News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

2012 թվականին չինացի ուսանողուհի Հե Յանգն ապագայի հստակ ծրագրեր ուներ՝ ավարտել Պեկինում Միջազգային հարաբերությունների համալսարանը եւ աշխատանքի անցնել Չինաստանի ԱԳՆ-ում։

Հինգ տարի անց նրա կյանքը հեռու է իր իսկ ծրագրերից։ Այժմ Հե Յանգը սովորում է Երեւանի պետական համալսարանում, որտեղ հայերեն է ուսումնասիրում, գրում է South China Morning Post-ը։

«Այն ընթացքում, երբ Պեկինը նոր աշխարհակարգ ստեղծելու հույս ունի, տաղանդների պահանջարկը, որոնք կարող են խոսել այնպիսի լեզվով, ինչպես հայերենն է, մեծանում է։ Ժամանակին աշխարհի կենտրոնը համարվող, բարբարոսներով շրջապատված Չինաստանը զբաղվում է Եվրասիայից Աֆրիկա ձգվող երկրների լեզուների ուսումնասիրությամբ»,-ասվում է հոդվածում։

Նման քաղաքականության համար խթան է հանդիսանում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի՝ հին Մետաքսե ճանապարհի առեւտրային ճանապարհները վերականգնելու նախաձեռնությունը։ Այսպիսով, կառավարության աջակցութամբ, հազարավոր չինացի ուսանողներ լեզու ուսումնասիրելու համար մեկնել են նախագծին մասնակցող երկրներ։ Չինաստանի համալսարաններում սկսել են դասավանդել ոչ միայն սովորական դարձած ֆրանսերենն ու իսպաներենը, այլեւ լեզուներ որոնց մասին մինչ այդ Չինաստանում քչերը գիտեին։

Մերի Կնյազյանը Միջազգային հարաբերությունների համալսարանում կամընտրական հայերեն է դասավանդում եւ ուսումնական հաստատությանն օգնում բակալավրիատում հայերենի ուսուցման ծրագիր մշակելու հարցում՝ իր տեսակով առաջինը Չինաստանում։ Այդ նպատակով երկու չինացի ուսանողներ լեզուն սովորելու համար Հայաստան են ժամանել՝ հույս ունենալով, որ մագիստրատուրան ավարտելուց հետո նրանք կկարողանան հայերեն դասավանդել։

«Լեզուն մեղմ ուժի մի մասն է։ Տեղացիների մշակույթը հասկանալու համար այն լավագույն գործիքն է»,-ասում է Մերի Կնյազյանը։

Դասավանդելուց բացի, Մերին փաստագրական ֆիլմերի ցուցադրություն է կազմակերպում, ներկայացնում է հայկական խոհանոցը եւ չինացի ուսանողներին պատմում Հայաստանի պատմությունը։ Նրա խոսքով՝ իր ուսանողներից ոմանց այնքան է հետաքրքրել Հայաստանը, որ այնտեղ են մեկնել՝ երկիրը սեփական աչքերով տեսնելու համար։ Իսկ վերջինների պատմածների արդյունքում հայերենի դասընթացներին մեծ թվով ուսանողներ են ներգրավվել։

Հոդվածում նշվում է, որ չինական ընկերություների համար, որոնք ձգտում են ավելի շատ ներկայացված լինել արտասահմանյան շուկաներում, դա լավ լուր է։ Սակայն ընկերություններին դա միշտ չի հաջողվում՝ մշակութային տարբերությունների պատճառով։

Թե որքանով լեզվի ուսուցմանը կնպաստեն Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ավելի մտերիմ հարաբերություները, պարզ կդառնա ապագայում։ Սակայն Հեն Յանգն արդեն այժմ է դրական արդյունք նկատում։ «Երբ հայերեն եմ խոսում, Հայաստանում մարդիկ ինձ ավելի բարյացակամ են վերաբերում։ Ես նույնիսկ մեծ զեղչեր եմ ստանում, երբ նրանց լեզվով եմ սակարկում»,- ասում է ուսանողուհին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ