News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Հայաստանի զորամասերից մեկի մարտական դիրքում ժամկետային զինծառայող է վիրավորվել: Հրազենային վիրավորում ստացած կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ նախնական տվյալներով, Մեսրոպյանը վնասվածքը ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով: Քրեական գործ է հարուցվել:

Իսկ Արցախի զորամասերից մեկի մոտ ջրամբարում ջրահեղձ եղած զինծառայող Ռուբեն Մնացականյանի մարմինը դեռեւս չեն գտել: Որոնողական աշխատանքները շարունակվում են: Հիշեցնենք, որ մայիսի 8-ի առավոտյան ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետեւանքով զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել պաշտպանության բանակի զինծառայողներ Ռուբեն Բարսեղյանը Ռաֆայել Բիշարյանը եւ Ռուբեն Մնացականյանը: Բարսեղյանի եւ Բիշարյանի մարմինները հայտնաբերել են:

Ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի զինված զավթման գործով 14 մեղադրյալների մասով քրեական գործն ուղարկվել է դատարան: Հայտնի են սպանությունների մեջ մեղադրվողները. նրանք են Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը: Հարուցված քրեական գործից 14 մեղադրյալների վերաբերյալ անջատված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ հարձակման ընթացքում Արմեն Բիլյանի կողմից արձակված կրակոցից սպանվել է գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, իսկ Սմբատ Բարսեղյանի կողմից սպանվել է գնդապետ Արթուր Վանոյանը: Հուլիսի 30-ին էլ Բարսեղյանի կողմից սպանվել է ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանը: Երկու ոստիկանի սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանի փաստաբան Հայկ Ալումյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Բարսեղյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Ադրբեջանական սադրանք Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում: Մայիսի 9-ին Ռուսաստանի մայրաքաղաքում Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակին կազմակերպված «Անմահների գունդ» երթի ժամանակ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ միջադեպ է տեղի ունեցել: Ըստ տեղեկությունների՝ այն հրահրել են երթի ադրբեջանցի մասնակիցները, որոնք վրդովվել են Արցախի դրոշի առկայությունից: Ռուսաստանի հայերի միության տեղեկացմամբ՝ սադրիչները Համառուսական ադրբեջանական կոնգրես կազմակերպության ներկայացուցիչներն են եղել, որի գործունեությունը Ռուսաստանի արդարադատության նախարարության կողմից դադարեցված է:

Նման միջադեպ է տեղի ունեցել նաեւ Պետերբուրգում: Ադրբեջանցիները փորձել են խանգարել Արցախի դրոշով ընթացող հայերի երթը եւ ծեծկռտուք սարքել: Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսարանը հաստատել է լուրը: Սադրանքի արդյունքում 6 ադրբեջանցի է ձերբակալվել:

Նորաշենի գյուղապետի մեքենայի ուղղությամբ կրակահերթ արձակելու մեջ կասկածվողների ինքնությունը հայտնի է, նրանք հետախուզվում են: Միջազգային հետախուզում է հայտարարվել 39-ամյա Ռոլանդ Գալուստովի, 23-ամյա Ռոբերտ Գալստյանի, 28-ամյա Արթուր Նազարյանի եւ 28-ամյա Դերենիկ Սիմոնյանի նկատմամբ: Մայիսի 3-ի երեկոյան Արտաշատ քաղաքից Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին նրանք «Լադա Պրիորա» ավտոմեքենայով փակել են Նորաշենի համայնքապետարանի վարորդ Կարեն Ղազարյանի վարած «ՎԱԶ 2107»-ի ճանապարհը եւ կրակահերթ արձակել նրա եւ ուղեւորի՝ Նորաշենի գյուղապետ Նորայր Գրիգորյանի ուղղությամբ: Վարորդը վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Կրակողները դեպքի վայրից փախուստի են դիմել:

Սյունիքի մարզում ավտովթար է տեղի ունեցել: Երեւան-Մեղրի ավտոճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ 21013» եւ Opel Vectra մակնիշների մեքենաները: Վթարի հետեւանքով 8 մարդ, այդ թվում երկու երեխա՝ 4 եւ 9 տարեկան Արմինե եւ Ալվարդ Մարտիրոսյանները, վնասվածքներով Գորիսի հիվանդանոց են տեղափոխվել: Ըստ տեղեկությունների՝ վարորդներն ու հիվանդանոց տեղափոխված 46-ամյա Էդիկ Գրիգորյանը զինվորական են:

Եվս մեկ խոշոր վթար տեղի է ունեցել Արարատի մարզում: Երեւան-Մեղրի ավտոճանապարհի՝ Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում բախվել են Opel եւ Mercedes մակնիշների ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով Opel-ի վարորդը՝ 40-ամյա Լաերտ Գրիգորյանը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Մայիսի 10-ին արտարժույթի շուկայում գրանցվել են հետեւյալ փոխարժեքները. դոլարն ու եվրոն էժանացել են՝ կազմելով, համապատասխանաբար, 484 եւ 526 դրամ: Ռուբլու փոխարժեքը եղել է 8 դրամ 35 լումա, ֆունտինը՝ 627 դրամ:

Մայիսի 11-ին հանրապետության շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ անձրեւ եւ ամպրոպ է սպասվում, առանձին հատվածներում՝ կարկուտ: Օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի, իսկ հետո աստիճանաբար կբարձրանա: Երեւանում նույնպես ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +13+15, ցերեկը՝ +26+28 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ