Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել «Ծառուկյան» դաշինքի տարածքային թեկնածու Լյովա Խաչատրյանի նախընտրական շտաբի պետի դանակահարելու դեպքի վերաբերյալ:

Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության՝ մարտի 19-ին ահազանգ է ստացվել առ այն, որ  կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ «Ապարանի բժշկական կենտրոն» են տեղափոխվել Ա.Ասատրյանը եւ Մ.Հովսեփյանը:

Նախնական քննությամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 22:50-ի սահմաններում Երեւան-Վանաձոր մայրուղու Շենավան-Հարթավան գյուղերի խաչմերուկում չնչին հարցերի շուրջ առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ մարմնական վնասվածքներ են ստացել Քուչակ եւ Արայի գյուղի բնակիչները. երկու անձ մարմնական վնասվածք է ստացել բութ գործիքով, երկու անձ՝ կտրող-ծակող առարկայով հասցված հարվածների հետեւանքով։ Վիճաբանության արդյունքում խաթարվել է մայրուղու երթեւեկությունը͵ նույն վայրում գործող գազալցակայանի բնականոն աշխատանքը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասն 1-ին կետի հատկանիշներով։

Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները͵ մասնակիցների ինքնությունը պարզելու͵ նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Ավելի վաղ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել էին, որ մարտի 19-ին, ժամը 23:30-ին, «Ապարանի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով իրենց մոտ են տեղափոխվել Արամ Ասատրյանն ու Մանուկ Հովսեփյանը:

Նրանք վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից ստացել են կտրած-ծակած վերքեր: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: