News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո Ազգային ժողովում առաջին քառօրյան է մեկնարկել: Նիստին մասնակցել են 7 նոր պատգամավորներ. գործադիրում պաշտոններ զբաղեցրած պատգամավորներին «Ելք» խմբակցությունում փոխարինել են Ալեն Սիմոնյանը, Հովիկ Աղազարյանը, Հայկ Կոնջորյանն ու Հրաչյա Հակոբյանը, ՀՅԴ խմբակցության՝ մանդատից հրաժարված պատգամավորների տեղը զբաղեցրել են Սպարտակ Սեյրանյանն ու Ռուզան Առաքելյանը, իսկ ՀՀԿ-ում՝ Հակոբ Հակոբյանը: Նորընտիր պատգամավորներն այսօր երդվել են:

«Ելք»-ից Էդմոն Մարուքյանին հարցի հնարավորություն տալիս Էդուարդ Շարմազանովը հեգնել է, Մարուքյանը՝ արձագանքել: Մինչ այդ, «Ելք» խմբակցությունը դեռեւս ղեկավար չունի: Որպես այդ պաշտոնի թեկնածու տեւական ժամանակ նշվում էին Էդմոն Մարուքյանի եւ Ալեն Սիմոնյանի անունները, իսկ Սիմոնյանն ընդունելի թեկնածու է համարում «Քաղաքացիական պայմանագրից» Լենա Նազարյանին:

Ի դեպ՝ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջի ֆոնին մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Երեւանի քաղաքապետ կարող է դառնալ Ալեն Սիմոնյանը: Վերջինը խոստովանում է, որ ՏԻՄ-ում աշխատանքն իրեն հոգեհարազատ է, բայց խորհրդարանում էլ իրեն վատ չի զգում: Սակայն Ալեն Սիմոնյանն այսօր առաջին ու վերջին անգամ է մասնակցել Ազգային ժողովի նիստին. երեկոյան նա ֆեյսբուքում հայտնել է, որ վայր է դնում պատգամավորական մանդատը:

Լրագրողներն այսօր մի շարք պատգամավորների հարցրել են կոռուպցիոն բացահայտումների մասին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարության մասին: Մասնավորապես, ԴԱՀԿ նախկին ղեկավար, հանրապետական Միհրան Պողոսյանից հետաքրքրվել են՝ մտավախություն չունի՞, որ կվերաբացվի օֆշորի սկանդալային գործը:

Գյուղատնտեսության նորանշանակ նախարարն էլ անդրադարձել է գյուղվարկերի նվազեցման, տուգանքները ներելու մասին վարչապետի հայտարարությանը: Ասում է՝ շահագրգռված են, որ տույժ-տուգանքները չքանդեն գյուղատնտեսությունը, բայց Արթուր Խաչատրյանին այլ հարց է մտահոգում. գյուղվարկերի տոկոսադրույքները համեմատաբար ցածր են, եւ հաճախ գյուղացիները ոչ նպատակային են օգտագործում վերցրած վարկերը:

Ադրբեջանը պետք է գիտակցի, որ առանց Արցախի անմիջական մասնակցության անհնար է ամուր խաղաղության հասնել: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հակամարտության կարգավորման բանակցությունները պետք է տեղի ունենան Արցախի ներկայացուցիչների մասնակցությամբ, Բալայանը պատասխանել է, որ Լեռնային Ղարաբաղն այս կամ այն կերպ ներգրավված է բանակցություններում, սակայն Բաքուն մշտապես հրաժարվում է Ստեփանակերտի հետ ուղիղ բանակցություններից:

ԱԳՆ խոսնակն անդրադարձել է նաեւ հայ-ադրբեջանական սահմանի՝ Նախիջեւանի ուղղությամբ տիրող իրավիճակին, որտեղ, պաշտպանության նախարարության դիտարկումների համաձայն, ադրբեջանական կողմն ինժեներական աշխատանքներ է կատարում. Բալայանի խոսքով՝ իրենք բազմիցս միջնորդներին զգուշացրել են, որ նման գործողությունները լարվածություն են ստեղծում եւ հանգեցնում զոհերի: Ինչ վերաբերում է նախարարությունում կադրային փոփոխություններին. գրեթե բոլոր գերատեսչություններում վերջին օրերին հրաժարականներ ու նոր նշանակումներ են: ԱԳՆ խոսնակի հավաստմամբ՝ դիվանագիտական կորպուսում նման փոփոխությունները մշտական բնույթ են կրում:

Տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջում դասադուլ եւ գործադուլ է. ուսանողները պահանջում են վերադարձնել աշխատանքից ազատված տնօրեն Սերգեյ Խառատյանին: Վերջինն աշխատանքից հեռանալու դիմում է ներկայացրել երկու օր առաջ, ինչից հետո դասախոսներից մի քանիսը նույնպես աշխատանքից ազատման դիմում է գրել՝ աջակցություն հայտնելով նախկին տնօրենին: Իրենց պահանջը չկատարելու դեպքում ուսանողները սպառնում են նաեւ տապալել առաջիկա ավարտական քննությունները:

Իսկ Տնտեսագիտական համալսարանն արձագանքել է քոլեջի շուրջ ծավալվող իրադարձություններին՝ նշելով, որ օրեր առաջ այնտեղ միջադեպ է տեղի ունեցել. համալսարանի վարորդներից մեկը մեքենայով քոլեջ է գնացել, հսկիչը զգուշացրել է, որ մեքենան պետք է դուրս բերել տարածքից: Վարորդը կատարել է պահանջը, հետո գնացել քոլեջի տնօրենի մոտ: Սերգեյ Խառատյանի սենյակում վիճաբանություն է տեղի ունեցել. այն շարունակվել է արդեն համալսարանում, եւ Խառատյանը հարվածել է վարորդին: Համալսարանի ղեկավարությունը պատրաստվում է այս ամենի հետ կապված նյութեր ներկայացնել ոստիկանություն:

Ավստրալիայի Ռայդ քաղաքի խորհուրդն այսօր միաձայն բանաձեւ է ընդունել՝ ի սատարումն Արցախի Հանրապետության անկախության: Հատկանշական է, որ բանաձեւում տեղ են գտել «Արցախի Հանրապետություն», «ինքնորոշման իրավունք» եւ այլ ձեւակերպումներ: Քաղաքային խորհուրդը նաեւ երկրի կենտրոնական կառավարությանը կոչ է արել պաշտոնապես ճանաչել Արցախի անկախությունը եւ ամրապնդել Ավստրալիայի հարաբերություններն Արցախի ու նրա քաղաքացիների հետ:

Շառլ Ազնավուրն այսօր տոնում է տարեդարձը. հանրահայտ շանսոնյեն 94 տարեկան դարձավ: Աշխարհահռչակ հիթերից բացի՝ Ազնավուրը հանդիսատեսին հայտնի է նաեւ մի շարք ֆիլմերից` «Կրակեք դաշնակահարի վրա», «Արարատ», «Արկածներ որոնողները» եւ այլն: Վերջին շրջանում երաժիշտը մի քանի անգամ ստիպված եղավ դիմել բժիշկների օգնությանը: Առողջական լուրջ խնդիրներ, բարեբախտաբար, շանսոնյեն չունի, սակայն մինչեւ հունիսի 30-ը չեղարկել է բոլոր համերգները: Իսկ այսօր Հայաստանից նրան ուղղված շնորհավորանքների հիմնական մաղթանքն էր՝ շուտափույթ ապաքինում եւ վերադարձ բեմ:

Մայիսի 22-ին դոլարը շարունակել է էժանանալ, իսկ եվրոն թանկացել է ավելի քան 3 դրամով: Դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 570, ռուբլունը՝ 7 դրամ 88 լումա, ֆունտինը՝ 650 դրամ:

Մայիսի 23-27-ը հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես կեսօրից հետո տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +12+14, ցերեկը՝ +24+26 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ