News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Արցախում  հակառակորդի արձակած կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող։ Նախօրեին ուշ երեկոյան Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20–ամյա Գևորգ Խաչատրյանը:

Զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Հուլիսի 1–ից Հայաստանի անապահով ընտանիքների համար կարող է 10 դրամով նվազել էլեկտրաէներգիայի սակագինը։ Այսպիսի հայտարարություն հնչեց կառավարության նիստում։ Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը պարզաբանեց, որ խոսքը 110-120 հազար անապահով ընտանիքների մասին է։

Կառավարությունն իր այսօրվա որոշմամբ ամբողջացրեց Հայաստանի մարզպետների նշանակումների ցանկը։ Սյունիքի մարզպետ նշանակվեց Կարեն Համբարձումյանը, իսկ Արմավիրի մարզպետ՝ Գագիկ Միրիջանյանը։

Կառավարության որոշմամբ  Մարտին Սարգսյանն այսօր ազատվել է կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից։ Մեկ այլ որոշմամբ՝  Նարեկ Սարգսյանն էլ ազատվել է կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից: Նշենք, որ Նարեկ Սարգսյանը մի քանի տարի զբաղեցրել է Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, եւ նրա ճարտարապետական նախաձեռնությունները ոչ միանշանակ են ընդունվել հանրության կողմից։

Ստեփանակերտում հունիսի 1–ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով մեղադրյալների թիվը հասավ 7–ի։ Այսօր մեղադրանք է առաջադրվել եւս երեք անձի: Նրանք մեղադրվում են դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու եւ խուլիգանություն կատարելու մեջ։ Նրանցից 2–ը ստորագրությամբ ազատ են արձակվել՝ հաշվի առնելով, որ նրանք ստացիոնար բուժում են ստանում, 3–րդը կալանավորվել է։։

«Սասնա ծռերի» անդամներին շարունակում են ազատ արձակել։ Այսօր դատավոր Արշակ Վարդանյանը որոշում է կայացրել փոխել Արամ Հակոբյանի ու Պավլիկ Մանուկյանի որդու՝  Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանավորումը: Արդեն ազատության մեջ Արամ Մանուկյանը պատրաստվում է բուժումներ ստանալ եւ շարունակել ուսումը:

61 տարեկանում ինքնասպան է եղել ամերիկացի հայտնի շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենը։ Բուրդենն ինքնասպան է եղել Ֆրանսիայում, որտեղ  աշխատում էր իր հաղորդման հերթական նկարահանումների վրա:  Բուրդենի  մարմինը հյուրանոցի համարում գտել է նրա մտերիմ ընկերը ֆրանսիացի հայտնի շեֆ-խոհարար  Էրիկ Րիպերը։

Անցաց տարի Բուրդենը Սերժ Թանկյանի ուղեկցությամբ այցելել էր Հայաստան եւ Արցախ, որտեղ համտեսել էր տոլմա, ժենգյալով հաց, խորոված, թանապուր, խաշ եւ այլն։ Իր այցի տպավորությունները  մայիսի 20-ին CNN-ը ցուցադրել էր  Parts Unknown հաղորդման շրջանակներում։

Դոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել են:  Դոլարի փոխարժեքը կազմել է 483.22 դրամ, եվրոն՝ 568.41 դրամ, բրիտանական ֆունտը՝ 648.24 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.70 դրամ:

Հայաստանի մարզերի մեծ մասում հունիսի 8–ին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Որոշ վայրերում հնարավոր է կարկուտ: Երևանում ժամանակ առ ժամանակ կլինի անձրեւ եւ ամպրոպ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +14 +16, վաղը կեսօրին՝ +27 +29:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ