News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի ուղղությամբ հակառակորդի հերթական սադրանքը հայկական կողմի պատասխան գործողությունների է հանգեցրել: Երկու օր շարունակ ադրբեջանական զինված ուժերը փորձել են որոշ տեղամասերում դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմը պատասխան կրակ է բացել, ինչի արդյունքում հակառակորդի դիրքերից մեկն ամբողջությամբ այրվել է: Փոխհրաձգության ընթացքում հայ զինծառայող է վիրավորվել. պայմանագրային Վահագն Բաղդասարյանը, բարեբախտաբար, թեթեւ վիրավորում է ստացել:

Ադրբեջանցիները սադրանքի են դիմել նաեւ Արարատի մարզի ուղղությամբ. նրանք կրակոցներ են արձակել Զանգակատուն գյուղի հարեւանությամբ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհը մարող հրշեջների, քաղաքացիների եւ զինվորների ուղղությամբ:

Մեկնարկել է 2018 թվականի ամառային զորակոչը. այսօր պարտադիր զինվորական ծառայության են մեկնել առաջին նորակոչիկները: Երիտասարդների մայրերը չեն կարողանում թաքցնել հուզմունքը, իսկ հայրերն ու պապիկները վերջին խորհուրդներն են տալիս հայրենիքի պաշտպաններին:

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը վստահեցնում է՝ բանակը կարող է իր զինվորին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով: Իսկ թերությունների կամ ահազանգերի դեպքում Արտակ Դավթյանը հորդորում է անհապաղ տեղեկացնել իրենց: Արտակ Դավթյանը վստահեցնում է նաեւ, որ արտերկրում բնակվող մեծ թվով երիտասարդներ արդեն արձագանքել են վարչապետի կոչին. վերադարձել են Հայաստան ու պարտադիր զինծառայության են մեկնելու:

Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ մի կերպ հանգուցալուծում չի ստանում: Չնայած պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի կոչերին՝ Ամուլսարի հանքի ճանապարհները փակած վայոցձորցիները վճռական են տրամադրված. պատրաստվում են բողոքի ակցիաները շարունակել այնքան ժամանակ, մինչեւ հանքը վերջնականապես փակվի:

Ակցիաներին միացած բնապահպան ակտիվիստները երեկ Երեւանից ավտոերթով հասել են Ջերմուկ, ճանապարհին ստորագրահավաք անցկացրել Վայոց ձորի բնակավայրերում: Ակցիայի մասնակիցները նշում են, որ հանքի շահագործման արդյունքում ծանր մետաղներն Արփա գետով Սեւանա լիճ են հասնելու, այնտեղից էլ Արարատյան դաշտ, ինչն անթույլատրելի են համարում: Նրանք նաեւ չեն հավատում շահագործումն անվտանգ դարձնելու՝ «Լիդիան Արմենիա»-ի խոստումներին: Ի դեպ՝ հանքի շահագործման արդյունքում շրջակա միջավայրին հասցվելիք վտանգների մասին ահազանգել են նաեւ միջազգային փորձագետները: Իսկ «Լիդիան Արմենիա»-ն արդեն վնասներն է հաշվարկում. ընկերության տնօրենի խոսքով՝ բողոքի ակցիաների պատճառով իրենք արդեն 3.5 միլիոն դոլարի վնաս են կրել: Ընկերությունը մտադիր է դատարան դիմել:

562 հազար դոլար՝ Գյումրիում տնակներում ապրողներին բնակարանով ապահովելու համար: Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաքը Գյումրիի համար: Այս տարի այն 4-րդ անգամ էր անցկացվում: Հիմնադրամը նախատեսում է յուրաքանչյուր բնակարանի համար տրամադրել շուրջ 25 հազար դոլար: Հիմնադրամի հեռուստամարաթոն-դրամահավաքների արդյունքում անցած 3 տարիների ընթացքում 38 ընտանիք հրաժեշտ է տվել տնակային կյանքին, իր հերթին սպասում է ավելի քան 2.000 ընտանիք:

Հայտնի հայ աստղագետ Երվանդ Թերզյանը բացառիկ ծառայության համար արժանացել է NASA-ի մեդալին: Պարգեւատրման արարողությունն օգոստոսի 2-ին է: Սա, ի դեպ, NASA-ի կողմից շնորհվող ամենաբարձր մրցանակն է: Եգիպտոսում ծնված Երվանդ Թերզյանն ամերիկյան Քորնելի համալսարանի պրոֆեսոր է: Նա հայտնի է աստղերի էվոլյուցիայի եւ հեռավոր գալակտիկաների միջեւ գազային ջրածնի հայտնաբերման բնագավառում հետազոտությամբ: Երվանդ Թերզյանը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ է, 235 գիտական աշխատանքի հեղինակ, 7 գրքերի խմբագիր:

Մահացել է սիրված երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը. նա 63 տարեկան էր: Երգչուհին երկար ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ: Վերջին շրջանում Նադեժդա Սարգսյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում էր: Երգչուհին «Հայեր» համույթի եւ մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավարն էր, «Դո-ռե-մի» մրցույթի եւ վոկալ ստուդիայի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը: 2003 թվականից ղեկավարում էր Երեւանի մշակույթի պետական քոլեջը:

Սյունիքի մարզում ողբերգական ավտովթարը 4 մարդու կյանք է խլել: Երեւան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են ՎԱԶ 2107 եւ ԳԱԶ 53 մակնիշի մեքենաները: Պատահարի հետեւանքով զոհվել են ՎԱԶ 2107-ի 4 ուղեւորները՝ 37-ամյա Մելինե Ադունցը, ինչպես նաեւ 39-ամյա Մարինե Հարությունյանն ու նրա անչափահաս որդիները՝ 15-ամյա Գոռ եւ 10-ամյա Սերգեյ Դոլունցները: Մեքենայի վարորդն ու մյուս ուղեւորը՝ 9-ամյա Արման Դարբինյանը, մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել: Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել:

Հայաստանի քաղաքացիների մասնակցությամբ մահվան ելքով վթար է տեղի ունեցել նաեւ Ռուսաստանում: Լիպեցկի մարզում «Hyundai Sonata» եւ «Volkswagen Passat» մակնիշների մեքենաների բախման հետեւանքով զոհվել են «Volkswagen»-ում գտնվող Հայաստանի 5 քաղաքացիներից 4-ը՝ ամուսիններ եւ նրանց 10 եւ 1 տարեկան երեխաները: Ընտանիքի մյուս երեխան՝ 8 տարեկան, տեղափոխվել է Լիպեցկի մարզային մանկական հիվանդանոց: Բուժհաստատությունից Հայաստանի դեսպանությանը տեղեկացրել են, որ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:

Հուլիսի 2-ին դոլարը փոքր-ինչ թանկացել է, եվրոն ու ռուբլին՝ էժանացել: Դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 561, ռուբլունը՝ 7 դրամ 69 լումա, ֆունտինը՝ 634 դրամ:

Հուլիսի 3-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Ուլրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը՝ 7: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն լինի: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +23+25, ցերեկը՝ +39+41 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ