News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Պաշտոնական այցով Լիբանանում գտնվող Կարեն Կարապետյանը տեղի գործարարներին փորձում է համոզել՝ ներդրումներ կատարել Հայաստանում: Լիբանանյան գործարար շրջանակների հետ հանդիպման ժամանակ վարչապետը ներկայացրել է, թե ինչու պետք է ներդրումներ անել հենց Հայաստանում եւ որ ոլորտներում:

Կարապետյանը գործարարներին «գայթակղել» է նաեւ բազմամիլիոնանոց շուկաներով, ուր հասանելիությունն ապահովված կլինի՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության եւ անցյալ տարեվերջին ստորագրված Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի շնորհիվ: Իսկ այցի ընթացքում Հայաստանի վարչապետը հանդիպել ու երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել նաեւ լիբանանցի պաշտոնակից Սաադ Հարիրիի, այդ երկրի նախագահի հետ: Կարեն Կարապետյանին ընդունել է նաեւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը:

Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանում կփոխարինի Գագիկ Հարությունյանին: Արա Բաբլոյանը Թովմասյանի թեկնածությունն առաջադրել է ՍԴ նախագահի պաշտոնում: Հրայր Թովմասյանը նաեւ Հանրապետական կուսակցության շարքերը լքելու դիմում է ներկայացրել: ՍԴ նախագահի ընտրությունները տեղի կունենան մարտի 20-23-ին կայանալիք ԱԺ հերթական նիստերի ժամանակ: Իսկ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորություններն արդեն դադարեցվել են. նա, հիշեցնենք, նորաստեղծ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրվել:

ԱՄՆ-ում կադրային լուրջ փոփոխություններ են: Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: Նրա փոխարեն այդ պաշտոնը կզբաղեցնի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Մայք Պոմպեոն: ԱՄՆ նախագահը վստահ է, որ Պոմպեոն «ֆանտաստիկ կաշխատի» նոր պաշտոնում:

Ռեքս Թիլերսոնն ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը ղեկավարում է 2017 թվականի հունվարից: Թրամփը նրան շնորհակալություն է հայտնել ծառայության համար, բայց չի նշել, թե որն է պաշտոնանկության պատճառը: Իսկ ոչ պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ պատճառը Թրամփի եւ Թիլերսոնի միջեւ առկա տարաձայնություններն են: Ամերիկյան մի շարք պարբերականներ էլ պնդում են, թե բանավեճի ժամանակ Թիլերսոնը վկաների ներկայությամբ Թրամփին «գրողը տարած ապուշ» է անվանել: Արդեն հայտնի է նաեւ ԿՀՎ-ի նոր տնօրենի անունը. Թրամփն այս պաշտոնում նշանակել է Ջինա Հասփելին: Մինչ այդ նա զբաղեցրել է գերատեսչության ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը:

Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման համար շարունակում են մեղադրանքներ հնչեցնել Ռուսաստանի հասցեին, որոնք Մոսկվան սադրանք է անվանում: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հերթին հայտարարել է, թե պաշտոնապես դիմել են բրիտանացիներին՝ թունավորման համար օգտագործված նյութին ծանոթանալու համար, որը, ըստ բրիտանական կողմի նախնական վարկածի, Ռուսաստանում է արտադրվել: Սակայն, ռուս պաշտոնյայի խոսքով, Լոնդոնից «անհասկանալի պատասխան է ստացվել, որը նշանակում է, որ հայտը մերժվել է»:

Մոսկվայում նաեւ կարծում են, որ մեղադրանքների նպատակը Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ, որն անցկացվելու է Ռուսաստանում, երկրի հանդեպ վստահությունը խաթարելու, նաեւ արեւմտյան պատժամիջոցները երկարաձգելու նպատակ ունեն: Նշենք, որ Սերգեյ եւ Յուլյա Սկրիպալներին ծանր վիճակում հայտնաբերվել եւ հոսպիտալացվել են մարտի 5-ին: Բրիտանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ նրանք թունավորվել էին: Սերգեյ Սկրիպալը Ռուսաստանում դատապարտվել է Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության համար, իսկ 2010 թվականին նրան փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուսական հետախուզական բջջի անդամների հետ:

«Մինի Բասկոնիա» ընկերությունը շուկայից հետ է կանչել Lutik ապրանքանիշի մարինացված վարունգի խմբաքանակը: Մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ Lutik-ի վարունգներում սպիտակ որդեր են հայտնաբերվել: Լուսանկարն արագորեն տարածվեց համացանցում եւ աղմուկ բարձրացրեց: Ընկերության ներկայացուցիչները կապվել են որդերը հայտնաբերած քաղաքացու հետ եւ արտադրանքն ուղարկել փորձաքննության: Այսօր արդեն «Մինի Բասկոնիա»-ն հայտնել է լաբորատոր փորձաքննության արդյունքները. պարզվում է՝ հայտնաբերվածը սեխի ճանճի թրթուրներ են: Այստեղ նաեւ փորձել են արդարանալ. նման մեկ-երկու դեպք է եղել, բացի այդ՝ արտաքին զննությամբ հնարավոր չէ պարզել, որ վարունգներում թրթուրներ կան: Ներկրող ընկերության ղեկավարը նաեւ հուսադրել է. սպիտակ որդերն առողջության համար ոչ մի վտանգ չեն ներկայացնում:

Բեռլինում շարունակվում է Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը: Երրորդ տուրից հետո միանձնյա առաջատարն աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկն է: Կրամնիկին հավասարվելու հնարավորություն ունեին ամերիկացի Ֆաբիանո Կարուանան կամ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը, սակայն նրանց պարտիան ոչ ոքի է ավարտվել: Իսկ հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ կիսում է 6-7-րդ տեղերը: Մարտի 14-ին կայանալիք չորրորդ տուրում էլ Կարյակինն Արոնյանի մրցակիցը կլինի:

Չնայած այս արդյունքին՝ Արոնյանի մարզիչ Աշոտ Նադանյանը բարձր է գնահատում հայ գրոսմայստերի հաղթանակի հնարավորությունը: Նշենք, որ չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հաղթողն իրավունք կստանա այս տարվա նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում կայանալիք մրցամարտում աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ վիճարկել համաշխարհային թագը:

Մարտի 13-ին դոլարն ու ռուբլին փոքր-ինչ էժանացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 592, ռուբլունը՝ 8 դրամ 44 լումա, ֆունտինը՝ 667 դրամ:

Մարտի 14-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +2+4, ցերեկը՝ +16+18 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ