News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվն ավելացել է մեկով, վարակվածներինը՝ 146-ով: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 3538 է: Փաստացի այս պահին բուժվում է 2042 մարդ, ապաքինվել է 1430-ը, 47-ը՝ մահացել: Եվս 2 քաղաքացի, որոնց մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 19 է:

Հնարավոր է՝ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները թուլացնելուն զուգահեռ՝ տնից դուրս գալիս դիմակ կրելը դառնա պարտադիր: Այս մասին NEWS.am-ին ասել է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։ «Հարցը դեռեւս քննարկվում է»,- ասել է նա: Օրակարգում է նաեւ 2 օրից ավարտվող արտակարգ դրությունը երկարացնելու հարցը:

Կենտրոնական բանկի դիմաց լարված իրավիճակ է սկսվել ոստիկանների եւ այնտեղ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների միջեւ, որոնք երկրորդ օրն է  բողոքում են վարկային կազմակերպությունների բարձր տոկոսադրույքների դեմ։ Նրանք պահանջում էին հանդիպում Կենտրոնական Բանկի ներկայացուցչի հետ: Կրքերը բորբոքվել են, երբ ոստիկանները փորձել  են բերման ենթարկել կազմակերպիչներից Մանուել Մանուկյանին։  Ոստիկաններն ուժով մեքենա են նստեցրել նրան եւ մի քանի քաղաքացիների։ Բերման ենթարկվածներն ավելի ուշ ազատ են արձակվել։

Մինչեւ այդ Մանուկյանն ու նրա կողմնակիցները շարունակում էին հնչեցնել իրենց պահանջները՝  լիցենզիայից զրկել վարկային կազմակերպություններին։ Մասնակիցների խոսքով՝ 1000–ից ավելի քաղաքացիներ են ստորագրություն տվել, որ միանում են այդ պահանջին։

Ազգային ժողովում հերթական սկանդալային միջադեպն է գրանցվել։ Մարդու իրավունքների պաշտպանի 2019-ի զեկույցի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ դիմելով օմբուդսմենին հայտարարել է, թե Հայաստանում իշխող հոգեբանական բռնության մթնոլորտի հանդեպ նրա վերաբերմունքը զրոյական է: Ըստ նրա՝ 2 տարի շարունակ իշխանության մեջ գտնվող առանձին մարդիկ ամենօրյա ռեժիմով ենթարկվում են տեռորի, հոգեբանական եւ այլ տիպի բռնությունների: Հակոբյանը նաեւ հայտարարել է, թե ՄԻՊ-ի կանոնադրությունում չի գտել կետ, որտեղ ասվում է, թե եթե բռնություն է գործադրվում քաղաքական մեծամասնության ներկայացուցչի նկատմամբ, պաշտպանը պետք է լռի:

Պարոն Վաղարշակ Հակոբյան, չհամարձակվեք մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել ինձ վրա, մյուս անգամ չփորձեք իշխանական դիրքերից խոսել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ, ի պատասխան հայտարարել է Արման Թաթոյանը:

Նիստը վարող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հանդիմանել է օմբուդսմենին՝ հարգանքով խոսելու կոչ անելով նրան։

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի հիվանդանոցի բուժանձնակազմը բողոքում է աշխատավարձի թերի վճարումից։ Բուժքույր Աննա Այվազյանը պատմել է, որ  երբ հիվանդանոցի ավելի քան 20 աշխատակիցների մոտ կորոնվիրուս էր հայտնաբերվել, նրանց մի մասն ուղարկվել էր ինֆեկցիոն հիվանդանոց, մնացյալին ղեկավարությունը կոչ էր արել ինքնամեկուսանալ: Իսկ հիմա ղեկավարությունն ասում է, որ պետք է աշխատավարձ ստանան բյուլետենի հիման վրա, ասինքն հասանելիք գումարի 80 տոկոսը:

«Իզմիրլյան» բուժկենտրոնում ստացիոնար բուժում անցնող Ռոբերտ Քոչարյանն առավոտյան վիրահատվել է։ «Նախագահ Քոչարյանի ինքնազգացողությունը բավարար է, նա գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո»,- ասված է երկրորդ Նախագահի գրասենյակի հաղորդագրությունում:

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն արձանագրել է, որ վերջին կես տարում սա արդեն նրա երրորդ վիրահատությունն է՝ կապված առողջական նույն խնդրի հետ, և կան հստակ ցուցիչներ առ այն, որ հիվանդությունն առաջացել է հենց բանտարկության ընթացքում: Սողոմոնյանն արձանագրել է նաև, որ Ռոբերտ Քոչարյանը, ըստ մասնագետների, ապահոված չի եղել բավարար պայմաններով՝ առողջությունը լիարժեք վերականգնելու համար. ամեն հերթական անգամ նրան թույլ չի տրվել ամբողջովին ավարտել ռեաբիլիտացիոն շրջանը բուժհաստատությունում:

Քանի որ Ռոբերտ Քոչարյանը չի փախել արդարադատությունից, նա կարող է դատավարությանը մասնակցել ազատության մեջ, լրագրողների հետ հանդիպմանը հայտատարարել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։  Ես 20 տարի բռնադատված եմ եղել, բայց դրանից հետո ինձանից ներողություն են խնդրել, ասել են՝ դուք ճիշտ էիք, մենք՝ սխալ, այսինքն նույնիսկ դատարանի որոշումից հետո կարող է պարզվել, որ մարդն անմեղ է, ասել է Հայրիկյանը։

Վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանի հետ խոսել եմ, խնդրել եմ, որ գոնե մայիսյան եռատոնի հետ կապված զոհված ազատամարտիկների ընտանիքների 30 հազար պարգեւավճարի վրա նաեւ որոշակի գումար ավելացնեն, բայց դրական արձագանք չստացա:  Այս մասին էլ ասուլիսում ասել է «Մեզ բացակա չդնեք» հասարակական կազմակերպության անդամ Սաթենիկ Խլղաթյանը:

«Հանրային վերահսկողության կենտրոնի» նախագահ Բաբկեն Հարությունյանն անընդունելի է համարում Ազգային ժողովում «Սեռական շահագործումից եւ սեռական բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացումը։  «Անհասկանալի էր, որ արտակարգ դրության ժամանակ բերեցին ու արագի մեջ անցկացրին»,- ասել է նա։

Հայ հոգեւորականներին զայրացրել է խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հերթական միտքը, թե եկեղեցին անհատները չեն եւ Հայ եկեղեցու վարկանիշն ընկել է։ Մեր օրերում  անզգույշ խոսքերն ու վարմունքը տարածվում են Ազգային Ժողովի ամենաբարձր ամբիոնից, մի վայր, որտեղ մտքին եկածն արատաբերելը կարող է մեծ հետեւանքներ ունենալ, Ֆեյսբուքում գրել է Համբարձում քահանա Դանիելյանը։ Ազգային Ժողովը կարծիքը այլեւս կարծիք չէ, այլ՝ պնդում, եթե մեկը չի տիրապետում իր խոսքի ճշմարտությանը, ավելի լավ է չխոսի, գրել է քահանան, հորդորել զուսպ լինել եւ հեռու մնալ Հայ Եկեղեցուց։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը եւ նրա կինը՝ գեղասահորդուհի Տատյանա Նավկան, վարակվել են կորոնավիրուսով:  Պեսկովը հիվանդանոցում է: Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվել են նաեւ Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, շինարարության նախարար Վլադիմիր Յակուշեւը, մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան:

ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.13 դրամով եւ հասել 487.15 դրամի։ Եվրոյի փոխարժեքն աճել է 0.84 դրամով ու կազմել  527.05 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.45 դրամով ու կազմել  600.56 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.04 դրամով ու հասել 6.63 դրամի։

Մայիսի 13-ին օրվա երկրորդ կեսին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի: Երեւանում եւս անձրեւ կտեղա։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8 +10, վաղը ցերեկը` +21 +23:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ