Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել ենախօրեին Աջափնյակում իրենց քարոզչությունը խոչընդոտելու փաստի առիթով։
«Քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում տվեցի երեկ Աջափնյակում մեր քարոզչությունը խոչընդոտելու փաստի առիթով և տվեցի մանրամասն բացատրություններ։
Քարոզչությունը խոչընդոտած անձը երեկ բերման է ենթարկվել, ընթանում է հետաքննություն»,-գրել է նա facebook-ի իր էջում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 23-ին, Աջափնյակում «Ելք» դաշինքի քարոզարշավի ժամանակ միջադեպ է գրանցվել. 15-րդ թաղամասում՝ Բաշինջաղյան 1 շենքի մոտ «Ելք» դաշինքի անդամները քարոզչություն իրականացնելիս են եղել, երբ Գուրգեն անունով մի տղամարդ փորձել է մեքենայով մուտք գործել շենքի բակ։
Նիկոլ Փաշինյանը իր կողմնակիցներին հորդորել է ճանապարհ տալ մեքենային, սակայն վարորդը դուրս է եկել մեքենայից եւ սկսել գոռգոռալ. «Սա իմ քուչան ա, դուք չեք կարող փակել մեր փողոցը»։ Նա նաեւ քաշքշուկ է սկսել քարոզարշավի մասնակիցների հետ։
Միջամտել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իրենց իրավունքն է քարոզաշավ անել Երեւանի ցանկացած թաղամասում, սակայն ոմն Գուրգենը արդրվելի է եղել՝ պնդելով, թե իր «քուչա» չեն կարող մտնել։
Փաշինյանը զանգահարել է ոստիկանություն ու միջադեպի կապակցությամբ հաղորդում է տվել։