News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հրազդանցի 36-ամյա Քրիստինե Հակոբյանն ու բազմանդամ ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում:

Քիրստինեն երեք որդի ունի` 15, 14 և 8 տարեկան, նրանցից երկուսն ունեն բնածին հաշմանդամություն: Ամուսինը ևս հաշմանդամություն ունի, սկեսրայրը 80 տարեկան է, թոշակառու: Քրիստինեն NEWS.am- ի հետ զրույցում պատմեց, որ ընտանիքում ոչ ոք չի աշխատում:

«Ամուսինս կաթված է ստացել փոքր ժամանակ, ոչ կարողանում է իր ձեռքով ուտել, ոչ հագնվել, ոչ աշխատել: Գիտակցաբար ամուսնացել եմ, ցանկացել եմ խնամել նրան, երազել եմ երեխաներ ունենալ ու նրանց համար ապրել, բայց չէի կարող մտածել անգամ, որ երեխաներս էլ հաշմանդամություն կունենան: Նարեկս 8 տարեկան էր, երբ զգացի, որ մեջքի թեքություն ունի, Արամայիսի մոտ ավելի ուշ եմ նկատել»,- պատմեց Քրիստինեն:

Քիրիստինեի երկու երեխաների` Արամայիսի և Նարեկի մոտ ախտորոշվել է բնածին սկոլիոզ: Թե որն է այս հիվանդության պատճառը, բժիշկներն էլ չգիտեն. «Բժիշկներն ասել են` պիտի սպասենք, ոսկորների աճը դադարի, հետո հասկանանք` վիրահատության կարիք կա, թե ոչ: Իսկ հիմա երեխաները կորսեթ են կրում: Փոքրիս համար էլ էի վախենում, դրա համար տարա ստուգման, ինքն էլ պարզվեց` կոնքերի ու ոտքերի խնդիր ունի»:

Երիտասարդ կնոջ ընտանիքը գոյատևում է ամուսնու, տղայի հաշմանդամության նպաստով եւ սկեսրայրի կենսաթոշակով, սակայն միեւնույնն է` տարրական կարիքները չեն կարողանում հոգալ, քանի որ գումարի մեծ մասը հիվանդանոցների վրա են ծախսում:

«Պարտքերս են կուտակվել, մոտ 500 հազար դրամի չափով, հիմնականում հիվանդանոց  գնալ-գալուց, բացի դրանից երեխաներս դպրոց են գնում, ստիպված գնում եմ շորերը, սնունդը պարտքով վերցնում եմ, որ երեխաներս հին շորերով չգնան դպրոց: Գազն արդեն անջատել են, մի մասը քիչ-քիչ տվել եմ, բայց դեռ 80 հազար դրամ պարտք եմ ու չեմ կարողանում վճարել: Նույնիսկ ձմռան փայտը չեմ կարողացել առնել, մի քիչ կար, մի ամիս վառեցինք ու հիմա սկեսրայրս այստեղից-այնտեղից ծառի ճյուղեր է բերում, որ վառենք, գոնե երեխեքս ցուրտ տեղ չնստեն: Եթե պարտքերիցս թեթևանայի, էլի ոչինչ, թոշակով, նպաստով յոլա կգնայինք. Ես էլ ինչ գործ պատահում է, անում եմ, փուռ եմ գնում, աշխատում, բայց փոքր տղաս երկրորդ դասարան է, պիտի դպրոց գնամ, տուն բերեմ ու միշտ չէ, որ կարողանում եմ աշխատել: Ինձ ասում են` ինչի չես ծիծաղում, ո՞նց ծիծաղեմ էսքան խնդիրների մեջ»,- ասաց երեխաների մայրը:

Ընտանիքի երեխաներն իրենց ցանկություններում շատ զուսպ էին. ուզում էին առողջ լինել, մեծ տղաները միայն համակարգիչ էին ուզում, իսկ ամենափոքրը` 8-ամյա Գարիկը, հեծանիվ, բայց  ամենաշատը` տորթ:

Քրիստինե Հակոբյանի հետ կարող եք կապ հաստատել հետեւյալ հեռախոսահամարով` 077517903:

Տպել
Ամենաշատ