News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը շարունակում է թեժ բանավեճեր հրահրել Ազգային ժողովում: Էդուարդ Շարմազանովն այս օրերին քննարկումներին հետեւել է Արցախում, հիմա վերադարձել է եւ որոշել իր կարծիքն էլ հայտնել: Խորհրդարանի փոխխոսնակին, սակայն, ավելի շատ զայրացրել են մշտական հիշեցումները, որ զինվորական ծառայություն չի անցել: Վստահեցրել է, որ ոչ մի արտոնությունից չի օգտվել: Շարմազանովին զայրացնում են նաեւ դասալքության մասին մամուլի անդադար հրապարակումները:

Իսկ բանակի կարեւորության եւ հայրենասիրության մասին «Ելք»-ից Գեւորգ Գորգիսյանի ելույթը հունից հանել է հանրապետական մի շարք պատգամավորների: Հանրապետականները տեղից արձագանքել են՝ ի՞նչ ես հասկանում հայրենասիրությունից: Դահլիճում բարձրացած աղմուկը փորձել է հանդարտեցնել Արա Բաբլոյանը եւ միմյանց կարծիքը հարգելու կոչ արել:

Պաշտպանության նախարարի երկար ելույթի առանցքում «Ելք» խմբակցության պատգամավորներն էին: Վիգեն Սարգսյանն ափսոսանք է հայտնել, որ ընդդիմադիր պատգամավորներն այս օրինագիծը պրիմիտիվացրին՝ ուշադրությունը կենտրոնացնելով տարկետման իրավունքի վրա: Մինչդեռ, նախարարի պնդմամբ, օրինագծով փորձ է արվում լուծել ազգային անվտանգության եւ պաշտպանության ոլորտի խնդիրները: Վիգեն Սարգսյանը հարց ուներ բանակում չծառայած իր եւ Կորյուն Նահապետյանի կոմֆորտից հետաքրքրվող Էդմոն Մարուքյանին, բայց պատգամավորը դահլիճում չէր: Հարցը, ամեն դեպքում, նախարարը հնչեցրել է: Թիրախում հաջորդը նույնպես «Ելք»-ից էր՝ Արարատ Միրզոյանը:

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ԵՏՄ Մաքսային օրենսգրքի վավերացման նախագծին: Օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2018-ի հունվարի 1-ին: Ի դեպ, այն այսօր վավերացրել է նաեւ Ռուսաստանի Պետդուման: Դրանով կընդլայնվի էլեկտրոնային հայտարարագրման համակարգը, ապրանքներն էլ մաքսատնից ավելի արագ կարձակվեն. 1 օրվա փոխարեն հայտարարագրվեն 4 ժամում:

Վարչապետն այսօր հանձնարարել է լուծել Արարատյան դաշտում կոյուղուց գոյացած աղտոտվածության հարցը։ Ուսումնասիրել են ու պարզել, որ որոշ համայնքներում խնդիրն առաջանում է գյուղացիների ինքնագործունեության հետեւանքով, արդյունքում կոյուղաջրերը խառնվում են խմելու ջրին:

Կարեն Կարապետյանը նաեւ դժգոհ է, որ բիզնեսի ոլորտում իրականացվող բարեփոխումները հաճախ միայն թղթի վրա են մնում: Դրանք մշակվում են, բայց մարդիկ չեն տեղեկացվում, որ կարող են ավելի քիչ ժամանակ ծախսել, մի տեղեկանքի համար հասնում են պատկան մարմինների գրասենյակ եւ պարզում, որ այն կարող էին ստանալ նաեւ փոստով կամ մոտակա բանկային մասնաճյուղից:

Նիստից հետո էլ արտաքին գործերի փոխնախարարն անդրադարձել է շփման գծում տիրող իրավիճակին եւ ադրբեջանական հիստերիային: Ինչն է, ի վերջո, այդքան վրդովեցրել Ադրբեջանին:

Կիեւում մոտոցիկլետի պայթյունի հետեւանքով վիրավորվել է Ուկրաինայի Ռադիկալ կուսակցությունից պատգամավոր Իգոր Մոսիյչուկը: Պայթյունը որոտացել է, երբ պատգամավորը դուրս է եկել «Էսպրեսո» հեռուստաալիքի շենքից: Մոսիյչուկը հիվանդանոցում է: Պայթյունի հետեւանքով վիրավորվել են նաեւ քաղաքագետ Վիտալի Բալան ու մի ոստիկան, իսկ Մոսիյչուկի թիկնապահն ու մեկ անցորդ զոհվել են:

Ուկրաինայում կատարվածի մեջ «ռուսական հետք» են գտել: Այստեղ համոզված են, որ պատգամավոր Իգոր Մոսիյչուկի դեմ մահափորձի հետ կարող է կապ ունենալ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, որը դեռ 2014 թվականին սպառնացել էր սպանել նրան: Կիեւում նշել են, որ մահափորձի վարկածները կարող են տարբեր լինել, բայց պատվիրատուն մեկն է՝ Ռուսաստանը: Կրեմլն արձագանքել է՝ Ուկրաինայում հնչած հայտարարությունները ռուսատյացության հերթական դրսեւորում, անհիմն ու հիստերիկ մեղադրանքներ որակելով:

Հրանտ Թոխատյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Կանազի մշակույթի պալատի շուրջ առաջացած աղմուկին: Քաղաքապետարանը շենքը 10 տարով անվարձահատույց օգտագործման է տվել դերասանին: Այս որոշմանը Զարուհի Փոստանջյանն արձագանքել էր՝ հայտարարելով, որ Տարոն Մարգարյանը շենքը Թոխատյանին է նվիրել նրա լռության դիմաց: Վերջինը, սակայն, պնդում է. ոչ ոք իրեն ոչինչ չի նվիրել: Շենքը շարունակելու է մնալ Երեւանի քաղաքապետարանի հաշվեկշռում: Իսկ ինքը պատրաստվում է իրականացնել իր վաղեմի երազանքն ու այնտեղ մանկական թատերական դպրոց հիմնել:

Կարմիր գրքում գրանցված հերթական սպիտակագլուխ անգղը ուշադրության կենտրոնում է հայտնվել: Այս անգամ, սակայն, այս տեսակի ներկայացուցչին ոչ թե որսացել, այլ փրկել են: Տավուշի մարզի Նավուր գյուղի մերձակայքում զինծառայողները վիրավոր սպիտակագլուխ անգղ են հայտնաբերել: Զինծառայողներն անգղին զորամաս են տեղափոխել, կերակրել, հետո Երեւան տեղափոխել՝ կենդանաբանական այգու բուժսպասարկման կենտրոն: Ռենտգեն հետազոտությամբ պարզվել է, որ թռչունն աջ թեւի կոտրվածքներ ունի: Այդ վիճակում անգղը եղել է շուրջ 20 օր, ինչի արդյունքում հյուծվել է: Մասնագետները քիչ հավանական են համարում, որ սպիտակագլուխ անգղը նորից կկարողանա թռչել:

Հոկտեմբերի 26-ին եվրոն եւս երկու դրամով թանկացել է, իսկ դոլարը փոքր-ինչ էժանացել է: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 569, ռուբլունը՝ 8 դրամ 36 լումա, ֆունտինը՝ 637 դրամ:

Հոկտեմբերի 27-ին հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +8+10, ցերեկը՝ +22+24 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ