Երեւանում սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած ողբերգական վթարի գործով մեղադրյալներից, «Համերի» վարորդ Արթուր Հակոբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այս մասին NEWS.am-ին ասաց 23-ամյա երիտասարդի պաշտպան Հովիկ Արսենյանը:

«Գառնիի Սուրիկի Լավաշի» սեփականատիրոջ թոռը՝ Արթուր Հակոբյանը, ըստ Քննչական կոմիտեի, ժամանակին չի արգելակել և դիմելով կտրուկ մանևրման՝ մուտք է գործել հանդիպակաց գոտի՝ բախվելով «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներին: Հովիկ Արսենյանը քննիչներին հորդորում է նմանատիպ հայտարարություններ անելուց առաջ նախ ստանալ փորձաքննության եզրակացությունը:

«Եթե իմ պաշտպանյալն արգելակեր, հարվածելու էր «Հոնդային» եւ վարորդը հիմա մահացած կլիներ: Արթուր Հակոբյանը պարզապես մանեւրել է, միայն փորձաքննությամբ կարող է պարզվել՝ տեխնիկական տեսակետից կարող էր նա արգելակեր, թե ոչ, միայն փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո հնարավոր կլիներ գնահատական տալ իմ պաշտպանյալի գործողություններին»,- ասաց Հովիկ Արսենյանը՝ նշելով, որ կալանավորման որոշումը նույնպես ապօրինի է:

Ըստ Քննչական կոմիտեի՝ սեպտեմբերի 5-ին ժամը 12:30-ին Երևանի Աճառյան փողոցում բախվել են «Օպել», «Համեր»  և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 11-ամյա Լ.Մ.-ն տեղում մահացել է, իսկ վարորդը և երկու ուղևորները՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ վթարի պատճառ է դարձել չորրորդ ավտոմեքենան: Մասնավորապես՝ Երևանի Աճառյան փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան հետադարձ կատարելիս խոչընդոտել է «Համեր» մակնիշի ավտոմեքենայի երթևեկությանը, ստեղծել է վթարային իրավիճակ, իսկ վերջինիս վարորդը ժամանակին չի արգելակել և դիմելով կտրուկ  մանևրման՝ մուտք է գործել հանդիպակաց գոտի՝ բախվելով «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներին։ Վթարի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 11-ամյա աղջիկը տեղում մահացել է: «Հոնդա»-ի վարորդը, որն ԱԻՆ-ի աշխատակից է, թողել է դեպքի վայրը և հեռացել:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ԱԻՆ-ի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով, իսկ «Համերի» վարորդին՝ Քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նրանք կալանավորված են: