News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն արձագանքել է նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանի առաջարկին, թե բարձրաստիճան հոգեւորականները պետք է հայտարարագրեր ներկայացնեն: 

Տեր Վահրամի ֆեյսբուքյան էջում արված գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Ծանոթանալով ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հերթական «աղմկահարույց» առաջարկներին ու մտորումներին՝ այս անգամ Հայոց Եկեղեցու բարեփոխումների վերաբերյալ եւ այս կապակցությամբ արդեն հնչող «փորձագիտական» (օրինակ` Դանիել Իոնիսյանի եւ այլոց) գնահատականներին` հասկանում եմ, թե երբեմն մարդիկ որքան են կտրված իրողությունից, մասնավորապես Հայ Եկեղեցուն առնչվող պարզագույն հարցերից եւ, հավանաբար, ի զորու չեն տեսնելու շատ եւ շատ իրենց արծարծած խնդիրների հստակ պատասխանները:

Շաբաթներ առաջ պարոն Բագրատյանին տեսա մեր եկեղեցիներից մեկում, խաչեղբայր էր պսակադրության ժամանակ. սա ենթադրել է տալիս, որ Հայոց Եկեղեցու զավակ է, ծանոթ է թե Հայ Եկեղեցու, թե հայ ժողովրդի պատմությանը, իբրեւ տնտեսագետ եւս հայտնի է, հետեւաբար որոշակիորեն ծանոթ է նաեւ հայրենի օրենսդրությանը: Մնացյալի մասին ավելորդ է խոսել, այդ ամենի մեջ ինչն է իր համար համոզիչ թվում եւ բավարարող, ինչը չէ, կամ թե ինչպիսինն են իր պատկերացումները՝ հանդեպ իր Եկեղեցին իր պարտականությունների վերաբերյալ:

Ես ինքս էլ անցյալի վերաբերյալ, եւ ոչ շատ հեռավոր, շատ հարցեր ունեմ, որոնք այդպես էլ դեռ մնում են անպատասխան: Սակայն ինքնանպատակ չեմ նկատեմ դրանք պարզապես բարձրաձայնելը` որեւէ մեկին ինչ-ինչ փաստեր հիշեցնելու, հատկապես, այս կամ այն կերպ արտահայտվելու, ինչպես նաեւ ակնհայտ հակասական մտքեր հնչեցնելու իրական դրդապատճառները բացահայտելու համար:

Եկեղեցու բարեփոխման խնդիրը միշտ էլ արծարծվել է տարբեր ժամանակներում եւ առաջին հերթին՝ հենց եկեղեցականների կողմից, այսօր էլ շատ հարցեր Վեհափառ Հայրապետի հանձնարարությամբ քննարկման առարկա են Եկեղեցու տարբեր հարթակներում: Սակայն դա երբեք չի արվել հակադրությունների ճանապարհով, ինչպես դա ջանում է ցույց տալ պարոն Հրանտ Բագրատյանը:

Իր եւ այլոց կողմից մատնանշված շատ հարցեր վաղուց ունեն իրենց պատասխանները, այլ հարց է` թե կա՞ արդյոք կամք դա բավարար համարելու համար, թե` ոչ: Որոշ հարցերի շուրջ առանձին կետերով շարադրելը, հնարավոր է, իրենից խլել է սոսկ մի քանի րոպե, ինչը զուտ կանխակալ մտադրության արդյունք է, մինչդեռ՝ իրականության մեջ համալիր քննարկումներ են եղել տասնամյակներ շարունակ, նկատի է առնվել Ընդհանրական Եկեղեցու, Հին Արեւելյան Ուղղափառ Եկեղեցիների` մեր ընտանիքի կեցվածքը դրանց շուրջ, իսկ գործադրությունն էլ արվել է փուլային եղանակով եւ այլն: Հասկանալի պատճառով հարկ չեմ նկատում մանրամասների մեջ մտնել:

Հայ Եկեղեցին, բնականաբար, երբեւէ չի ձգտել իր քայլերով որեւէ մեկի հաճոյանալ եւ հետայսու էլ դա չի անելու: Կա առաքելություն, դրա իրականացման հստակ գիտակցում եւ ճանապարհ, թե ինչպես գործել` առաջնորդված, նախ, սեփական օրենքներով, կանոններով ու կանոնադրություններով, ապա տարբեր երկրների օրենսդրության եւ տիրող կրոնական միջավայրի թելադրություններով, որոնց պայմաններում իր ծառայությունն է հայությանը բերում Հայոց Եկեղեցին:

Ամեն պարագայի Եկեղեցին գործել է օրենքի պահանջները հարգելով ու պահպանելով՝ առանցքում ունենալով հայապահպանության եւ հոգեւոր փրկության գերխնդիրը:

Անտեղյակությունը նշված կետերի շուրջ եւ կատարված դիտարկումները (որքան էլ որ դա թույլ է տալիս տվյալ անձի ամբարած գիտական փորձառությունը), ինչ խոսք, դեռ չի նշանակում, որ դրանք բացարձակ ճշմարտություն են եւ հնարավոր է կուրորեն դրանց հետեւել եւ հրճվանքով արտաբերել՝ իբրեւ նշան խիզախության եւ համարձակության: Դրանք սոսկ անձնական տեսակետներ են՝ թելադրված վերը նշված հանգամանքներով: Առաջիկա օրերին ես կանդրադառնամ ներկայացրած կետերին, վստահ եմ կհնչեն միանգամայն այլ կարծիքներ:

Եվ քանի որ արձագանք են գտնում դեկլարատիվ արտահայտություններ՝ հարկերի վճարման ու ՀԴՄ կտրոնների տրամադրման եւ ունեցվածքի ու եկամուտների հայտարարագրման վերաբերյալ, նշեմ, որ Հայ Եկեղեցին Հայաստանում`

1) ամենախոշոր հարկատուներից է, մատուցում է ամենամեծ շրջանառությամբ սոցիալական ծառայություն, ինչպես նաեւ ցուցաբերում է տարաբնույթ օժանդակություն ժողովրդին: Եկամտահարկ անխտիր գանձնվում է եկեղեցական կառույցներում ծառայող աշխատավարձ ստացող բոլոր եկեղեցականներից եւ աշխարհականներից: Ինքս էլ, յուրաքանչյուրիդ նման, հարկատու եմ,

2) ՀԴՄ կտրոն չի կարող տրամադրվել նվրատվությունների դիմաց, քանի որ ծիսական արարողությունները սակագին չեն ենթադրում, ինչը պարոն Բագրատյանը պիտի որ լավ իմանա, իսկ մնացյալ դեպքերը, երբ Եկեղեցին ազատվում է իր հարկերից բարեգործական ձեռնարկների կամ ծիսական պարագաների, հոգեւոր գրականության վաճառքի համար եւ այլն, կարգավորվում են առանձին օրենքներով:

Իսկ գույքահարկ պահանջել բոլոր այն պատմական կառույցների (օրինակ` վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, վեհարան) եւ այլ շինությունների (օրինակ` հայորդյաց տներ, բարեգործական ճաշարաններ, սոց. խնամքի կենտրոններ, դպրոցներ, մանկապարտեզներ, երիտասարդական միություններ, գրադարաններ, թանագարաններ եւ այլն) համար, որոնք այսօր, ինչպես դարեր առաջ շարունակում են Հայոց Եկեղեցու կողմից ծառայեցվել մեր ժողովրդին, պարզապես անհեթեթություն է եւ հստակ պատճառներ կան այդպես կարծելու համար,

3) Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի, բարձրաստիճան պաշտոնատար անձինք գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրեր ներկայացնում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Նույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանվում է այդ օրենքի գործողության որոլտը, իսկ 5-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով տրված է «բարձրաստիճան պաշտոնատար անձ» հասկացության իմաստը: Ուստի որեւէ կերպ չկարողացա այդ ցանկերի մեջ գտնել Եկեղեցին՝ իբրեւ հաստատություն կամ բարձրաստիճան հոգեւորականներին:

Իսկ ի պատասխան առաջարկի` թերեւս փոխարենը ծանոթանաք այն փաստին, որ Եկեղեցին ինքն իր դարավոր կանոններն ու կարգավորումներն ունի այդ ամենի` օրինակ կուսակրոն եկեղեցականների գույքի, ունեցվածքի եւ այլնի վերաբերյալ:

Մի փոքր, բայց էական հարցադրում եւս. տարբեր ժամանակներում ակնհայտ ապօրինությունների ճանապարհով բարբարոսաբար ոչնչացվել կամ պետական սեփականությանն են անցել եկեղեցապատկան պատմության հուշարձաններ, ձեռագիր մատյաններ եւ այլ արժեքներ: Հայ Եկեղեցին առ այսօր չի բարձրացրել դույզն ինչ փոխհատուցում տալու կամ այդ գույքը վերադարձնելու խնդիրը, ուստի պրն. Բագրատյանին չի՞ թվում, որ ոչ էական առանձին արտոնությունները բացարձակապես չեն կարող համեմատության մեջ լինել այն արժեքի հետ, որ օրինական պահանջի դեպքում հանրային իշխանությունը հարկադրված կլիներ փոխհատուցել:

Այս է իրականությունը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ