News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների եւ կանոնների վերաբերյալ պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշմամբ վերաբացվում են գրադարանները, թանգարանները, թատերահամերգային միջոցառումները եւ կինոցուցադրությունները՝ բացառապես բացօթյա տարածքներում։ Այսուհետեւ դիմակ կարող են չկրել՝ հեռուստահաղորդավարները, բացօթյա ժամանցի վայրերում մեկ սեղանի շուրջ թույլատրվում է մինչեւ 8 անձի նստեցում՝ նախկին 5-ի փոխարեն: Սեպտեմբերի 15–ին դպրոցներում և բուհերում մեկնարկող դասերից առաջ կրթության նախարար Արայիկ Հարությունյանը աշակերտներին եւ ուսանողներին կոչ է արել սեպտեմբերի 1-14-ը կամավոր մեկուսանալ կամ առնվազն սահմանափակել շփումները, որպեսզի առավելագույնս կտրվեն համավարակի տարածման շղթաները եւ դասերի մեկնարկի առաջին օրվանից վիրուսը չբերեն դպրոց։

Օգոստոսի 18-ի դրությամբ Հայաստանում մահացել է 1077 կորոնավարակակիր, նրանցից 9-ը՝ երեկ; Անցած մեկ օրում գրանցվել է COVID-19-ով վարակվելու 145 նոր դեպք, ընդհանուր թիվը 41846 է: Այս պահին բուժում է ստանում 5787 մարդ:

Գարեգին Նժդեհի արձանի մոտ բողոքի ծայրահեղ միջոցի դիմած բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը դադարեցրել է 6-րդ օրը շարունակվող հացադուլը։ Անվանի մարզիկը դադարեցրել է այն, երբ նրան են մոտեցել հանրային գործիչներ Մարինա Խաչատրյանը, Սոնա Աղեկյանը եւ այլ քաղաքացիներ, նրան հացադուլը դադարեցնելու համոզելու ապարդյուն փորձերից հետո հայտարարել, որ միանում են Հակոբկոխյանին եւ իրենք էլ են հացադուլ հայտարարում։

Այդ ընթացքում ևս մեկ հացադուլի մասին է հայտնի դարձել, այս անգամ Գյումրիում։ Քաղաքացին այսօր անժամկետ հացադուլ եւ նստացույց է հայտարարել Շիրակի մարզպետարանի դիմաց՝ պահանջելով Փաշինյանի եւ նրա կառավարության հրաժարականը։

Գեղարքունիքի մարզի Գեղամասար խորացված համայնքի բնակիչներն այսօր առավոտյան ժամը 7-ից փակել են Վարդենիս-Քարվաճառ միջպետական ճանապարհը։ Գյուղացիները բողոքում են, որ Սոթքի ոսկու հանքի պայթեցումներից քիմիական տարրերով հարուստ փոշու ամպ է առաջանում, որը հասնում է շրջակա բնակավայրեր, աղտոտում է նաև խմելու եւ ոռոգման ջրերը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շրջայցով Կոտայքի մարզում էր։ Նա այցելել է Կամարիսի «Ռոք Բերի» ջերմոցային տնտեսություն, հետաքրքրվել աշխատանքի արդյունավետությամբ, ապագա ծրագրերով։ Համայնքում էլ վարչապետը դիմակներ է բաժանել, երեխաներին՝ նաեւ նվերներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում սահմանամերձ Այգեպար գյուղից լուսանկարներ է հրապարակել եւ կից գրառում արել․ «Սահմանապահ Այգեպարին ադրբեջանական հրետանու եւ անօդաչուների հասցրած վնասը վերականգնվում է այսպես։ Ամեն նոր՝ լավ մոռացված հինն է. օրինակ՝ կղմինդրե տանիքները»։

Իսկ երեկ՝ Գեղարքունիքի մարզ կատարած այցն ամփոփելու ժամանակ վարչապետի լայֆում հնչած մի քանի հայտարարություններ արձագանքների հերթական ալիքն են բարձրացրել սոցհարթակում եւ լրատվամիջոցներում։ Մենք Հայաստանը պետք է կառուցենք այնպես, ինչպես կկառուցեինք Հիսուսի երկրորդ գալստյանը սպասելիս, ասել էր Նիկոլ Փաշինյանը, նաեւ անդրադարձել բարձրաստիճան պաշտոնյաների գրեթե ամենամսյա պարգեւավճարների թեմային։

Ամենից շատ քննադատության է արժանացել Փաշինյանի հայտարարությունը այն մասին, որ տեղին են նախարարիներին եւ մարզպետերին տրված պարգեւավճարները։

Ակտիվիստ, իշխանամետ հայացքներով հայտնի Ջիվան Աբրահամյանը ֆեյսբուքյան լայվում ասել է՝ այսօրվա ստեղծված պայմաններում մեզանից պարգևավճար եք ուզում, ուրեմն դուք բանակից եռակի անգամ եք գողանում:

Նախօրեին լրացել է վարչապետի կրտսեր դստեր՝ Արփիի հինգ տարին։ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել Արփիի ստացած նվերի՝ մուլտհերոսուհի Լեդի Բագի հագուստի մասն, իսկ այսօր նա հրապարակել է մեկ այլ տեսանյութ՝ դստեր Մկրտությունից։ Արփին դարձավ Արփի–Աննա, գրել է վարչապետը։

Այս օրերին Արցախում է «Հայրենիք» զարգացման հիմնադրամինախագահ, ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը։ Նա հանդիպումներ է ունեցել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի, Արցախի Անվտանգության խորհրդի նախագահ Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի հետ, ավելի վաղ՝ Քաշաթաղի շրջանի դպրոցականների հետ։ Այս առնչությամբ «Հրապարակ» թերթն այսօր գրել էր, որ գլխավոր ինտրիգը մնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումը։ Բանն այն է, որ չնայած Վանեցյան-Արայիկ Հարությունյան վաղեմի մտերմությանն ու բարեկամությանը, Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի ահից մերժել է նախապես պայմանավորված հանդիպումը։ Իսկ Փաշինյանն այնքան է զայրացել այդ հանդիպման հնարավոր փաստից, որ «հսկիչներ» է ուղարկել Արցախ․ Սիփան Փաշինյանը եւ Հայկ Գեւորգյանն այժմ Արցախում են»։

«Լիդիան Արմենիան» Սյունիքի Գորայք համայնքում վերաբացել է նմուշների նախապատրաստման, անալիտիկ, գիտական քիմիական լաբորատորիան:

Լաբորատորիան գործում էր 2007թվականից, սակայն փակվել էր Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի գործողություննեի ժամանակ։ Նշվել է նաեւ, որ երկրի համար բացառիկ լաբորատորիան Ամուլսարի շինարարության փուլից կիրառում էր բնապահպանական ամենաառաջատար փորձը՝ միաժամանակ պատրաստելով երիտասարդ մասնագետների։

Ազգային անվտանգության ծառայությունը նոր քրեական գործ է հարուցել մի խումբ պաշտոնատար անձանց հանցավոր ճանապարհով ստացած առանձնապես խոշոր չափերի եկամուտներն օրինականացնելու, այսինքն՝ փողերի լվացման դեպքերով։ Նշվում է, որ 2009-ին քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող անձը, խոսքը Գագիկ Բեգլարյանի մասին է, մի քանի խոշոր բնակարան է նվիրատվություն ձեւակերպել ինչ-որ անձանց, որոնք 2011-ին չնչին գումարով այդ բնակարանները վաճառել են Բեգլարյանի մերձավորներին։ Հիշեցնենք, որ Բեգլարյանն անցնում է եւս մեկ գործով. Ըստ ԱԱԾ-ի՝ նա 27 անշարժ գույքերի է ապօրինի տիրացել, այդ թվում՝ մի շարք մանկապարտեզների։

Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հայտնել է Մինսկում բողոքի ակցիաների ժամանակ երրորդ զոհի մասին: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին Մինսկում Պարտիզանի պողոտայում, մահացածի ինքնությունը դեռ չի հաստատվել: Նա ընկել է «Ռենո» ավտոմեքենայի տակ և ստացված վնասվածքից տեղում մահացել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ բողոքի ակցիաների ժամանակ զոհվել են 34-ամյա Ալեքսանդր Տարայկովսկին և 25-ամյա Ալեքսանդր Վիխորը: Միաժամանակ, Բելառուսում լուրեր են տարածվել, թե Լուկաշենկոյի հեռանալու պահանջով ցույցերի 70 մասնակից անհետ կորել է։ Այս տեղեկությունը, սակայն, պաշտոնապես հերքվել է։ ՆԳՆ–ը հայտարարել է, թե ստուգել են հրապարակված անուններն ու պարզել, որ նշված քաղաքացիներից շատերը տանն են։

Նախօրեին Հրազդանի ծննդատանը 5 կգ 100 գրամ քաշով եւ 53 սմ հասակով տղա երեխա է ծնվել՝ համալրելով «հազվադեպ ծնունդների» շարքը։ Տեղեկացնելով այս մասին, Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանը գրել է, որ Հրազդանում լավ լուրերը հաջորդում են մեկը մյուսին, եւ փոքրիկ «հսկային» մաղթել է առողջություն եւ անհոգ մանկություն։

Բեզոարյան այծերի մի ամբողջ հոտ է ֆիքսել տեսախցիկը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.44 դրամով ու կազմել 484.21 դրամ: Եվրոյի փոխարժեքն ավելացել է 1.76 դրամով ու հասել 576.26 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն ավելացել է 2.42 դրամով եւ հասել 637.80 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.02 դրամով ու կազմել է 6.62 դրամ։

Օգոստոսի 19-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա 3 օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար 5-6 աստիճանով կբարձրանա, որից հետո կտրուկ կնվազի: Երեւանում եւս տեղումներ չեն լինի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16+ 18, վաղը ցերեկը +31+33 աստիճան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ