News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Դաշնակցությունը հարգանքով կվերաբերվի կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ի առաջարկին եւ կսատարի վարչապետի պաշտոնում կուսակցության առաջադրած ցանկացած թեկնածուի: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նորընտիր ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն այսօր լրագրողներին նաեւ ասել է, որ գնահատում են գործող նախագահի հարուստ փորձը, բայց կարծում են, որ իրենք էլ կարող են արժանի կադրեր պատրաստել: 

Համբարձումյանը ՀՅԴ-ի ղեկավար կազմում սերնդափոխության կարիք է տեսնում: Թերեւս սա է պատճառը, որ հայաստանյան կառույցում փոփոխություններ արդեն արվել են. Գերագույն մարմնի նոր կազմում հին անդամներից միայն երեքն են ընդգրկվել: Մամուլում էլ լուրեր են շրջանառվում, որ կուսակցությունում ուզում են, այսպես ասած, ազատվել հին դեմքերից: Նշվում են, մասնավորապես, նախարարներից Լեւոն Մկրտչյանի եւ Դավիթ Լոքյանի անունները: Այլ լուրերի համաձայն էլ՝ նոր կառավարությունում ՀՅԴ-ն նախարարական նոր պորտֆելներ է պահանջելու: Առողջապահության նախարարի պաշտոնում ցանկանում են առաջադրել միկրովիրաբույժ, արցախյան պատերազմի մասնակից Արտավազդ Սահակյանին, իսկ մշակույթի նախարարի աթոռին «աչք է դրել» Աղվան Վարդանյանը:

Օրեր շարունակ մամուլում տեղեկություններ էին հրապարակվում, թե գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ուզում է իր եղբորորդուն փոխքաղաքապետ դարձնել: Ընդ որում, ըստ նույն աղբյուրների, Արտակ Ալեքսանյանը զբաղեցնելու է Դավիթ Օհանյանի աթոռը: Այսօր լրագրողներն այդ մասին Օհանյանին հարցնելու հնարավորություն են ունեցել: Գործող փոխքաղաքապետն ասել է՝ պատրաստ է տեղը զիջել երիտասարդ կադրերի, բայց դա ՀՀԿ-ն եւ քաղաքապետը պետք է որոշեն: Այդ պահին Օհանյանի հետ զրուցող Արտակ Ալեքսանյանը, սակայն, հայտարարել է, թե իր կարիերայի առաջխաղացման մասին մամուլից է տեղեկացել:

Ադրբեջանը նորից հիշել է, որ բոլոր հայերն իրենց թշնամին են: Այս երկրի հայատյաց քաղաքականության զոհն այս անգամ Էստոնիայի քաղաքացի է՝ Տալինի քաղաքային խորհրդի անդամ Կարինե Օգանեսյանը: Օրեր առաջ նա Ադրբեջան մուտքի էլեկտրոնային վիզա է ստացել եւ մարտի 23-ին էստոնական պատվիրակության հետ Բաքու մեկնել: Արդեն օդանավակայանում ադրբեջանցիները «նկատել են բացթողումը» եւ թույլ չեն տվել Ադրբեջանի տարածք մտնել: Կարինե Օգանեսյանին 12 ժամ պահել են Բաքվի օդանավակայանի հատուկ գոտում, այնուհետեւ հետ՝ Էստոնիա ուղարկել:

Հայաստանի քաղաքացիներին էլ «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Անկարան: Թուրքական իշխանությունները որոշել են փոխել երկրի քաղաքացիություն տրամադրելու կարգը: 2018 թվականի մայիսից ուժի մտնող օրենքի համաձայն՝ Թուրքիայում 300 հազար դոլար արժողությամբ անշարժ գույք գնող օտարերկրացիներն առանց որեւէ խնդրի քաղաքացիություն կարող են ստանալ: Նախկինում դրա համար հարկավոր էր մեկ միլիոն եւ ավելի արժեքով անշարժ գույք գնել: Այս ամենը, սակայն, Հայաստանի քաղաքացիներին չի վերաբերում. Հայաստանի եւ Հյուսիսային Կորեայի քաղաքացիներին արգելված է այս երկրում բնակարան կամ այլ անշարժ գույք գնել:

Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում հրդեհից տուժածների թիվը հասել է 76-ի, որոնցից 27-ը երեխաներ են. հրդեհից հետո բժշկի է դիմել եւս 8 մարդ: Հիշեցնենք, որ ողբերգական պատահարի հետեւանքով 64 մարդ է զոհվել, այդ թվում՝ 41 երեխա: Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի, առեւտրի կենտրոնի կառավարիչ Նադեժդա Սուդդենոկն արդեն 2 ամսով կալանավորվել է: Բացի այդ՝ պաշտոնանկ են արվել Կեմերովոյի շրջանի փոխնահանգապետն ու ներքին քաղաքականության բաժնի ղեկավարը:

Իսկ Կեմերովոյի ողբեգրությունը Հայաստանի ԱԻՆ-ին ստիպել է ավելի ակտիվ ստուգումներ կատարել առեւտրի կենտրոններում: Նախարարության Հակահրդեհային տեսչության պետ Սերգեյ Հայրապետյանը մեր թղթակցի հետ զրույցում խոստովանել է. անթերի ոչ մի օբյեկտ չկա: Պարզապես հարցն այն է, թե այդ թերությունները որքան ծանր հետեւանքների կարող են հասցնել: Պաշտոնյան վստահեցնում է, որ երեւանյան առեւտրի կենտրոններում, ընդհանուր առմամբ, բարվոք վիճակ է: Հիմնական խնդիրը կրակմարիչներն են. ուսումնասիրությունների արդյունքում՝ որոշ տեղերում դրանց քանակը բավարար չի եղել, որոշներն էլ ժամկետանց են եղել կամ լիցքավորված չեն եղել:

Լիտվայի հավաքականի հետ անատամ խաղ անցկացրեցինք: Մեր թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն այսպես է բնորոշում 0:1 հաշվով ավարտված Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը: Պարզվում է՝ գլխավոր մարզիչն այս խաղում որոշել է փոփոխություններ անել, երիտասարդ ֆուտբոլիստների հնարավորություն տալ, փորձարկել: Խոստովանում է, որ չստացվեց: Բայց, նրա հավաստմամբ, խաղն օգտակար էր մարզչական շտաբի համար: Ինչ վերաբերում է Յուրա Մովսիսյանին նորից հավաքական հրավիրելուն. Պետրոսյանն ասել է՝ ֆեդերացիայի նախագահը փակել է այդ հարցը:

Իսկ հուլիսի 8-ին Հայաստանում ֆուտբոլային մեծ տոն է սպասվում: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հրավերով Հայաստան են ժամանելու ֆուտբոլի վետերան աստղեր Եվրոպային եւ Հարավային Ամերիկայից: Նրանցից շատերը Երեւանում եղել են նաեւ երեք տարի առաջ՝ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի հոբելյանական խաղի առիթով: Տպավորվել են ու ցանկություն հայտնել վերադառնալ: Մեր թղթակցի հետ զրույցում Արթուր Սողոմոնյանը մի գաղտնիք արդեն բացահայտել է. ամենայն հավանականությամբ՝ աստղերի խաղը կսպասարկի ոչ պակաս աստղային մրցավար Մասիմո Բուզական:

Մարտի 28-ին դոլարն ու եվրոն էժանացել են: Դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 595, ռուբլունը՝ 8 դրամ 34 լումա, ֆունտինը՝ 679 դրամ:

Մարտի 29-31-ը հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 29-ի գիշերը 4-5 աստիճանով կբարձրանա, 30-ի ցերեկը՝ կնվազի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +13+15, ցերեկը՝ +24+26 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ