News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Գլխավոր դատախազությունը հունիսի 23-ին կայացած նիստում որոշում է կայացրել փոփոխություններ մտցնել խոշտանգումների վերաբերյալ քրեական գործերի քննության մեջ: Դատախազությունն առաջարկում է կասկածյալի կամ մեղադրյալի հարցաքննությունը տեսագրել, վնասվածքով ՁՊՎ կամ ՔԿՀ մուտք գործած անձին էլ՝ անկախ բժշկի կողմից բուժզննման ենթարկել: Նշվածի վերաբերյալ NEWS.am-ի թղթակիցը զրուցել է գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանի հետ:

Պարոն Բիշարյան, խնդրում եմ, կմանրամասնեք, թե ինչ փոփոխություններ են նախատեսվում այդ որոշմամբ:

ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ կայացված վճիռների ուսումնասիրությամբ կետ առ կետ հանել ենք այն խախտումները, որոնք արձանագրվել են ՄԻԵԴ-ի կողմից: Ձեւավորել ենք հսկող դատախազների համար հատուկ հանձնարարականներ: Այդպիսով, քրեական գործը հարուցելուն պես անձը պետք է ճանաչվի տուժող, պետք է 10-օրյա ժամկետում փորձաքննության եզրակացությունը ծանոթացվի տուժողին, դատաբժշկական փորձաքննությունն անմիջապես պետք է նշանակվի: Մենք հատուկ հանձնարարական ենք տվել, որ խոշտանգումների վերաբերյալ քննվող քրեական գործերով դեպքի վայրի զննությանը մասնակցի քրեագետ, որը կարող է հայտնաբերել խոշտանգման մասին վկայող հետքեր:

Բացի դրանից, ՄԱԿ-ի հանձնարարականներում կա առաջարկություն, որ կասկածյալին կամ մեղադրյալին զննի անկախ բժիշկը: Ընդ որում, սա ենթադրում է նաեւ այնպիսի պայմաններում բուժզննում, որը կբացառի իրավապահ մարմնի աշխատակիցների կողմից լսողական վերահսկողությունը բժշկական զննման նկատմամբ: Նպատակն այն է, որ կասկածյալը կամ մեղադրյալը հնարավորություն ունենա հայտնելու անկախ բժշկին վնասվածքի ստացման իրական հանգամանքը: Ըստ միջազգային չափանիշի՝ բժշկական զննումը կարող է միայն տեսողական վերահսկման ենթարկվել իրավապահ մարմնի աշխատակցի կողմից, եթե դրա դեմ չի առարկում բժիշկը եւ պայմանավորված է բժշկի անվտանգությունն ապահովմամբ:

Հանձնաժողովն արդեն ստեղծվա՞ծ է:

Այս պահին ոչ, դրված է հանձնարարական, որ առողջապահության նախարարության, ոստիկանության, արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ քննարկենք հարցը: Երկու բաղադրիչ կա այստեղ՝ մի կողմից անկախ բժշկի կողմից բուժզննման ապահովում, մյուս կողմից լսողական վերահսկողության բացառում: Առաջինի դեպքում, ինչպես գիտենք, ՔԿՀ-ներում, ՁՊՎ-ներում բուժզննում իրականացնում է բուժակը, որն այդ գերատեսչության աշխատակից է, մենք առաջարկում ենք հետեւյալ կառուցակարգը. վնասվածքներով մուտք գործած անձին «Շտապօգնության» աշխատակիցները պետք է զննեն: Այժմ քննարկում ենք նաեւ, որ «Շտապօգնության» բրիգադներում լինեն այսպես կոչված, խոշտանգումների համար մասնագիտացված բրիգադներ:

Մյուս կողմից, պետք է այնպես անել, որ բուժզննումն իրականացվի իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից լսողական վերահսկողության բացառման պարագայում: Առաջարկում ենք առանձնացնել բուժզննման համար հատուկ սենյակներ, որոնք կկահավորվեն միակողմանի տեսանելիությամբ ապակիներով:

Կոլեգիայի որոշմամբ առաջարկվում է նաեւ տեսագրել կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությամբ քննչական գործողությունները: Մենք կարողացել ենք հստակ պարզել՝ խոշտանգում տեղի ունեցել է, կամ հակառակը՝ անձը սուտ մատնություն է կատարել, եթե ունեցել ենք տեսագրություն: ՄԱԿ-ի հանձնարարականներում կա հստակ պահանջ, որ պետք է քննչական գործողությունները պարտադիր տեսագրվեն, սենյակները զինվեն տեսագրող սարքերով եւ տեսագրությունները պահպանվեն տեւական ժամանակ: Թեեւ ՄԱԿ-ի հանձնարարականը կա, դրա կատարումը ենթադրում է օրենսդրական փոփոխություն: Քանի որ դա օրակարգային հարց էր մեզ համար, մինչեւ օրենսդրական մակարդակով հարցի լուծումը, առաջարկել ենք ձեւավորել հետեւյալ կառուցակարգը. եթե կասկածյալը կամ մեղադրյալը չունի պաշտպան, նրան բացատրվում է, որ հնարավոր է քննչական գործողությունը տեսագրել, եւ նա ցանկանում է, որ այն տեսագրվի, նախաքննության մարմիններին անպայման տեսագրել, որ կարողանանք հետագայում պարզել՝ խոստովանական ցուցմունք տված անձն իր կամքով է հայտնում դեպքին ծանոթ դրվագներ, թե ենթադրյալ խոշտանգման հանգամանքներում:

Պարոն Բիշարյան, քաղաքական գործերով՝ «Սասնա ծռերի», Սեֆիլյանի ու մյուսների, շատ են ահազանգերը, հաղորդումները, որ դատարաններում ամբաստանյալները խոշտանգումների են ենթարկվում: Կոլեգիայի որոշումը որեւէ կերպ անդրադառնո՞ւմ է նաեւ այդ դեպքերը բացառելու վրա:

Նախ, ես այդ գործերը քաղաքական չէի բնութագրի, ինչ վերաբերում է ահազանգերին, բոլոր ահազանգերին համարժեք արձագանք է տրվում եւ ցանկացած առերեւույթ խոշտանգման կամ բռնություն գործադրելու դեպքի կապակցությամբ քննություն է իրականացվում: Այսինքն Կոլեգիայի որոշումն ի՞նչ խնդիր է լուծելու: Արդեն ասացի, մենք արդյունավետ քննության ապահովման կոնկրետ պահանջներ ենք ձեւավորել, դրանք հասցեագրել ենք նախ եւ առաջ հսկող դատախազներին, որոնց միջոցով պետք է ապահովվի քննիչների կողմից այդ չափանիշներին համապատասխան քննությունը:

Խնդրի լուծման համար հնարավո՞ր է դատարանների այն սենյակներում, որտեղ ամբաստանյալներն են պահվում, տեղադրվեն տեսախցիկներ:

Նման առաջարկ Կոլեգիայի որոշմամբ արված չէ, նման խնդիր մենք քննարկման առարկա չենք դարձել, բայց ցանկացած տեսակի բռնության վերաբերյալ հաղորդման կապակցությամբ մենք խոշտանգումների վերաբերյալ արդյունավետ քննություն բոլոր միջոցները կիրառում ենք:

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք NEWS.am-ի տեսանյութում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ