News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Օգոստոսի 28-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կգումարվի: Որոշումն այսօր կայացրել է կառավարությունը: Օրակարգում «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծն է: Դրանով նախատեսվում է 2018 թվականին ավելացնել Սեւանա լճից ջրառը՝ 170 մլն խմ-ից հասցնելով 210 մլն խմ-ի: Այդ կերպ կառավարությունը փորձում է լուծել ոռոգման ջրի դեֆիցիտը: Հարցը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանն ասել է՝ սա նոր կառավարության օրակարգում ներառված, թերեւս, ամենաանցանկալի հարցերից է:

Վարչապետը վերջերս պարզել է, որ Հայաստանում ոչ միայն «ստվերային տնտեսություն», այլեւ «ստվերային գյուղատնտեսություն» կա: Դրանք նույնպես ջրային չարաշահումների պատճառ են դառնում: Գյուղնախարար Արթուր Խաչատրյանը դժվարացել է նշել, «ստվերային այգիների» հետեւում օլիգարխնե՞ր են, թե՞ շարքային քաղաքացիներ: Ընդգծել է միայն, որ խնդիրը պետք է համայնաքապետարաններին անհանգստացնի, քանի որ դա ազդում է համայնքային բյուջեի վրա:

Երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետը հայտարարել էր միկրոբիզնեսի եւ արտադրանք թողարկող ընկերությունների նկատմամբ մեղմ վարչարարություն իրականացնելու անհրաժեշտության մասին: Կառավարությունը պատրաստվում է Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխություններ առաջարկել: ՊԵԿ նախագահն այսօր ասել է՝ սեպտեմբերին Ազգային ժողով փոփոխությունների փաթեթ կներկայացնեն:

Դավիթ Անանյանը նաեւ նշել է, որ եկամտահարկի նվազեցման 8-9 սցենար կա: Կառավարությունում արդեն քննարկումներ են ընթանում, եւ ՊԵԿ նախագահը հույս ունի, որ արդեն սեպտեմբերին այդ հարցով միասնական դիրքորոշում կունենան: Ինչ վերաբերում է ԱԱՀ-ին:

Ռոբերտ Քոչարյանը «Զվարթնոց»-ում որեւէ բաժնեմաս չունի եւ երբեւէ չի ունեցել: Նման հաղորդագրություն է տարածել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ արձագանքելով լրատվամիջոցներում տարածված լուրերին: Վերջերս տված հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահն ինքն էլ հերքել էր այդ տեղեկությունը: «Արմենիա միջազգային օդանավակայանները» նաեւ պատրաստակամություն է հայտնել այս փաստը հաստատելու համար համապատասխան փաստաթղթեր ներկայացնել:

Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը ԿԸՀ-ին է ներկայացրել Երեւանի ընտրողների թիվը. սեպտեմբերի 23-ին կայանալիք քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի 853.390 քաղաքացի: Ընտրողների ցուցակը ոստիկանության կայքում կտեղադրվի սեպտեմբերի 3-ին: Իսկ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերը պետք է փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնեն մինչեւ օգոստոսի 29-ը: Ինչ վերաբերում է քարոզարշավին. հաշվի առնելով, որ այս ընտրություններն արտահերթ են, քարոզարշավը կտեւի ընդամենը 12 օր՝ սեպտեմբերի 10-21-ը: Այս պահի դրությամբ, Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու մտադրություն է հայտնել 9 քաղաքական ուժ: ՀԱԿ-ը չի մասնակցի այս ընտրություններին, իսկ ՀՅԴ-ում դեռ քննարկում են հարցը:

Գերմանիայի կանցլերի՝ Հարավային Կովկաս կարճատեւ այցի օրակարգը հայտնի է: Անգելա Մերկելն այսօր արդեն Վրաստանում է, օգոստոսի 24-ին կժամանի Հայաստան, իսկ հաջորդ օրը կմեկնի Ադրբեջան: Թբիլիսիում եւ Երեւանում նախանշված հանդիպումներում նա կքննարկի երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, իսկ Բաքվում կանդրադառնա նաեւ մարդու իրավունքների, մամուլի ազատության եւ քաղաքացիական հասարակության խնդիրներին: Անգելա Մերկելը պատրաստվում է նաեւ Ադրբեջանի ղեկավարության հետ խոսել Բաքվի հայտնի «սեւ ցուցակի» մասին, որում օրերս Արցախ այցելելու համար ընդգրկվել է նաեւ նրա գլխավորած կուսակցությունից պատգամավոր Ալբերտ Վայլերը:

Բաքվի որոշումը դատապարտել է նաեւ պաշտոնական Ստեփանակերտը եւ Վայլերին կրկին Արցախ այցելելու հրավեր ուղարկել՝ «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական խմբի հետ համագործակցությանն առնչվող հարցեր քննարկելու համար:

Օգոստոսի 23-ին դոլարը, եվրոն եւ ռուբլին էժանացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 558, ռուբլունը՝ 7 դրամ 00 լումա, ֆունտինը՝ 621 դրամ:

Օգոստոսի 24-ին Լոռիում եւ Տավուշում սպասվում է թույլ անձրեւ, առանձին հատվածներում՝ մառախուղ: Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա: Երեւանում վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +19+21, ցերեկը՝ +32+34 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ