News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Նոր ողբերգություն Խաշթառակ գյուղի՝ վերջին շրջանում անբախտություններով հայտնի դարձած ընտանիքում։ Պապից ծեծի ենթարկված երեխաների մայրը մահացել է։ Նա 28 տարեկան էր։ Հիշեցնենք, որ պապի ձեռքով ծեծված 4 եւ 6 տարեկան երեխաները հոսպիտալացվել էին, ավագը, գիտակցության չգալով մահացել էր։ Ինչպես 57-ամյա պապը, այնպես էլ մյուս  3 երեխաները մկնդեղով թունավորվելով հիվանդանցում էին հայտնվել։ Կալանավորման որոշում էր կայացվել ինչպես պապի, այնպես էլ երիտասարդ մոր դեպքում, սակայն պարզվել էր, որ կինը հղի է, եւ նրա խափանման միջոցը փոխվել էր։ Այսօր էլ նա մահացել է Սեւանի բուժկենտրոնում։

Հայաստանում COVID-19 ունեցողների մահվան դեպքերը հասել են 1179-ի։ Անցած մեկ օրում մահացել է 4 մարդ, որոնցից մեկն այլ հիվանդությունից։ Մահացածներից ամենաերիտասարդը 57-ամյա տղամարդ է։ Արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 108 նոր դեպք, ընդհանուր թիցը գրեթե 45 հազար է։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել. պատասխանը բացասական է։ Այս մասին տեղեկանում ենք նախկին նախագահի ֆեյսբուքյան էջից։ Ըստ նրա գրասենյակի հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանի մոտ բուժզննության արդյունքում սեպտեմբերի սկզբին հաստատվել էր ջերմությամբ ուղեկցվող սուր շնչառական վարակ։ նա այժմ կազդուրվում է:

66 տարեկանում մահացել է հայ ժողովրդի բարեկամ ՝ չեխ լրագրող Դանա Մազալովան, որի հոդվածներն ու հարցազրույցները հսկայական դեր են խաղացել արցախյան պատերազմի մասին ճշմարտությունը միջազգային հանրությանը ներկայացնելու գործում։ Մազալովայի մահվան կապակցությամբ վշտակցություն են հայտնել Արցախի նախագահը եւ Հայաստանի արտգործնախարարը։

Էրեբունի համայնքի նախկին ղեկավար, հանրությանը առավելապես Թոխմախի Մհեր անունով հայտնի Մհեր Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նա  չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, Վարդավառի զբոսայգու տարածքում իր որդուն եւ եղբորը թույլ է տվել կառուցապատել  շինություններ, ապա զբոսայգու 12 հազար  քառակուսի մետր տարածքն օտարել է նրանց:

2019-ին 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակված առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանին նոր մեղադրանք է առաջադրվել եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ մասնավորապես Գլոբալ հիմնադրամի եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի ֆինանսավորմամբ՝ տուբերկուլյոզի ու ՁԻԱՀ-ի դեմ իրականացվող ծրագրերից փոխնախարարը յուրացումներ է արել։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել էր, թե բացարձակապես անհասկանալի են այն չափանիշները, որոնցով քննչական մարմինը ղեկավարվում է տուժողներին «ընտրելիս»,  դատարանին հիշեցրել տուժող կողմի բացակայության պատճառները պարզելու, նաեւ նրանց կարգավիճակի հաստատման անհրաժեշտության մասին։ Ըստ նրա՝ գործով անցնում են 228 տուժողներ եւ  իրավահաջորդներ, սակայն անհասկանալի չափանիշներով հրավիրել են միայն 102-ին։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանն էլ հիշեցրել է, որ գործով ոչ մի տուժած սահմանադրական կարգի տապալման հետեւանքով որպես այդպիսին չի ճանաչվել:

Մեղադրողներն առարկել են, իսկ դատավոր Դանիբեկյանն էլ հայտարարել է, որ մեղադրող կողմի փաստարկներն անբավարար են, ուստի տուժածները եւ նրանց ներկայացուցիչները կշարունակեն մասնակցությունը: Փաստաբանները դատավորի որոշումն անտրամաբանական են համարել։

Դատարանի մոտ դարձյալ հավաքվել էին նախկին նախագահի աջակիցները։ Նրանցից «Այլընտրանք» ՀԿ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանը հայտարարել է, թե այս դատավարությունը հրահրել են իշխանությունները իրենց ձեռքերի արյունը լվանալու համար։ Մանթաշյանը բերման է ենթարկվել դիմակ չկրելու պատճառով։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Մարտի 1-ի զոհերի հարազատների տարածած հայտարարությանը մանրամասն ծանոթ չէ, որտեղ նրանք հայտարարել էին ձգձգման պատճառով դատավարությունը բոյկոտելու մասին,  սակայն ինքն էլ է տեսնում դատը ձգձգելու միտումներ, որոնք նա պայմաանվորում է դատավորների որոշումներով։

Երեւանի ավագանին համաձայնություն է տվել 2008-ի մարտի 1-ին զոհվածների հուշարձանի տեղադրմանը։ Այն կկանգնեցվի Մանկական զբոսայգու՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Զաքիյան ձգվող ցանկապատի հենապատերի միջնամասում: Հուշարձանի նախագծման համար կառավարությունը հատկացրել է 2 մլն դրամ:

Երեւանի ավագանին նիստը գումարել է առանց Հայկ Մարությանի։ Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ նա մի քիչ վատառողջ է եւ նիստը կվարի ինքը:

Ավագանին 47 կողմ, 1 ձեռնպահ ձայներով Սերգեյ Ներսեսյանին ընտրել է Երեւանի քաղաքապետի տեղակալ: Նա 29 տարեկան է, մինչեւ այդ եղել է ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականը։  Ընդդիմադիր «Լույս» խմբակցությունից Թեհմինա Վարդանյանը հույս է հայտնել, որ նա չի պատիճավորվի իրենցից։

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը հայտարարել է, որ ինքն իր երեխաներին սեպտեմբերի 15-ին դպրոց չի տանելու։  «Սահմանվել է մի կարգ, որը գործնականում կիրառելիության տեսանկյունից առնվազն խիստ խնդրահարույց է եւ կարող է անտանելի վիճակ ստեղծել մեր երեխաների եւ ուսուցիչների համար։ Մենք եւ մեր երեխաները ոչ մի մեղք չունենք, որ որոշումներ կայացնելու իրավասությունները հանգամանքների բերումով վերապահվել են գործից անտեղյակ, պատահական մարդկանց», գրել է նախկին դեսպանն ու նախկին մարզպետը։

Դասերը սկսելուց առաջ դպրոցների անձնակազմը կթեստավորվի։ Ըստ կրթության նախարարության՝ չեն թեստավորվի միայն այն ուսուցիչները, որոնք, առողջական վիճակից ելնելով, հեռավար կանցկացնեն դասերը։ Նշվում է, որ թեստավորման ենթակա է շուրջ 30 000  մարդ։

Արտակարգ դրությունը կարանտինով փոխարինելու որոշումը,  «Ազգային օրակարգ» կուսակցության համանախագահ Ավետիք Չալաբյանի համոզմամբ,  այս Ազգային Ժողովի ընդունած ամենախայտառակ օրենքներից մեկն է։ Ծավալուն վերլուծության մեջ Չալաբյանը շեշտում է, որ կառավարությունը կամայականորեն պատրաստվում է երկար ժամանակով սահմանափակել քաղաքացիների իրավունքները, դարձյալ առանց դրա դիմաց երաշխավորված արդյունքի։ Ըստ նրա՝ այս իշխանության մենաշնորհային կառավարումը՝ դրա ամեն օրը թանկ է արժենում բոլորիս համար, եւ չի կարող հավերժ շարունակվել:

Մոսկվայի դատարանը հայտնի դերասան Միխայիլ Եֆրոմովին մեղավորել է ճանաչել մահվան ելքով վթարում եւ դատապարտել 8 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։ Ըստ մամուլի՝ դերասանը վճռը լսել է` ճոճվելով ու բռնվելով սեղանից։ Հիշեցնենք, որ Եֆրեմովը հարբած վիճակում իր մեքենայով դուրս էր եկել հանդիպակաց գոտի, բախվել մեկ այլ մեքենայի, որի վարորդը մահացել էր։

Ցմահ դատապարտյալ Թաթուլ Միրզոյանը հիմնարկի մարզասրահում ամենօրյա պարապմունքների շնորհիվ 16 կգ կշռաքարը երկու ձեռքով մեկընդմեջ 25 րոպե ժամանակահատվածում 707 անգամ բարձրացրել է ուսագոտուց վեր՝ գրանցելով կատարյալ ռեկորդ: «Դյուցազնագրքում» նրա անունը ներառելու հավաստագիրը Միրզոյանին է հանձնել  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Արտակ Մանուկյանը:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.45 դրամով ու հասել 488.57 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.37 դրամով ու կազմել 575.88 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 5.47 դրամով  ու կազմել 638.07  դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով ու կազմել 6.39 դրամ:

Սեպտեմբերի 9-ին Հայաստանի առանձին վայրերում օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ:  Երեւանում կլինի առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +30+32:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ