«Հակառուսաստանի» վերածվող Հայաստանի ճակատագիրը ոչ ոքի չի հետաքրքրում, քանի որ արևմտյան երկրների գլխավոր նպատակը Ռուսաստանի և Չինաստանի հետ առճակատումն է ու սեփական աշխարհաքաղաքական շահերի առաջմղումը։ Նման հայտարարությամբ է որոշել հանդես գալ «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Հայաստանը նույնպես ցանկանում են վերածել հակառուսաստանի։ Բուն Հայաստանի ճակատագիրը ոչ ոքի չի հետաքրքրում։ Բոլորին հետաքրքրում է հենց Ռուսաստանի և Չինաստանի հետ առճակատումը։ Բոլորին հետաքրքրում են աշխարհաքաղաքական հավասարակշռությունները, աշխարհաքաղաքական շահերը», — հայտարարել է Կիսելյովը «Մաքս» սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում։

Լրագրողը զուգահեռ է անցկացրել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի և խորհրդային զորքերի դուրսբերումից հետո Արևելյան Եվրոպայում տեղի ունեցած իրադարձությունների միջև։

Ինչպես պնդում է Կիսելյովը, արևմտյան երկրները, չնայած նախկին հավաստիացումներին, ընդլայնել են իրենց ազդեցությունը տարածաշրջանում և նախկին դաշնակից պետությունները վերածել «հակառուսաստանների»։

Կիսելյովը նաև հայտարարել է, որ համաշխարհային ասպարեզում Հայաստանի նշանակությունը զգալիորեն ավելի փոքր է, քան կարող է թվալ երկրի ներսում։

«Առանց Ռուսաստանի դա, ցավոք, աշխարհաքաղաքական իմաստով չնչին մեծություն է», — հայտարարել է նա՝ Հայաստանն անվանելով «գլոբուսի վրա բացարձակապես անտեսանելի գնդասեղի գլխիկ»։