News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Երեկ երեկոյան ադրբեջանական կողմը կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիսի ուղղությամբ: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը տեղեկացրել է, որ հակառակորդի գնդակոծության հետեւանքով վնասվել է գյուղի 2 տուն՝ մեկի տանիքը, մյուսի՝ ջրհորդանը:

Իսկ Արցախի պաշտպանության նախարարությունը ստիպված է եղել հերքել ադրբեջանական կողմի տարածած հերթական ապատեղեկատվությունը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում, իբր, արցախյան հրամանատարական դիտակետ եւ տեսադիտարկման համակարգ են ոչնչացրել: Հաղորդագրությանը նույնիսկ տեսանյութ են կցել, որն Արցախի պաշտպանության բանակում անհաջող բեմադրություն են որակել:

Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պահեստում պայմանագրային զինծառայողի դի են հայտնաբերել՝ կախված վիճակում: 36-ամյա ենթասպա Մելիք Խաչատրյանի կողքին նաեւ նամակ են գտել: Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, փորձում են պարզել Խաչատրյանի մահվան հանգամանքները:

Արցախում հակառակորդի արձակած կրակոցից հրազենային վիրավորում ստացած Ալիկ Ավանեսյանը վիրահատվել է: Չի բացառվում, որ առաջիկայում եւս մեկ վիրահատության ենթարկվի: Ժամկետային զինծառայողի վիճակը դեռ ծանր է. նա Ստեփանակերտի հոսպիտալում է, Երեւան տեղափոխվել առայժմ չի կարող: Ավանեսյանը Սյունիքի մարզի Տաթեւ համայնքից է, շուրջ մեկ տարի առաջ է զորակոչվել: Նա սոցիալապես անապահով ընտանիքից է, քույր ու եղբայր ունի:

Կառավարության առաջարկով Ազգային ժողովի հաջորդ արտահերթ նիստը գումարվելու է հունիսի 7-ին: Գործադիրը նաեւ նիստի օրակարգն է սահմանել: Իսկ մարզպետերը կզրկվեն շաբաթօրյա հանգստից: Վարչապետ Կարեն Կարապետյանը որոշել է մարզերում կառավարության անդամների մասնակցությամբ քննարկումներ կազմակերպել հրատապ լուծում պահանջող հարցերի շուրջ: Գործադիրի արտագնա նիստերի կարիք վարչապետը չի տեսնում. ամեն անգամ մարզեր կմեկնեն խնդրի համար պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները:

Զինվորական ծառայությունից խուսափած անձանց քրեական հետապնդումը կասեցնող օրենքի գործողության ժամկետը հերթական անգամ երկարաձգվել է. նոր ժամկետ է սահմանվել մինչեւ 2017 թվականի մայիսի 1-ը: Պաշտպանության նախարարը, սակայն, դեմ է այս պրակտիկային: Վիգեն Սարգսյանը մտավախություն ունի, որ սա կարող է ոչ թե խթանել Հայաստանից դուրս գտնվողների վերադարձին, այլ նպաստել երիտասարդության արտահոսքին: Նման խնդրից խուսափելու համար նախարարն առաջարկ ուներ:

Կարեն Կարապետյանն ուշադրություն հրավիրեց լաբորատորիաների գործունեության ուղղությամբ. ոչ ամբողջական եւ հակասող փորձարկումների դեպքեր են հայտնաբերվել: Պետք է ուշադիր լինել նաեւ արտահերթ ու պարբերաբար իրականացվող գնահատումների հարցում. բիզնեսը պետք է ազատություն ունենա, բայց որեւէ երկրում չվնասի մեր արտադրանքի վարկանիշին:

Այսօր նկատողություն ստանալու հերթը գյուղնախարարինն էր: Իգնատի Առաքելյանը զեկուցել է ֆերմերներին պետական սուբսիդավորման շնորհիվ ցածր գնով՝ մեկ լիտրը 314-ի փոխարեն 280 դրամով վառելիք տրամադրելու հարցը: Որոշումն ընդունվել է, բայց Կարեն Կարապետյանը զարմացել է. չենք ուշացե՞լ:

Կառավարության որոշմամբ՝ եւս մեկ երկրի քաղաքացիներ կկարողանան առանց վիզայի Հայաստան այցելել: Այս անգամ արտոնությունից կօգտվեն կատարցիները: Հայաստանի եւ Կատարի միջեւ արդեն ուղիղ չվերթ է գործում, այդ երկրից զբոսաշրջիկների թիվն աստիճանաբար ավելանում է: Շավարշ Քոչարյանը հույս ունի, որ կսկսեն ավելի շատ ժամանել նաեւ պոտենցիալ ներդրողներ ու անշարժ գույքի գնորդներ:

Այսօրվա նիստում կրկին հաստատվեց օֆշորային երկրների ցանկը։ Ֆինանսների նախարարը լրագրողների հետ զրույցում բացատրեց դրա անհրաժեշտությունը: Օֆշորների հետ գործարքները նախկինի պես չեն արգելվում։ Կառավարությունը պարզապես հետեւում է, որ երկրի ներսում գործողության պարագայում բոլոր հարկերը վճարվեն:

Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնապես Շառլ Ազնավուրին հանձնեց նրա երեւանյան կեցավայրի բանալին: Այսուհետ այն պատկանելու է «Ազնավուր» հիմնադրամին եւ դառնալու է մաեստրոյի տուն-թանգարանը։ Նախագահն ուրախ է, որ այս թանգարանը հարստացնելու է Երեւանն ու նոր լիցք է հաղորդելու մայրաքաղաքի մշակութային կյանքին: Ինքը՝ մաեստրոն, վստահեցրեց, որ «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման նախաձեռնությունը Հայաստանի ապագայի հանդեպ իր նվիրվածության վկայությունն է:

Հինգ հարկանի շենքը գտնվում է Կասկադի հարեւանությամբ: Այն ներառում է թանգարան, բացօթյա համերգասրահ՝ նախատեսված մինչեւ 150 հանդիսատեսի համար, ինչպես նաեւ Ազնավուրի կեցավայրը: Տուն-թանգարանի բացումը նախատեսվում է 2018 թվականին: Մինչ այդ, «Ազնավուր» հիմնադրամի տնօրենն այսօր պատմել է, թե ինչպիսին է այն լինելու: Ի դեպ՝ Ազնավուրի որդին՝ Նիկոլան, երեկ Տաթեւի վանական համալիրում մկրտվել է: Ազնավուրը երջանիկ է, որ որդին հավատարիմ է մնացել իր արմատներին:

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով Հայաստանում տարբեր միջոցառումներ են կազմակերպվել: Տոնական տրամադրություն էր տիրում նաեւ Ազգային ժողովի բակում: Պատգամավորները հյուրընկալել են երեխաներին, զբոսնել նրանց հետ ու լուսանկարվել: Խորհրդարանականների մաղթանքը, նաեւ ցանկությունը մեկն է. երջանկություն եւ բարեկեցիկ ապագա:

Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատուն այցելած Արտեմ Ասատրյանին էլ փորձություն էր սպասվում. նախարարը սեղանի թենիս խաղաց մանկատան սաներից Համլետի Արզումանյանի հետ ու պարտվեց:

Երեւանում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել: Բաղրամյան պողոտայում Opel մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին: Վերջինը փորձել է փողոցը հատել չթույլատրված հատվածով: Մեքենայի վարորդը՝ 30-ամյա Գրիգոր Գրիգորյանը, փախուստի չի դիմել: Վրաերթի ենթարկվածին հիվանդանոց են հասցրել, սակայն գիտակցության չգալով՝ տուժածը մահացել է:

Խոշոր վթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհին Mercedes եւ երկու Nissan մակնիշի մեքենաների բախման հետեւանքով 12 մարդ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Տուժածներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է: Mercedes-ի ուղեւորները Տավուշի Կոթի գյուղից են, Nissan մեքենաներինը՝ Կոտայքի Առինջ գյուղից:

Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ: Դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 541, ռուբլունը՝ 8 դրամ 52 լումա, ֆունտինը՝ 619 դրամ:

Հունիսի 2-ին հանրապետությունում երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Երեւանում նույնպես երեկոյան ժամերին կարճատեւ տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +10+12, ցերեկը՝ +26+28 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ