ԻՊ-ի դեմ պայքարի մասին Թուրքիայի հայտարարությունները միշտ կրել են եւ կրում են դեկլարատիվ բնույթ: Այս մասին NEWS.am- ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեւսկին:
Նրա խոսքերով, ԻՊ-ի դեմ պայքարի մասին հայտարարությունների ֆոնին թուրքական զորքերի Սիրիա ներթափանցման հիմնական խոչընդոտներից մեկը Ռուսաստանի ներկայությունն է այնտեղ: «Այն տարածքները, որոնք կարող են թուրքական բանակի համար պոտենցիալ թիրախներ դառնալ, նույնպես վերահսկվում են ռուսական ռազմական ոստիկանության կողմից։ Այդ գործոնը Սիրիային քաղաքացիական կյանքի վերադարձնելու գլխավոր երաշխիքներից մեկն է: Բացի դրանից, Սիրիայում Ռուսաստանի ներկայությունը լուրջ զսպիչ գործոն է հնարավոր ագրեսիայից: Ակնհայտ է, որ Անկարայի նման փորձերը ոչ մի հաջողության չեն հասնի», - նշել է փորձագետը:
Նադեին-Ռաեւսկին ընդգծել է, որ ոչ ոք չեղյալ չի հայտարարել Մոսկվայի կողմից Անկարային ներկայացված պահանջը՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունից զորքերի դուրսբերման վերաբերյալ: «Անկարային ռուսական կողմի պահանջները մնացել են անփոփոխ: Դրանք այն մասին են, որ Թուրքիան պետք է սիրիական բանակի վերահսկողության ներքո վերադարձնի այն տարածքները, որտեղ դեռեւս գտնվում են թուրքական զինված ուժերը, մասնավորապես, Իդլիբում», - ավելացրել է նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռեւս 2018 թվականի դեկտեմբերի 19-ին էր հայտարարել ԻՊ-ի դեմ տարած հաղթանակի եւ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրս բերման մասին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իր հերթին, վերջերս հայտարարել էր, որ ռազմական հարաբերությունների իմաստով «Իսլամական պետությունը» պարտվել է Սիրիայում, սակայն մտահոգությունն առ այն, որ որոշ արտաքին ուժեր կարող են օգտագործել կազմակերպության բեկորները` որպես երկրի ներքին գործերին միջամտելու պատրվակ, դեռեւս մնում է։