News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի տնտեսության մեջ բլոքչեյն տեխնոլոգիաների ներդրումը նվազագույնի կհասցնի պետական պաշտոնյաների ու գործարարների շփումը եւ կմեծացնի քաղաքացիների վստահությունը պետական ծառայությունների նկատմամբ: Այսպիսի կարծիք հայտնեց  Հայաստանի տնեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը:

Այսօր, ապրիլի 22-ին, Երեւանում մեկնարկած Armenian Blockchain Forum առաջին միջազգային համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրուցելիս նա նշեց, որ պետական ծառայությունների ոլորտում բլոքչեյն տեխնոլոգիաների ներմուծումը մեծ ներդրումներ չի պահանջի, փոխարենը կարող է նկատելիորեն փոխել տրամադրվող ծառայությունների որակը: Այս տեխնոլոգիաներն, օրինակ, կարելի է օգտագործել անշարժ գույքի գրանցամատյաններում, առողջապահության կազմակերպման ոլորտում, մի ամբողջ շարք այլ ճյուղերում: Բլոքչեյն տեխնոլոգիաները կօգնեն ազատվել թղթապանակներից եւ ամբողջ տեղեկատվությունը սկսել պահել մեկ համակարգում: Իսկ քանի որ տեխնոլոգիայի հիմնական առանձնահատկությունը ապակենտրոնացումն է, փոխնախարարի խոսքով՝ դրա օգտագործումը կարող է մեծացնել դրանց վրա հիմնվող ծառայությունների նկատմամբ վստահությունը:

Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանում բլոքչեյն տեխնոլոգիաների ներդրումը ժամանակի ընթացքում կարող է օրենսդրական ուղղումների պահանջ առաջացնել: Սակայն առաջին հերթին անհրաժեշտ է որոշել, թե բլոքչեյնի օգտագործմամբ ինչպիսի կոնկրետ փորձնական ծրագրեր է անհրաժեշտ գործարկել, այնուհետեւ, ըստ անհրաժեշտության, կարելի է նաեւ մտածել օրենսդրության մեջ անհրաժեշտ փոփոխություններ կատարելու մասին:

Ինչպես նշեց Էմիլ Տարասյանը, բլոքչեյն տեխնոլոգիաների ներդրումը բարդացնում է 2 խնդիր՝ անբավարար գիտելիքները (բուն տեխնոլոգիայի մասին, այն մասին, թե գործարքներն ինչ կերպ են կատարվում) եւ անվտանգության հետ կապված ռիսկերը: Երկու խնդիրներն էլ ու դրանց լուծման ճանապարհները ակտիվորեն կքննարկվեն համաժողովի ժամանակ: Ավելին՝ համաժողովին հրավիրված են խոշոր միջազգային ներդրողներ, որոնք նույնպես կարող են օգնել Հայաստանում բլոքչեյն տեխնոլոգիայի ներդրմանը:

Armenian Blockchain Forum առաջին միջազգային համաժողովը Երեւանում մեկնարկել է այսօր՝ ապրիլի 22-ին: Համաժողովին մասնակցում են ավելի քան 600 ներդրողներ, սթարթափեր եւ աշխարհի տարբեր ծայրերից ՏՏ մասնագետներ՝ քննարկելու համար թվային ինդուստրիայի եւ ապակենտրոնացված տեխնոլոգիաների ստեղծման ու զարգացման այսօրվա ամենաարդիական հարցերը:

Համաժողովի առանցքային թեմաներից մեկն է Հայաստանում բլոքչեյն ինդուստրիայի զարգացման ռազմավարության քննարկումը եւ այն հնարավորությունների, որոնք այս տեխնոլոգիաները կարող են բացել երկրի տնտեսության առաջ:

Համաժողովի ծրագրի մեջ ներառված է  աշխատանքային երեք սեկցիա, որոնք նվիրված են բլոքչեյն ինդուստրիայի ապագային, աշխարհի իրադրության զարգացման վրա այդ տեխնոլոգիաների ազդեցությանը, ինչպես նաեւ կրիպտոարժույթների ու ICO նախագծերի մեջ ներդրումներին: Կանցկացվեն նաեւ մաստեր կլասներ ու Roadshow, որի շրջանակում սթարթափերը 20 երկրներից խոշոր ներդրողներին իրենց նախագծերը ներկայացնելու հնարավորություն կստանան: Համաժողովի կազմակերպիչների խոսքով՝ համաժողովին մասնակցող հիմնադրամների ընդհանուր կապիտալը 10 մլրդ դոլարից անցնում է:

Համաժողովի շրջանակում նաեւ նախատեսված է IBM ընկերության հետ հուշագրի ստորագրում Blockchain Open University-ի ստեղծման եւ զարգացման մասին, որը բլոքչեյն տեխնոլոգիայի ոլորտի տեխնիկական մասնագետների համար կրթական ծրագրեր կառաջարկի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ