ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հույս ունի, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը կշարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ:
«Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայությանը տված հարցազրույցում, հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել ՄԱԿ-ը ԼՂ հարցով 1993-ից ի վեր իր կայացրած 4 բանաձեւերը կյանքի կոչելու համար, Բան Կի Մունը պատասխանել է. «Հույս ունեմ, որ կողմերը կշարունակեն բանակցությունները, կքննարկեն բոլոր հարցերը: Որքան ես հասկանում եմ, վերջերս բանակցային գործընթացը որոշակի ազդակ է ստացել: Հույս ունեմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը որքան հնարավոր է շուտ համաձայնության կգան խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ»:
Միաժամանակ, ես ցանկանում եմ շահագրգիռ կողմերին` Հայաստանին ու Ադրբեջանին կոչ անել ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից շփման գծում եւ հետ քաշել դիպուկահարներին, որոնք կան այդ գծում: Դա կօգնի ոչ միայն այդ երկու երկրներին, այլեւ մյուսներին, որոնք ջանքեր են գործադրում, որպեսզի նպաստեն խաղաղ բանակցություններին»: