News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հայաստան–Կատար հարաբերություններում նոր էջ է բացվում։ Նախագահ Արմեն Սարգսյանն կարճ այսպես է ամփոփում եռօրյա պաշտոնական այցի արդյունքները Կատարի պետություն։ Հայաստանի քաղաքացիներն այլևս Կատար մեկնելու համար վիզայի կարիք չեն ունենա, սա կնպաստի երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացմանը, կհեշտացնի գործարարների այցերը, ինչն էլ իր հերթին կնպաստի գործարարության կապերի զարգացմանը։

«Սա նաև դուռ է բացելու, որ գործարարներն ավելի արագ ու հանգիստ գան Կատար, տեսնեն հնարավորությունները, որոնք բավական մեծ են։ Եվ հակառակը, կատարցիները գան Հայաստան, տեսնեն՝ ներդրումներ անելու ինչ հնարավորություններ կան»,– լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Սարգսյանը։

Ինտենսիվ հանդիպումների արդյունքում այլ դռներ էլ բացվեցին։ Օրինակ՝ Կատարի հիմնադրամի միջազգային կրթական հարթակում՝ լավ կրթություն ստանալու հեռանկարներ՝ հայաստանցիների համար։ Սա էլ Էմիրի մոր՝ շեյխուհի Մոզայի հետ հանդիպման արդյունքն է։

«Հուսով եմ, որ մեր պետական գործիչները, ուսումնական, գիտահետազոտական հաստատություններն, ինչպես նաև անհատները, որոնք ցանկություն կունենան կրթություն ստանալ այստեղ, կարող են գալ սովորելու։ Ուրախ կլինեմ, որ մեր երիտասարդներն այստեղ լավ կրթություն ստանան, հետո վերադառնան հայրենիք»,– ասաց նախագահը։

Կատարում այսօր շատ հետաքրքրված են ժամանակակից տեխնոլոգիաներով։ Այստեղ Հայաստանը կարող է նաև լուրջ ներդրումների ակնկալիքներ ունենալ։ Տաղանդավոր մարդիկ մեր երկրում շատ են, հարկավոր է միայն աշխատել այդ ուղղությամբ՝ առաջին հերթին ստեղծել լավ կադրեր պատրաստող լավ կրթական համակարգ, նաև նպաստավոր պայմաններ գործարարների համար՝ պետական աջակցություն, ինչու ոչ, նաև հարկային արտոնություններ սահմանելով։ Հայաստանում այս ոլորտում ներդրումների հնարավորություններն ուսումնասիրելու համար Արմեն Սարգսյանը մեր երկիր է հրավիրել Կատարի ղեկավարի, նաև շեյխուհի Մոզային՝ մասնակցելու Հայաստանում կայանալիք միջազգային մի քանի կոնֆերանսների։

« Նրանք շատ հետաքրքրված են նոր տեխնոլոգիաներով, հսկայական գումարներ են տրամադրում այդ ոլորտի զարգացմանը, իսկ մենք ունենք ներուժ։ Մենք դեռևս չունենք այդ ինդուստրիան, բայց ունենք տաղանդավոր ծրագրավորողներ, որոնք կարող են դառնալ այդ արդյունաբերության հիմքը»,– ասաց Արմեն Սարգսյանը։

Արմեն Սարգսյանի հրավերով շուտով Հայաստան կայցելեն Կատարի գործարարները։ Դոհայում նախագահը հանդիպեց Կատարի գործարարների ասոցիացիայի ղեկավարության և ասոցիացիայի անդամ գործարարների ու ընկերությունների ներկայացուցիչների հետ, ներկայացրեց նրանց մեր երկրի ներդրումային ու մրցակցային հնարավորությունները։ Հայաստանը, սերտորեն համագործակցելով Եվրամիության հետ, միաժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ է և կարող է այլ երկրների շուկաներ դուրս գալու տարանցիկ լավ հնարավորություններ առաջարկել՝ ընդգծեց նախագահը։

«Հայաստանը ոչ միայն գեղեցիկ բնությամբ, պատմամշակութային հսկա ժառանգությամբ ու հնագույն պատմությամբ երկիր է, այլև ունի բավականին արագ զարգացող զբոսաշրջության և սպասարկման ոլորտ, նաև՝ կայացած բանկային համակարգ։ Այնպես որ, հրավիրում եմ Հայաստան՝ ծանոթանալու մեր երկրին և գործարար հնարավորություններին, ձեզ համար բացահայտելու մեր երկիրը։ Մեր դուռը բաց է ձեզ համար»,– գործարարներին ասաց նախագահը։

Մանրածախ առևտրի ոլորտում ներգրավված «Աբու Իսա» հոլդինգի  ներկայացուցիչը Հայաստան այցելության պատրաստվող գործարարներից մեկն է։ Հույս ունի, որ Հայաստանի հայերի հետ նույնքան հեշտ կլինի աշխատելը, որքան արտասահմանում ապրող հայերի հետ, որոնց ճանաչում է։

«Ցավոք, մենք Հայաստանի մասին շատ բան չգիտեինք, բայց տպավորված ենք նախագահի պատմածով։ Ես հիմա մտածում եմ Հայաստանում բիզնես սկսելու մասին։ Նախագահը մեզ հրավիրել է Հայաստան՝ բացահայտելու ձեր երկրի հնարավորությունները։ Կարծում եմ՝ կգանք հաջորդ տարվա առաջին կեսին, ինչը հնարավորություն կտա ոչ միայն ուսումնասիրելու բիզնես հնարավորությունները, այլև հիանալու Հայաստանի գեղեցիկ բնությամբ»,– լրագրողներին ասաց «Աբու Իսա» հոլդինգի  փոխնախագահ Նամիլ Աբու Իսան։

Բացի զբոսաշրջությունից կա ևս մեկ ուղղություն, որը կարող է գրավել կատարցի գործարարներին։ Սննդի անվտանգությունը, ինչի շուրջ նախագահը զրուցել է նաև Կատարի քաղաքի և շրջակա միջավայրի հարցերով նախարարի հետ։

Սննդի վերամշակում և հանքային ջրերի  արտադրություն, ահա արտադրանքը, որը կարող է գրավել կատարցի գործարարներին Հայաստանում։ Երկուսի պահանջարկն էլ Կատարում մեծ է։

Պաշտոնական այցի վերջին օրը նախագահը հանդիպեց նաև Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ։

Ընդհանուր առմամբ՝ Արմեն Սարգսյանն այս այցը շատ արդյունավետ է համարում։ Պարսից ծոցի և արաբական աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը համարվող Կատարի հետ հարաբերությունների սերտացումը շատ հեռանկարներ կարող է բացել Հայաստանի համար։ Ժամանակակից ճարտարապետությամբ հպարտացող երկնաքերերի այս քաղաքում այս պահին բուռն շինարարություն է ընթանում։ 2022–ին ֆուտբոլի աշխարհի առաջնությունը պատշաճ հյուրընկալելու համար Կատարում 9 ստադիոն է կառուցվում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ