News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

NEWS.am–ը ներկայացնում է «Հայի աչքերով» նախագիծը, որի շրջանակներում թղթակից Անի Աֆյանը հարցազրույցների շարք է նախապատրաստել, որտեղ աշխարհի տարբեր երկրներում ապրող կամ ապրելու կենսափորձ ունեցող երիտասարդ հայերը պատմում են տեղի բնակչության կենցաղի, սովորույթների ու ավանդույթների մասին։

Արմինե Համբաձումյան, 26 տարեկան։ Կրթությամբ լեզվաբան է։ Հետաքրքրված է կորեերենով ու կորեական մշակույթով, ազատ ժամանակ ճամփորդում է։ 
Կես տարի ապրել է Հարավային Կորեայում եւ սովորել Սեուլի պետական համալսարանում։ Աշխատում է Երեւանի զբոսաշրջային գործակալություններից մեկում։

Կորեայում ապրելով կարելի է ամեն օր ինչ–որ մի բանի վրա զարմանալ: Բայց ինձ համար ամենազարմանալի ու տարօրինակն այն էր, երբ առաջարկեցին միրգ ուտել, և պարզվեց՝ դա ուղղակի լոլիկ է: Շատերի համար այն միրգ է համարվում: 

Երբ առաջին անգամ կորեերենի դասի ժամանակ ներկայանում էի.
Ես: Բարև Ձեզ, ես ժամանել եմ Հայաստանից (Armenia, խմբ.)
Ուսուցչուհի: Անունդ ի՞նչ է:
Ես: Արմինե: 
Ուսուցչուհի: Անունդ եմ հարցնում, այլ ոչ թե որտեղից ես:

Կորեայում գտնվելուս ընթացքում շատ ընկերներ ունեի, որոնք անունս ու երկրիս անունը չէին կարողանում տարբերել: Եվ երբեմն Արմինեի փոխարեն Armenia կամ Արմենի էին ասում։ 

Հայաստանի մասին տարիքով մարդիկ միայն գիտեն, որ ժամանակին եղել է Սովետական Միության երկրներից մեկը և վերջ: Իսկ ահա երիտասարդությունը կարելի է ասել ոչին չգիտի: Նրանք անգամ զարմանում էին, երբ ասում էի ժամանել եմ Հայաստանից: Նման երկրի անուն անգամ չէին լսել: 

Հիշում եմ մի դեպք, երբ Սեուլի մետրոյում էի, մի մարդ մոտեցավ ինձ և հայերենով հարցրեց արդյոք ես հայ եմ: Այնքան էի զարմացել ու ականջներիս չէի հավատում, քանի որ այդ մարդը կորեացի էր և նման բան չէր կարող լինել: Եվ երբ ասացի «այո», և այդ ինչպես հասկացավ որ ես հայ եմ, նա պատասխանեց, որ Ռուսաստանում շատ հայ ընկերներ ունի և արդեն հեռվից հեռու կարողանում է ամբոխի միջից ճանաչել հայերին և հասցրել էր մի երկու բառ սովորել: Այնքան ուրախ էի, որ վերջապես մեկը ինձ ասաց հայ ես, այլ ոչ թե այլ երկրի ներկայացուցիչի տեղ դրեց: 

Կորեայում հայերը շատ չեն, բայց կան: Հատկապես հարավկորեական «Սամսունգ» կազմակերպությունից հրավիրում են իրենց մոտ աշխատելու: 

Ես այնտեղ ինձ ապահով էի զգում, ինչպես Հայաստանում, ինչը չեմ կարող ասել Եվրոպայի մասին: 

Ինձ համար ամենամեծ փորձությունն այն էր, որ ստիպված էի ամեն օր ճաշելիս օգտագործել փայտիկներ: 

Եթե այցելես ավանդական ռեստորան, ապա պետք է հատակին նստես: Իսկ ժամանակակից ռեստորաններում այլ է: Ինչպես մենք, այնպես էլ իրենք նստում են աթոռին:  

Կորեացիները չեն հասկանա ձեզ, եթե հանկարծ կոշիկներով փորձեք մտնել տուն կամ էլ ավանդական ռեստորոն: Նրանք կստիպեն հանել կոշիկները: 

«Ինչպե՞ս են գործերդ» հարցի փոխարեն կորեացիները հարցնում են. «Լա՞վ ես կերել»: Դա ուղղակի ողջույնի մի ձև է, և նրանց չի հետաքրքրում, թե դու իսկապես ճաշել ես, թե ոչ: 

Դժվար է պատկերացնել կորեացու կյանքն առանց սուրճի: Անգամ երգ էլ ունեն սուրճին նվիրված: 

Շատ են սիրում երգել և՛ ուրախ ժամանակ, և՛ տխուր: Դրա համար էլ ամեն քայլափոխի կարելի է գտնել կարաոկե: Բայց նրանց կարաոկեներն տարբերվում են մեր պատկերացրածից։ Փոքրիկ առանձնացված սենյակներ են, որտեղ կարող ես հանգիստ երգել, քեզ ոչ ոք չի տեսնում ու չի լսում։ 

Ըստ կորեացիների, երբ մարդ ծնվում է, արդեն մեկ տարեկան է: Դրա համար էլ, երբ ինձ հարցնում են, թե քանի տարեկան եմ, նախընտրում եմ ասել, թե որ թվականին եմ ծնվել, քան մեկ տարի ավել նշել: 

Եվ սովորության համաձայն հանդիպելիս միշտ հարցնում են մարդու տարիքը: Այդպես իմանում են՝ պետք է խոսել խոսակցակա՞ն, թե՞ հարգալից ոճով: Եթե դիմացինը թեկուզ մի քանի ամիս է իրենից մեծ, մինչև նրանից չստանաս թույլտվություն, իրավունք չունի խոսել «դու»-ով: Դա անքաղաքավարություն է:  

Եթե մտերիմ ծանոթներ չեն, ապա իրավունք չունեն դիմացինին անունով դիմելու: Կորեերենում «դու կամ Դուք» դերանունն այդքան էլ չի օգտագործվում: Փոխարենը տղաներն իրենցից մեծ տղաներին դիմելիս ասում են «հյոնգ» այսինքն մեծ եղբայր, աղջկան՝ «նունա» մեծ քույր: Աղջիկն իրենից մեծ տղային դիմում է «օպա» մեծ եղբայր, աղջկան՝ «օննի» մեծ քույր: Ընդունված է նաև անվան վերջում ավելացնել «սի» մասնիկը կամ էլ, եթե պաշտոնն է նշվում,  ավելացնել «նիմ» մասնիկը: Նույնը վերաբերում է արտասահմանցիներին դիմելուն: 

Տարիքով  կամ էլ քեզանից պաշտոնով բարձր մարդուն հանդիպելուց հարկավոր է մի փոքր խոնարհվել նոր բարևել: Եվ սովորության համաձայն՝ ձախ ձեռքով բռնում են իրենց աջ ձեռքի նախաբազկից ու նոր դիմացինի ձեռքը սեղմում: Կամ էլ ձախ ձեռքը դնում են կրծքին ու նոր բարևում: 

Բոլոր կորեացիների ազգանուններն ընդամենը մեկ վանկ է: Հայտնի ազգանուններից են «Լի», «Փարք», «Բեկ», «Չոյ»: Իսկ  անունը հիմնականում կազմված է երկու վանկից: Նույն ընտանիքի անդամ երեխաների անուններում մի վանկն անպայման կրկնվում է:

Երբ առաջին անգամ այնտեղ էի, կարծում էի, որ ծխողներ չկան: Բայց հետո իմացա, որ ծխելու համար հատուկ վայրեր կան նախատեսված: Հիմա արդեն փորձում են ծխելու դեմ պայքարել՝ ծխախոտը թանկացնելով: Հասարակության մեջ ծխելն արգելված է. անգամ տրանսպորտային միջոցներում երբեք չես հանդիպի ծխող վարորդների:

Նրանք չեն սիրում, երբ կարմիր գույնով ինչ–որ բան է գրված լինում, հատկապես մարդու անունը, քանի որ միայն մահացածների անուններն են այդ գույնով գրում:  

Չեն սիրում նաև «4» թիվը: Ասում են «4» թիվը հնչում է այնպես, ինչպես «մահ» բառի չինական հիերոգլիֆը։ 

Տղաներն աղջիկներին հավասար օգտագործում են խնամքի միջոցներ: Այդքան էլ հաջող մաշկ չունենալու պատճառով ստիպված են դրանցով թաքցնեն դեմքի խնդիրները: 

Կորեացիների մեծամասնությունը տեսողական խնդիրներ ունի: Բայց Կորեայում աչքի վիրահատությունը բավականին զարգացած է, և շատերն են վիրահատում: Երբեմն էլ կարելի է հանդիպել կորեացիների, որոնք կրում են առանց ապակիների ակնոցներ, այսինքն՝ միայն շրջանակ: Նրանք կարծում են, որ դա գեղեցիկ է և ժամանակակից:

Շատ են սիրում խմել: Հատկապես աշխատանքից հետո սրճարաններում շատ կորեացինների կհանդիպես խմելիս: Ասում են, որ շատ բարդ է այնտեղի կյանքը, և սթրեսի շատ հաճախակի են ենթարկվում, խմիչքն էլ նրանց օգնում է մի քիչ մոռանալ օրվա ծանրաբեռնվածությունը:

Նրանց հայտնի խմիչքներից է սոջուն, որի ալկոհոլային թնդությունը ընդամենը 18 աստիճան է: Շատ են սիրում խմել գարեջուր: Ասեմ ավելին՝ կարող եք հանդիպել մարդկանց, որոնք սիրում են գարեջուրն ու սոջուն խառնել իրար և այդպես խմել:

Այնտեղ չես կարող հանդիպել այն կաթնամթերքի տեսականուն, ինչը մենք ունենք: Իրենց մոտ ավելի շատ է յոգուրտների տեսականին, և կաթը այն կաթը չէ, որը մենք ունենք: Այնտեղ կարելի է տեսնել նաև ելակի, շոկոլադե կամ էլ բանանի կաթ: 

Նրանք չունեն «արձակուրդ» հասկացություն: Հանգստի համար ժամանակ չկա և միայն ջանասիրաբար աշխատում են: Եթե անգամ հանգիստ էլ ունենում են, շատ կարճ` մեկ կամ երկու օր: Շատ մարդիկ հանգստի փոխարեն նախընտրում են աշխատել, և իհարկե ամեն մի հավելյալ ժամանակի դիմաց վարձատրվում են: Կարող ես հանդիպել այնպիսի մարդկանց, որոնք անգամ կարող են աշխատանքի վայրում լուսացնել, բայց միայն թե ժամանակին ավարտին հասցնեն աշխատանքը: Դրա համար էլ այսօր Կորեան ոչ թե տարիների ընթացքում է զարգանում, այլ ժամ առ ժամ: 

Կորեացիները, կարելի է ասել, երբեք չեն ուշանում: Եվ սիրում են ամեն ինչ անել ժամանակին և որքան հնարավոր է արագ:

«Հայի աչքերով». Բրիտանիայում փակ ակումբներ կան, որոնց անդամ կարող են լինել միայն արիստոկրատները

«Հայի աչքերով». Գերմանացիները դեմ չեն երբեմն կոտրել համակարգը եւ վայելել պահը

«Հայի աչքերով». jeito do brasil, կամ կյանքը հիասքանչ է, ո՞ւր ես շտապում

«Հայի աչքերով». Չեխերը սիրում են սեւ հումորը, կարող են կատակել անգամ դժբախտ պատահարի մասին

«Հայի աչքերով». Իտալացիները ձեւեր չեն թափում, գրեթե անմիջապես «դու»-ի են անցնում եւ անձնական հարցեր տալիս

«Հայի աչքերով». Ամեն հինգշաբթի Ամստերդամի բնակիչները փողոց են դուրս բերում անպետք իրերը

«Հայի աչքերով». Կարեւոր էր Ցեղասպանության թեմայով մագիստրոսական ատենախոսությունը հենց Թուրքիայում պաշտպանել 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ