News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Համաշխարհային ֆուտբոլի աստղերը Հայաստան կայցելեն. այդ նշանակալի միջոցառումը, ինչպես երեք տարի առաջ, կազմակերպում է մոսկվացի գործարար, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:

Սպասվող խաղի մանրամասները նա ներկայացրել NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ հարցազրույցում:

Պարոն Սողոմոնյան, երեք տարի առաջ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի առիթով տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպումից հետո Դուք չբացառեցիք Երեւանում եւս մեկ նշանակալի հանդիպում կազմակերպելու հնարավորությունը: Հիմա դա իրականություն է դառնում, եւ Հայաստանում հերթական ֆուտբոլային տոնն է սպասվում: Արդեն կա՞ն հստակ ժամկետներ, երբ կարող ենք Երեւանում կրկին համաշխարհային ֆուտբոլի աստղերի տեսնել:

Այն ժամանակ ես ասել էի, որ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի հոբելյանական խաղը Հայաստանում անցկացվող վերջին ֆուտբոլային միջոցառումը չի լինի: Այն ժամանակ ինձ շատ դուր եկավ, թե ինչպես են մարդիկ ուրախանում ֆուտբոլով, ինչպես էր մարզադաշտը ցնծում: Երկար ժամանակ արձագանքներ էի ստանում այդ խաղի վերաբերյալ: Այս տարի Ռուսաստանում տեղի կունենա Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, եւ ես չէի կարող չօգտվել այդ հնարավորությունից եւ Հայաստանում ֆուտբոլային տոն չկազմակերպել: Մոսկվայում աշխարհի առաջնության ընթացքում տեղի կունենա ֆուտբոլի վետերան աստղերի մրցույթ: Մենք որոշեցինք նրանցից շատերին հրավիրել Հայաստան: Երեւանում հուլիսի 8-ին տեղի կունենա համաշխարհային ֆուտբոլի աստղերի մասնակցությամբ հանդիպում՝ Հարավային Ամերիկայի եւ Եվրոպայի հավաքականների միջեւ: Ինչպես գիտեք՝ Եվրոպան եւ Հարավային Ամերիկան գրեթե միշտ հավասար են եղել նվաճած գավաթների թվով: Հիմա, Գերմանիայի շնորհիվ, եվրոպացիներն առաջ են ացնել: Բացի այդ՝ ամերիկացիները, բացի մեկ անգամից, միշտ հաղթել են իրենց մայրցամաքում, իսկ եվրոպացիները միայն մեկ անգամ են հաղթել Հարավային Ամերիկայում: Հիմա մենք ուզում ենք տեսնել, թե նրանցից ո՞րն ավելի ուժեղ կլինի Հայաստանում: Այդ հարցի պատասխանը կստանանք հուլիսի 8-ին Երեւանում:

Իսկ աստղերից ո՞վ է գալու Հայաստան:

Շատ աստղեր Ամերիկայից երբեք չեն եղել Հայաստանում, նրանց հավաքականները չեն հանդիպել Հայաստանի հավաքականի հետ: Խորեն Հովհաննիսյանի ծննդյան օրը Երեւանում էր Իվան Սամորանոն, ով մյուսների նման հիացած էր եւ ասաց, որ շատ կվիրավորվի, եթե այս անգամ իրեն չհրավիրեն: Ի դեպ՝ Խրիստո Ստոիչկովը եւ Յարի Լիտմանենը, որոնք նույնպես այդ հանդիպմանը Երեւանում էին, ասացին, որ անպայման ուզում են եւս մեկ անգամ այցելել Հայաստան: Այդ հանդիպմանը մասնակցելու նախնական համաձայնություն են տվել Լատինական Ամերիկայի հավաքականից Կաֆուն, Ռիվալդոն, Զանետտին, Կրեսպոն: Այժմ  բանակցություններ են ընթանում Բատիստուտայի հետ: Եվրոպայի հավաքականը կներկայացնեն Մալդինին, Տոտտին, Ջորկաեֆը, Աբիդալը, Ալբերտինին, Ժյուլին, Շեւչենկոն, Դեսաին եւ այլ աստղեր:

Եվս մեկ բան. ամենայն հավանականությամբ՝ խաղը կսպասարկի ամենահայտնի մրցավարներից մեկը՝ Մասիմո Բուզական: Ներկայում նա գլխավորում է ՖԻՖԱ-ի մրցավարական դեպարտամենտը: Նախորդ տարի նա եղել է Հայաստանում եւ, ինչպես բոլորը, ցանկացել է վերադառնալ:

Խորեն Հովհաննիսյանի հոբելյանի պատվին տեղի ունեցած հանդիպումը բարեգործական էր: Եվրոպայի եւ Հարավային Ամերիկայի հավաքականների հանդիպումը ե՞ւս բարեգործական է լինելու:

Անպայման: Նման միջոցառումներ կազմակերպելու հարցում մեր դիրքորոշումը միանշանակ է: Տոմսերի վաճառքից գոյացած ամբողջ հասույթը կուղղվի բարեգործությանը: Բացի այդ՝ այս խաղը յուրատեսակ հարգանքի տուրք է վետերաններին:

Տոմսերի գները ֆուտբոլասերների համար մատչելի կլինե՞ն:

Մեզ համար կարեւորը ֆուտբոլային տոնը Հայաստան բերելն է եւ, իհարկե, որ այդ միջոցառումը լինի ոչ միայն տեսարժան, այլեւ օգուտ բերի մարդկանց: Հույս ունեմ, որ այս գաղափարը շատերին կոգեշնչի եւ հովանավորները՝ Հայաստանից ու երկրի սահմաններից դուրս, կցանկանան մասնակից լինել դրան: Մենք ուրախ ու շնորհակալ կլինենք բոլոր ցանկացողներին: Ներկայում շփվում ենք ՖԻՖԱ-ի ներկայացուցիչների եւ տարբեր երկրների ֆեդերացիաների հետ: Համագործակցում ենք նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ու Ռուբեն Հայրապետյանի հետ: Հույս ունենք, որ համատեղ ջանքերով կկարողանանք մեծ ֆուտբոլային տոն անցկացնել:

Մենք ծրագրում ենք նաեւ պատանեկան ֆուտբոլային մրցույթ կազմակերպել Հայաստանում: Հիմա բանակցում ենք «Չելսի», «Միլան», «Ինտեր» ֆուտբոլային ակումբների հետ, որ նրանց ակադեմիաների սաները կարողանան ժամանել Հայաստան: Դա մեծ քայլ կլինի Հայաստանի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման համար: Ես հույս ունեմ՝ մեծ օգուտ կտա մեր ֆուտբոլին:

Ի՞նչ ծրագիր է սպասվում ֆուտբոլիստներին՝ բացի խաղից: Կկարողանա՞ն այցելել Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր, շփվել հայ մշակույթի հետ:

Ֆուտբոլիստների գրաֆիկը բավական խիտ է, բայց մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որ ֆուտբոլի աստղերը հասցնեն նաեւ ծանոթանալ հայկական մշակույթին: Երեք տարի առաջ գրեթե բոլոր աստղերը եղան Էջմիածնում, ծաղիկներ դրեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Նրանցից շատերը տպավորված էին:

Գրեթե միշտ Եվրոպայում հաղթել են եվրոպական թիմերը, իսկ Ամերիկայում՝ ամերիկյան: Ձեր կարծիքով՝ նրանցից ո՞րն ուժեղ կլինի Հայաստանում:

Խաղացողների ընտրությանը մենք շատ լուրջ ենք մոտեցել: Գրեթե բոլոր ֆուտբոլիստները ֆիզիկական հիանալի մարզավիճակում են: Նրանցից մի քանիսնն ավարտել են ֆուտբոլային կարիերան: Դա խոսում է այն մասին, որ սպասվում է շատ դիտարժան խաղ: Դեռ վաղ է ասել, թե ով ավելի ուժեղ կլինի, բայց որ մենք գեղեցիկ ֆուտբոլ ենք դիտելու, ես դրան հավատում եմ: Իմ հիշողության մեջ դեռ չի եղել նման մասշտաբային ֆուտբոլային միջոցառում Հայաստանում: Ես մեծ հույս ունեմ ու հավատում եմ, որ այդ միջոցառումը վերջինը չի լինի:

Շատ շնորհակալություն: Արդեն այսօրվանից, վստահ եմ, շատերը սկսելու են հետհաշվարկը մինչեւ հուլիսի 8-ը: Կսպասենք ֆուտբոլային տոնին:

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ