News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանի առաջարկած թվային արժույթը կարող է յուանի գլոբալ օգտագործում սադրել, կարծում է Circle ամերիկյան ընկերության գլխավոր տնօրեն Ջերեմի Ալերը, տեղեկացնում է CNBC-ը։

Չինաստանի Ժողովրդական բանկը (ՉԺԲ) օգոստոսին հայտարարել էր, որ մոտ է սեփական թվային արժույթի թողարկմանը՝ հայտարարելով, որ այդ քայլի հիմնավորումն այն է, որ «պաշտպանի» իր արժութային ինքնիշխանությունը։ Չինաստանի Կենտրոնական բանկը նախատեսում է թողարկել իր թվային տոկենը երկմակարդակ համակարգի միջոցով, որի շրջանակում ինչպես ՉԺԲ-ն, այնպես էլ առեւտրային բանկերը կլինեն օրինական թողարկողներ։

«Ես կարծում եմ, որ դա ողջ աշխարհում չինական յուանի տարածման միջոց է»,- ասել է Circle-ի գլխավոր տնօրենը Ջերեմի Ալերը։  «Դա դառնում է մեխանիզմ, որի օգնությամբ (յուանը) կարելի է օգտագործել ամենօրյա տրանզակցիաներում ողջ աշխարհում»,- ավելացրել է գործարարը։ «Ի վերջո, դա յուանի ինտերնացիոնալացման հիմքն է»։

Վերջին տարիներին Պեկինը պնդում էր, որպեսզի ավելի շատ միջազգային կազմակերպություններ յուանն օգտագործեն Չինաստանի սահմաններից դուրս։

Ամերիկյան դոլարը ներկայում «պահուստային համաշխարհային արժույթն» է։ ԱՄՀ տվյալներով՝ աշխարհում բոլոր արժութային պահուստների մոտ 58 տոկոսը, իսկ համաշխարհային պարտքի մոտ 40 տոկոսը ԱՄՆ դոլարով է։

ՉԺԲ վճարումների դեպարտամենտի փոխտնօրեն Մու Չանչունն ասել է, որ նոր թվային արժույթը նման կլինի Facebook-ի առաջարկած Libra կրիպտոարժույթին։ Նրա խոսքով՝ այն նույնքան անվտանգ կլինի, որքան կենտրոնական բանկի թողարկած թղթադրամները, եւ կարող է օգտագործվել այնպիսի հարթակներում, ինչպիսին է Tencent ընկերության WeChat-ը, եւ անգամ առանց ինտերնետին միանալու։

Libra-ն, որի թողարկումը նախատեսված է 2020-ին, ավելի կայուն կլինի ի տարբերություն բիթքոինների եւ այլ կրիպտոարժույթների, որոնք կարող են սպեկուլյատիվ լինել։

Ալերը նշել է, որ Չինաստանի առաջարկած թվային արժույթը «շրջանցում է արեւմտյան բանկային համակարգը, SWIFT-ը եւ այլն»։ Նա նկատի ունի Բելգիայում գտնվող Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցությունների ընկերությունը, որը թույլ է տալիս ֆինանսական հաստատություններին ինֆորմացիա ուղարկել եւ ստանալ անդրսահմանային վճարումների մասին։

Թվային արժույթը «բավական ռազմավարական» է, ասել է նա։ Նրա խոսքով՝ դա թույլ կտա իշխանություններին ավելի հեշտ հետեւել դրամային առաջարկին, ինչը թույլ կտա Պեկինին լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսին են կոռուպցիան եւ փողերի լվացումը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ