News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 28
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ո՞վ ասաց՝ ձայն չեմ հանել, ես ամեն օր էլ այնտեղ եմ, գիշերներն էլ եմ այնտեղ հերթապահում, որ մնացած ծառերն էլ․․․ որովհետև գիտեք, թե այդ ծառերը ոնց են կտրել, ես նկարած ունեմ մինչև շինարարության սկսելը և շինարարությունից հետո, կողքերը փորել են, արմատները բացել են, ծառը չորացել, փտել է։ Տարբեր մեթոդներ  կան, որոնք կիրառում են սրճարանի տերերն ու բնությունը չսիրող մարդիկ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանն՝ անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատություններին, թե Մաշտոցի պուրակում օրերս ծառերի հատմանն ինքը չի արձագանքել, այն դեպքում, երբ 2012թ․-ին ակտիվ մասնակցում էր Մաշտոցի պուրակի պահպանման համար։

«Այնտեղ երկու ծառ էլ դեռ վտանգի տակ է, ամեն գիշեր գնում, հերթապահում եմ, ո՞վ է այդպիսի բան ասել, ի՞նչ, պիտի անեմ՝ գնամ ծառի տեղը՞ կանգնեմ, որ ասեն՝ ակտիվ է։ Չեմ հասկանում, թե ո՞վ կարող է ինձ մեղադրել, որ ես չեմ պայքարում այդ այգու համար։ Ֆեյսբուքյան օգտատարերը շատ բան կարող են գրել, ես միշտ էլ պայքարել եմ ու պայքարելու եմ մեր կանաչ գոտիների համար ու միայն այդտեղ չէ, քաղաքում ամեն տեղ պայքարում եմ»,- ասաց Արթուր Իսպիրյանը՝ հավելելով, որ ինքը բնապահպանական հարցերում շատ ակտիվ է։

«Ոչ մի բան չի փոխվել, իմ պայքարն ավելի է թեժացել ու կարծում եմ, որ շատ խիստ պետք է տուգանել և օրենքով մեծ տուգանք սահմանել ծառերը հատելու համար»,- ընդգծեց Արթուր Իսպիրյանը։

Քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հրավիրած ասուլիսում հայտնել էր, որ Մաշտոցի պուրակում շինաշխատանքները դադարեցվել են։ Ավագանու իշխող ուժի ներկայացուցիչն ասում է՝ լիովին համաձայն է այդ որոշման հետ։

«Ավելին՝ ես համաձայն եմ, որ այդ սրճարանն այդտեղից հանեն, ու կողքի բանկը, որը գտնվում է անցումի վրա, դա էլ պետք է վերացվի, որպեսզի այգին լիարժեք դառնա։ Այդ այգին իմ ներվն է, իմ ներվը չի կարելի կոխրճել, այդ այգին մեր ազատության այգին է»,- ասաց Արթուր Իսպիրյանը։

Իսկ թե ինչո՞ւ է գիշերները գնում Մաշտոցի պուրակ, Արթուր Իսպիրյանը ծիծաղով է արձագանքում․ հանցագործությունները հիմնականում գիշերներն են տեղի ունենում։

«Գիշերն են ծառը կտրում, հո ցերեկը չեն կտրի։ Եթե Մաշտոցի պողոտայից նայեք, աջի վրա երկու թխկի կա, դրանք չեն ջրվում։ Ես մեծ դժվարությամբ պարսպից նայեցի ու նկարեցի, դա էլ է վտանգված, հանկարծ մի օր գիշերը չկտրեն ու ասեն՝ տենց ծառ չի եղել, որովհետև կտրելուց հետո հողով ծածկում են, որ տեղը չերևա»,- եզրափակեց նա։

Մաշտոցի պուրակում կատարվողի վերաբերյալ լուռ մնալու համար մեղադրում էին նաև «Իմ քայլի» անդամներ Իզաբելլա Աբգարյանին և Գայանե Մելքոմ Մելքոմյանին, որոնք նույնպես 8 տարի առաջ ակտիվ կերպով մասնակցել են Մաշտոցի պուրակի պահպանման համար։ NEWS.am-ի հետ զրույցում տիկին Աբգարյանը նշում է․

«Իմ ֆեյսբուքյան պատը ամեն դեպքում հակառակի մասին է խոսում։ Առաջին հերթին՝ ես չեմ լռում, և երկրորդ՝ այն պայքարը, որ ավագանին տանում է ներսում՝ արդյունքը դուք տեսնում եք, որ հրատապ ասուլիս է հրավիրվում, որ այնտեղ աշխատանքներ են կասեցվում և մեր աշխատանքը, կարծում եմ, որպես ավագանի, հիմա այլ տիրույթում է, ոչ թե պուրակում կանգնելը, եթե պետք լինի պուրակում էլ կկանգնեք, Աստված չանի՝ այդ օրը գա, մենք վստահում ենք դեռ և փորձում ենք ներսից բոլոր լծակները կիրառել, որպեսզի նման իրավիճակ չլինի»։

Ավագանու անդամը շեշտում է՝ իր համար միեւնույն է, թե ով է գլխավորում քաղաքային իշխանությունը, ինքն ունի սկզբունքներ, և դրանցից հրաժարվելու մտադրություն չունի։ Իզաբելլա Աբգարյանը նշում է, որ դեռ ամիսներ առաջ էին ահազանգ ստացել, որ տնտեսվարողը բետոն է լցրել ծառերի շուրջ և վնասել  ծառերի արմատները։

«Այն ժամանակ մենք արձագանքեցինք, քանդել տվեցքինք, ազատեցինք ծառերի արմատները և հրատապ խմբակցության նիստ հրավիրեցինք։ Եվ հենց այդ ժամանակ քաղաքապետն ասաց, որ միջոցներ ձեռնարկվել են, նկատողություն է հայտնվել, զգուշացվել, որ մյուս անգամ բետոն չլցնեն ծառերի բների շուրջը։ Մենք հարց տվեցինք ՝արդյո՞ք ընդլայնվելու է սրճարանը, պատասխանը եղավ՝ ոչ, որևէ բան չի ավելանում, կոնստրուկցիաներն էլ լինելու են թեթև, մոբիլ․ ուստի ես հավատում եմ մեր ՀՈԱԿ-ին, որը շատ ճիշտ գնահատական էր տվել, որ տնտեսվարողի գործունեության և սխալ խնամքի հետևանքով ծառերը հայտնվել էին վատ վիճակում։ Հիմա էլ՝ այսօր ֆիքսել ենք, որ երկու ծառ շատ վատ վիճակում է և էլի արտաքին գործոնների ազդեցության տակ»,- ասաց ավագանու անդամը, ապա հավելեց․

«Եթե ծառը գտնվում է քո տարածքում, դու պիտի գլխով պատասխան տաս այդ ծառի համար, միայն նորը տնկելով չի, որովհետև տարիներ են պետք, որպեսզի նորը հասնի այն ուժին, որը նախկինն ուներ։ Ես գտնում եմ, որ պետք է քննություն իրականացվի, և եթե ծառին վնաս են պատճառել, պիտի պատժվեն, կլինի այս տնտեսվարողը, թե մեկ ուրիշը»,- եզրափակեց նա։

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Գայանե Մելքոմ Մելքոմյանից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Տպել