News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2014 թվականից մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման նպատակով գործում է UEFA (YouthElitePlayerDevelopment) ծրագիրը: Տարբեր ակումբների որոշակի տարիքի երեխաները 2-3 տարով մտնում են մշտապես գործող հավաքականներ: Ակումբները երեխաներին մարզում են վաղ տարիքից, իսկ որոշակի տարիքից հետո նրանք մտնում են հավաքականների կազմ, որոնք բազավորված են Հայաստանի Ֆուտբոլի ակադեմիայում:

Այս գործընթացը հարուցել է մի քանի ակումբների ղեկավարների դժգոհությունը: «Բանանց» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, Մոսկվայի «Սպարտակի» նախկին բաժնետեր եւ «Լուկօյլ» ընկերության նախկին փոխնախագահ Ջեւան Չելոյանցը NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում պատմեց, թե ակումբն ինչպես է պատրաստվում լուծել այս խնդիրը, ինչ վեճ է ունեցել ՀՖՖ նախագահի հետ եւ ինչպես է վերաբերվում «Շիրակ» ՖԱ-ի իրավիճակին:

Ջեւան Կիրկորովիչ, ինչպե՞ս եք գնահատում «Բանանց»-ի անցած մրցաշրջանը:

Անցած մրցաշրջանում ակումբը լուծեց իր առջեւ դրված խնդիրների մի մասը: Ցավոք, խնդիրների մի մասը՝ ավելի փոքր մասը, չի կատարել: Երբ ասում եմ, որ խնդիրների մի մասը կատարվել է, նկատի ունեմ արդյունքը, որին թիմը հասավ՝ հայտնվելով մրցանակակիրների եռյակի մեջ:

Ցավոք, երկրորդ թիմը անհրաժեշտ արդյունքի չհասավ: Բայց ակումբն ընդհանուր առմամբ աճում է, եւ ես դրանից գոհ եմ:

Հիմնական թիմում գլոբալ փոփոխություններ կլինե՞ն:

Բայց ինչո՞ւ: Ինչպես արդեն ասացի, առաջին թիմն իր խնդիրը կատարել է: Ի դեպ, «Բանաց»-ի առաջին թիմը ակումբի մի մասն է, բայց ոչ ամբողջ ակումբը: Իսկ մեր ամենամեծ հարստությունը մեր ակադեմիայի երեխաներն են:

Հայաստանում ինչպիսի՞ խնդիրների է բախվում մանկապատանեկան ֆուտբոլը:

Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի ամենամեծ խնդիրը ուրիշ երկրների մանկապատանեկան ֆուտբոլի հետ հաղորդակցության բացակայությունն է:

Երեխաները գործնականում այլ երկրների տարեկիցների հետ չեն շփվում: Մենք փորձում ենք դա ուղղել: Մեզ մոտ երեխաները վերջին տարում մրցաշարերի են մասնակցել Սոչիում, Նալչիկում, Դոնի Ռոստովում: Ինքներս օգոստոս-սեպտեմբերին ծրագրում ենք մեզ մոտ միջազգային մրցաշար կազմակերպել:

Մեկ այլ խնդիր է պատանեկան հավաքականների հարցը: Ես երկար տարիներ ֆուտբոլում եմ: Թիմը պետք է համախմբված լինի ոչ միայն դաշտում, այլ նաեւ դաշտից դուրս: Եվ երբ երեխաների մի մասը 2 կամ 3 տարով իր թիմից գնում է մշտապես գործող հավաքականներ, եւ թիմում չի լինում, որտեղ աճել է, իմ տեսանկյունից դա այնքան էլ լավ չէ:

Իսկ ինչպե՞ս եք պատրաստվում այս խնդիրը լուծել:

Նոր մրցաշրջանից մենք այլեւս մեր սաներին չենք տա մշտապես գործող հավաքականներին: Մենք պատրաստ ենք եւ պարտավոր ենք մեր երեխաներին տալ հավաքականի հավաքներին, սակայն համաձայն չենք մեր սաներին տալ հավաքականներում մշտապես գտնվելու համար: Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման այս UEFA ծրագիրը գործում է միայն երկու երկրում, այդ թվում՝ Հայաստանում:

Ինձ համար զվարճալի էր հետեւել, թե մարզիչը, որն աշխատում է իմ ակումբում, ինչպես է նաեւ մարզում նույն տարիքի երեխաների մշտապես գործող հավաքականը: Մեր երեխաները խաղում էին հենց մեր երեխաների դեմ: Ես չեմ կարող երեխաներին արգելել հավաքականներ գնալ, սակայն նրանց համար, որոնք կգնան հավաքական, «Բանանց» հետ գալու ճանապարհը փակ կլինի: Հնարավոր է՝ կգնան լավագույնները, սակայն նրանց փոխարեն նորերը կգան, որոնք ժամանակի ընթացքում լավագույնից լավագույնը կդառնան:

Երեխաները, որոնք զբաղված են մշտական հավաքականներում, վերադառնում են ակումբ, սակայն այդ ընթացքում ակումբի հետ կապը կորում է:

Վերջերս պարբերականներից մեկում հրապարակվել էր Ռուբեն Հայրապետյանի հետ Ձեր կոնֆլիկտի մասին: Նշված էր, որ պատճառը Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանին «Բանանց» հրավիրելն էր: Այս կապակցությամբ ինչ-որ պարզաբանում կարո՞ղ եք տալ:

Արզումանյանը մեզ մոտ է մարզվել, սակայն այդ թեմայով ոչ մեկի հետ ոչ մի կոնֆլիկտ չեմ ունեցել:

Իսկ Ձեզ վրա ճնշում եղե՞լ է, որ նրան չվերցնեք:

Ոչ մի ճնշում չի եղել: Միակ բանը որ եղել է՝ խոսակցությունն է «Բանանց»-ի մյուս բաժնետիրոջ՝ Օլեգ Արտուշեւիչ Մկրտչանի հետ, եւ նա չհամաձայնեց Արզումանյանի հետ պայմանագրի ստորագրմանը: Մենք որոշումները համատեղ ենք ընդունում:

Դուք Ռուբեն Հայրապետյանի հետ որեւէ կոնֆլիկտ ունե՞ք:

Ես չեմ կարծում, որ մենք կոնֆլիկտ ունենք: Կարծում եմ, որ մեր քննարկած որոշ հարցերում ես նրա տեսակետին համաձայն չեմ: Ես նման հարցերով անցել եմ այլ ակումբներում էլ եւ այլ երկրներում էլ: Ես վստահ եմ, որ առաջարկում էի ավելի ճիշտ տարբերակներ: Նա համաձայն չէ: Դա նրա իրավունքն է:

Երեխաների՞ հարցում, որոնց ակադեմիա են տանում:

Այդ թվում:

Անցյալի առավել քննարկվող թեման «Շիրակ» ակումբի քայլն էր, որից հետո ակումբը հանվեց Հայաստանի առաջնությունից: Այս պատմության մեջ կարեւոր դեր է խաղացել «Բանանցը»:

Սա սխալ արտահայտություն է: Հիմնական դերը պատկանում է «Շիրակին», ավելի ճիշտ` միակ դերը: «Բանանցը» գործում էր FIFA-ի եւ UEFA-ի, ինչպես նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բոլոր դրույթներին համապատասխան: «Շիրակի» մեղավորությունն ապացուցող փաստաթղթեր կան: Ինձ շատ զարմացրեցին «Շիրակի» նախագահ Արման Սահակյանի (News.am-ի հարցազրույց, մայիսի 9) խոսքերն այն մասին, որ ամբողջ ակումբը չպետք է պատասխանատու լինի մեկ անձի գործողությունների համար: Ակումբի ղեկավարն այդպես խոսելու իրավունք չունի: Դա մանկական թոթովանքի է նման: Այս իրավիճակում ինչպե՞ս ես դաստիարակեմ երեխաներին իմ ակադեմիայում, եթե երեխաները տեսնեն, որ կաշառքի համար չեն պատժում: Նրանց ասել, որ կաշա՞ռք տան ու վերցնեն: Կարծում եմ, որ այս հարցում Ֆուտբոլի ֆեդերացիան բացարձակապես ճիշտ է: «Բանանցը» ոչ մի կապ չունի այս հարցի հետ: Ինձ համար միեւնույն էր՝ մենք Հայաստանի առաջնությունում երկրորդ թե երրորդ տեղը կզբաղեցնենք: Ես պնդեցի, որպեսզի «Բանանց» - «Շիրակ» խաղը տեղի ունենա: Նրանք ուզում էին այն չեղարկել, սակայն ինձ համար կարեւոր է արդյունքը դաշտում: Եւս մեկ անգամ կրկնեմ՝ այս պատմության մեջ «Շիրակից» բացի ոչ ոք մեղավոր չէ: Ցավալի է, որ այս փաստի վրա նրանք փորձում էին քաղաքականություն վարել: Ես շատ լավ էի վերաբերվում Արման Սահակյանին: Ես լավ եմ վերաբերվում մարդկանց, որոնք գումար են ծախսում ֆուտբոլի համար: Սակայն, ինչպես սիրում է ասել «Բանանցի» մեկ այլ բաժնետեր Օլեգ Արտուշեվիչ Մկրտչանը, ֆուտբոլով կարող է զբաղվել նա, ով ֆուտբոլն ավելի շատ է սիրում, քան փողը, եւ այս հարցում ես նրա հետ լիովին համաձայն եմ:

Թիմ ստեղծել չի նշանակում շատ լեգեոներներ ձեռք բերել եւ փորձել հասնել Եվրոգավաթին: Ակումբ նշանակում է ընդունել երեխաներին 6 տարեկանից եւ աճեցնել նրանց: Մեզ մոտ 800 երեխա է սովորում: Աստված տա, որպեսզի նրանց 3 տոկոսը դառնան ֆուտբոլիստներ: Սակայն կարեւոր է, որպեսզի նրանք բոլորը լավ մարդ եւ հայրենասերներ դառնան:

Շիրակը Հայաստանի ամենաաղքատ մարզն է, որը կորցրեց իր ակումբը: Միթե ցավալի չէ դա տեսնել:

Ցավոք, ես չեմ կարող երկու թիմ ունենալ մեկ առաջնությունում: Ես միայն կարող եմ ասել, որ եթե մարդը սիրում է իր քաղաքը եւ մարզը, նա պետք է անի հնարավորինս, որպեսզի թիմը շարունակի գոյություն ունենալ: Ես չգիտեմ՝ արդյոք Արման Սահակյանը կշարունակի պահել ակումբը, կվաճառի, թե կնվիրի: Դա երկրպագուներին հետաքրքիր չէ: Նրանց հետաքրքրիր է, որպեսզի թիմը գոյություն ունենա եւ դրական հույզեր պարգեւի իրենց: Ինձ բացարձակ դուր չեկավ, երբ Արման Սահակյանը, իմանալով, որ առաջին հերթին մեղավորն ինքն է, այլ ոչ թե Արարատ Հարությունյանը, նեղացած էր ձեւանում: Դա սխալ է: Իսկ թիմը պետք է գոյություն ունենա: Այն պետք է մարզին:

Հաջորդ տարի Հայաստանի Բարձրագույն լիգայում միանգամից երեք նոր թիմ կհայտնվի: Ի՞նչ եք կարծում, դա կավելացնի՞ հետաքրքրությունը առաջնության հանդեպ:

Իհարկե, դա կավելացնի հետաքրքրությունը: Որքան ավելի շատ թիմեր լինեն, այնքան լավ, որքան ավելի ուժեղ թիմեր լինեն, այնքան ավելի լավ: Ես ուզում եմ, որ մենք մրցունակ առաջնություն ունենանք: Մենք պետք է խաղանք ուժեղ մրցակիցների հետ, եւ այդ դեպքում կլինենք ուժեղ: Այլ կերպ չի լինում:

Ի՞նչ կարծիքի եք Մոսկվայի «Արարատի» մասին:

Կարծում եմ՝ «Արարատը» սուրբ անուն է, որին պետք է համապատասխանաբար վերաբերվել: «Արարատը» սուրբ թիմ է յուրաքանչյուր հայի համար: Մոսկվայի «Արարատի» թեման ինձ մոտ երեք տարի ավելի շուտ էր հայտնվել, քան՝ դրա սեփականատերերի: Այս գաղափարով ինձ մոտ Հայաստանում հայտնի մի մարդ էր եկել: Ես նրան ասացի, որ այս գաղափարը ուտոպիստական է: Չի կարելի ազգային հիմունքով թիմ ստեղծել, ինձ այդ գաղափարը դուր չէր եկել: Երեք տարի անց նա գտավ այլ մարդկանց, եւ ես շատ ուրախ եմ, որ նրանք հասկացան, որ նման գաղափարով եւ նման անունով թիմը չի կարող գոյություն ունենալ Ռուսաստանի առաջնությունում: Կարծում եմ, Հայաստանում միայն մեկ «Արարատ» պետք է լինի:

Վերջերս Հայաստանի հավաքականը, մեղմ ասած, ոչ այդքան հաջող է հանդես գալիս, իսկ հայկական ակումբներն արդեն երկար տարիներ է լավ արդյունքներ ցույց չեն տալիս Եվրոգավաթներում: Կարելի՞ է արդյոք հույս ունենալ, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում հայ երկրպագուն կհիշի ֆուտբոլի հաղթանակների քաղցր համը:

Հայաստանում ակումբային ֆուտբոլով զբաղվող մարդիկ անում են եւ կանեն ամեն ինչ, որ ակումբները Հայաստանում ուժեղ լինեն: Երբ ակումբներն ուժեղ են, ուժեղ է նաեւ հավաքականը: Վստահ եմ, որ մենք դեռ կուրախացնենք հայկական ֆուտբոլի հաջողություններով:

Շնորհակալություն հարցազրույցի համար:

Շնորհակալություն եւ Ձեզ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ