News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Երեկ Արցախի ներկա ու նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն  ներկայացել էին դատարան՝ երաշխավորելու Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը։ Այսօր, Նիկոլ Փաշինյանը ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում արձագանքել է նախագահների միջնորդությանը։ Նա հայտարարել է, թե նախապես տեղյակ է եղել Բակո Սահակյանի խնդրանքին, սակայն մտադիր չէ միջամտել: «Նա դիմելուց մեկ օր առաջ ինձ տեղեկացրել է, ես իմ վերաբերմունքը հայտնել եմ. բարոյական տեսանկյունից ես դրան նորմալ եմ վերաբերվում, քաղաքական տեսանկյունից՝ որոշ հարցեր կան», - ասել է Փաշինյանը։ «Ինչպե՞ս կվերաբերվեին Արցախի դատարանում, եթե ես փորձեի երաշխավորել ինչ-որ մեկի համար»,- հավելել է նա: Հայաստանի վարչապետը հերքել է կարծիքը, թե Քոչարյանի գործով դատավարությունը նրա հանդեպ անվստահություն կառաջացնի Արցախում: Փաշինյանի համոզմամբ, այնտեղ ինքը հնարավոր է ավելի մեծ աջակցություն է վայելում, քան՝ Հայաստանում:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը այն, ինչ չհասցրեց երեկ՝ արձագանքել գլխավոր դատախազի վերջին ելույթին, արեց այսօր։ Ըստ նրանց՝ Արթուր Դավթյանը իր որոշ ձեւակերպումներով սպառնում էր դատարանին։

Փաստաբանները նաեւ մարտի 1-ից տեսանյութներ ցուցադրեցին լրագրողներին՝ պնդելով, որ ցույցը այդ դրվագներում խաղաղ չի եղել, ինչպես ներկայացվում է մեղադրանքում։

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, որ թափուր է Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո, մի քանի օրից հավանաբար կանցնի Բելառուսի ներկայացուցչին՝ Ստանիսլավ Զասին։ Գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հայատարարել է, որ  նշանակման հարցը կորոշվի մայիսի 22-ին Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում։ «Այսօր այդ պաշտոնը պետք է զբաղեցներ Հայաստանի ներկայացուցիչը, բայց ֆորս-մաժոր տեղի ունեցավ։ Մենք մեկ թեկնածություն ենք ներկայացնելու համաձայնեցման, եւ շատ նախագահներ հավանություն են տվել։ Մենք այդ հարցը կքննարկենք առարկայորեն եւ կոնկրետ»,- ասել է նա։  Երեւանում սակայն մտադիր չեն զիջելու պաշտոնը Մինսկին։ Հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է եւ ոչինչ չի փոխվել, այսօր հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։

Նոր Նորքի նախկին թաղապետ Արմեն Ուլիխանյանը ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք է բաժանել՝ իր թեկնածու եղբոր համար։ Այսպիսի տվյալներ է ձեռք բերել

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը։ Պարզվել է, որ 2017-ին Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի նախկին ղեկավարը եւ ֆինանսական բաժնի նախկին պետը անվճար բժշկական օգնության ուղեգրեր են տվել քաղաքացիներին, փոխարենը պահանջելով քվեարկել պատգամավորության թեկնածու Ղուկաս Ուլիխանյանի եղբոր օգտին։ Բացի ուղեգրերից բաժանվել է նաեւ 10․000 դրամ ընտրակաշառք։ Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանին մեղադրանք է առաջադրվել։ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ըստ որի՝ Կորյուն Աթոյանը 2011-ից 18 թվականներին երբ ռեկտոր էր, վատնել է  առանձնապես խոշոր չափի գումար։ Ըստ մամուլի՝ խոսքը մինչեւ 400 միլիոն դրամի մասին է։ Գործը փոխանցվել է Գլխավոր դատախազություն։

Վարչական դատարանն այսօր անսպասելի վճիռ կայացրեց։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի հայցն ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի բավարարվեց։  Դատարանը պարտավորեցրեց հանձնաժողովին ոչնչացնել Վաչագան Ղազարյանի եւ նրա կնոջ 2017 եւ 2018 թվականների հայտարարագրերը եւ հօգուտ Վաչագան Ղազարյանի բռնագանձել 4000 դրամ որպես դատական ծախս։ Հրապարակումից հետո Վաչագան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց դատավորին։  Ըստ հայցի՝ Վաչագան Ղազարյանը նոր սահմանադրությունից հետո հայտարարագիր ներկայացնելու պարտականություն չի ունեցել։

Դոլարը շարունակում է էժանանալ, փոխարժեքն այսօր կազմել է 479 դրամ, եվրոն 535 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 612, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 43 դրամ:

Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանի առանձին մարզերում օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ: Տեղ-տեղ հնարավոր է կայծակ: Երեւանում շաբաթ եւ կիրակի օրվա երկրորդ կեսին տեղ-տեղ սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +31+33:

 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ