամ կյանքը հիասքանչ է, ո՞ւր ես շտապում

«Հայի աչքերով». Չեխերը սիրում են սեւ հումորը, կարող են կատակել անգամ դժբախտ պատահարի մասին

«Հայի աչքերով». Իտալացիները ձեւեր չեն թափում, գրեթե անմիջապես «դու»-ի են անցնում եւ անձնական հարցեր տալիս

«Հայի աչքերով».Կորեացիները արձակուրդ հասկացությունը չունեն – հանգստի ժամանակ չկա 

«Հայի աչքերով». Կարեւոր էր Ցեղասպանության թեմայով մագիստրոսական ատենախոսությունը հենց Թուրքիայում պաշտպանել 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ