News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Հետախուզում է հայտարարվել Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի եւ նրա թիկնապահի նկատմամբ: ԱԱԾ-ն տվյալներ է ունեցել, որ Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանում, որը պատկանում է 31-ամյա Նարեկ Սարգսյանին, առանձնապես խոշոր չափերով թմրանյութ եւ զենքեր կան: ԱԱԾ աշխատակիցները մի քանի օր շարունակ դարանակալել են նշված հասցեում, սակայն ի վերջո շենքից դուրս գալիս բերման են ենթարկել Սարգսյանի ընկերներին՝ Սերոբ Սահակյանին եւ Վլադիմիր Շահինյանցին: Իրավապահները պարզել են նաեւ, որ Սարգսյանն իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ Մոսկվայում է, որտեղից պատրաստվում է եվրոպական որեւէ երկիր մեկնել: Բերման ենթարկվածների մոտ գտնվող ճամպրուկներում, որը Սերոբ Սահակյանը պատրաստվում էր այլ վայր փոխադրել, ԱԱԾ-ականները հայտնաբերել եւ առգրավել են կոկաին եւ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, 4 ատրճանակ, որոնցից մեկը՝ խլացուցիչով, փամփուշտներ, անհայտ ծագման հաբեր, թմրանյութ օգտագործելու նպատակի ծառայող այլ առարկաներ: Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում ԱԱԾ-ն հայտնաբերել է նաեւ Մարտիրոս Սարյանի վրձնին պատկանող 14 գծանկար՝ շուրջ 280 հազար դոլար ընդհանուր արժողությամբ, 115 հազար դոլար, 27 հազար  եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ եւ զարդեր, որոնց ձեռքբերման օրինականությունը ստուգվում է:

ԱԱԾ-ն երեկ շուրջ 8 ժամ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի տանը գործողություններ իրականացնելուց հետո հեռացավ Սարգսյանի եւ նրա որդու՝ Հայկ Սարգսյանի հետ: Մինչեւ հիմա պաշտոնական որեւէ տեղեկություն չի հրապարակվել, թե ինչ են հայտնաբերել Սարգսյանների տանը, ինչպես նաեւ արդյո՞ք բերման են ենթարկել կամ ձերբակալել հայր եւ որդի Սարգսյաններին: Սոցցանցերի հրապարակումների համաձայն՝ Ալեքսանդր եւ Հայկ Սարգսյաններն ազատության մեջ են: Մինչ այդ, սակայն, Քննչական կոմիտեն վերսկսել է 2007 թվականի ապրիլին Երեւանի բնակիչ Դավիթ Սիմոնյանի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առիթով հարուցված գործի նախաքննությունը: Վերջինին սպանելու փորձի մեջ Հայկ Սարգսյանն է կասկածվում: Քննությունը նոր փաստական տվյալներ ունի, որ տուժողի ուղղությամբ կրակոց է արձակել հենց Հայկ Սարգսյանը: Նրան դատավարական կարգավիճակ է տրվել: Նախաքննությունը շարունակվում է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր: Մեկ օրվա ընթացքում նա հասցրել է լինել Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Ագարակում, Քաջարանում եւ Կապանում: Մի քանի համայնքներում նա հանդիպումներ է ունեցել ինչպես քաղաքացիների, այնպես էլ առանձին հանդիպումներ՝ համայնքային ղեկավարների հետ: Վաղը Նիկոլ Փաշինյանը կլինի Վայոց ձորում: Այստեղ առաջին հանդիպումը Ջերմուկում է, որտեղ վարչապետին, թերեւս, մեծ անհամբերությամբ են սպասում. Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ցուցարարների հետ:

ԵԿՄ-ում այսօր միության ակտիվի նիստ է անցկացվել: Լրատվամիջոցներին նիստի մասին չէին տեղեկացրել, իսկ ավելի ուշ տարածված հաղորդագրությամբ ԵԿՄ-ից հայտնեցին, որ ավելի քան 200 երկրապահներ հավաքվել էին՝ քննարկելու ԵԿՄ-ում ստեղծված իրավիճակը, դիտարկելու միության կառուցվածքի վերաբերյալ առաջարկները, ԵԿՄ առաջիկա վարչության նիստի եւ արտահերթ համագումարի հետ կապված հարցեր: Նաեւ ԵԿՄ վարչության նախագահի հարց է քննարկվել. այդ պաշtոնում ներկայացրել են ԵԿՄ անդամ, ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանի թեկնածությունը: Վերջինը չի մերժել. ասել է՝ իրավունք չունի չհամաձայնելու: Նիստի մասնակիցները նաեւ ԵԿՄ արտահերթ համագումար հրավիրելու հարցն են քննարկել: Արամ Սարգսյանի առաջարկով այն, հավանաբար, կգումարվի սեպտեմբերին:

Երեւանում տոնական մթնոլորտում նշվեց Սահմանադրության օրը: Տոնական միջոցառման մասնակից կուրսանտները Հայաստանի զինանշանով եւ հսկայական եռագույնով անցան մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով: Նշենք, որ Սահմանադրության օրը՝ Հանրապետության հիմնարար փաստաթղթի տոնը, ամեն տարի նշվում է հուլիսի 5-ին: Մի քանի տարի շարունակ այդ օրը նշվում է նաեւ որպես պետական խորհրդանիշերի օր:

Իսպանիայի ոստիկանությունն ու Ինտերպոլը հայտնել են կազմակերպված հանցավորության ցանցի ոչնչացման մասին. այն Կովկասից մինչեւ Իսպանիա ու Ֆրանսիա էր ձգվում: Ինտերպոլը հայտարարել է 129 անձի կալանավելու մասին, որոնց մեծ մասը հայեր են: Նրանց կասկածում են հանցագործությունների, այդ թվում՝ զենք պահելու ու զարդերի գողությունների մեջ: Կասկածյալներին ձերբակալել ու կալանավորել են Իսպանիայում ու Ֆրանսիայում: Նրանցից մի քանիսը միջազգային հանցավոր խմբի բարձրաստիճան անդամներ են:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն ու շվեդական «Յուրգորդենը» խզել են պայմանագիրը: Պաշտոնական հայտարարությունը տարածել է շվեդական ակումբի մամուլի ծառայությունը: Հունիսին Մովսիսյանը վիրահատվել էր, իսկ վերականգնողական փուլը կտեւի մինչեւ սեպտեմբեր: Հայ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել մայիսի 17-ին Շվեդիայի առաջնության 9-րդ տուրի խաղի հենց առաջին խաղակեսում: Մովսիսյանը, փաստորեն, երեք ամսից քիչ ավելի անցկացրեց «Յուրգորդեն»-ում, թեեւ մարտի վերջին 6 ամիս ժամկետով պայմանագիր էր կնքել շվեդական ակումբի հետ:

Հուլիսի 6-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-7-ը 3-4 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն լինի: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +24+26, ցերեկը՝ +39+41 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ