News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


ԱԱԾ-ն բերման է ենթարկել Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանին, նրա որդուն, եղբորը եւ մի քանի այլ անձի: Ըստ Hraparak.am-ի՝ ԱԱԾ աշխատակիցները ներխուժել են Զաքարյանների տուն եւ առաջարկել իրենց հետ գնալ, ավելի ուշ բաց են թողել։ Աղբյուրի տեղեկություններով՝ խնդիրը վերաբերում է Գառնու տարածքում Զաքարյանների հիմնած այգուն:

Ազգային ժողովը քննարկել է ՍԴ դատավորի թեկնածությունները։ Նախագահ Արմեն Սարգսյանն այդ պաշտոնում առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, ինչն առաջացրել է «Իմ քայլի» մի շարք պատգամավորների դժգոհությունը: Նրանք հետաքրքրվել են, թե որն է պատճառը, որ նախագահը կրկին առաջադրել է Վաղարշյանի թեկնածությունը։ Նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը պարզաբանել է, որ նախագահն օգտվել է իր սահմանադրական իրավունքից, նաեւ հիշեցրել, որ «Իմ քայլն» երկու անգամ Վահե Գրիգորյանի թեկնածությունն է առաջադրել։ Վաղարշյանին էլ դուր չէր եկել անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթը։

Դատավորների ընդհանուր ժողովի կողմի առաջադրած թեկնածու Երվանդ Խունդկարյանը հայտարարել է, թե ինքը Հայաստանի նախկին իշխանությունների կողմից երբեք որեւիցե ճնշման չի ենթարկվել։ Նա նաեւ արձագանքել է «Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանի հարցի՝ օմբուդսմենի՝ դատարաններին վերաբերող զեկույցի մասին հարցին։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը տարակուսել է, որ բարձր պաշտոններում առաջադրվող թեկնածուները դադարել են Ազգային ժողովի խմբակցությունների հետ հանդիպելը։ 

Մենք չենք մասնակցելու ՍԴ դատավորների ընտրությանը, քանի որ բազմիցս ասել ենք, որ ընթացակարգերը խախտված են, հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եւ անդրադարձել Մարուքյանի բարձրացրած խնդրին։ Ներկայացնող սուբյեկտը եւ թեկնածուները պետք է շահագրգիռ լինեն պատասխանել նաեւ ընդդիմադիր խմբակցությունների հարցերին:

Սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանը եւս երկու ամիս կմնա կալանավորված։ Նրա փաստաբանն ասել է, որ ամենայն հավանականությամբ՝ որոշումը կբողոքարկվի։

Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եւ նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով առաջին դատական նիստը հետաձգվել է։ Գագիկ Խաչատրյանը ներկայացրել էր տեղեկանք, որ ունի առողջական խնդիրներ ու չի կարող ներկայանալ։ Հաջորդ նիստը նշանակվել է սեպտեմբերի 30-ին։ Հիշեցնենք, որ Եվրադատարանի վճռով Խաչատրյանը պետք է բուժվի քաղաքացիական հիվանդանոցում, ինչը դեռ տեղի չի ունեցել։

Հարգելով պարոն Ջուլֆալակյանի որոշումը, մենք համաձայն չենք այդ քայլի հետ,  լրագրողներին ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ավելացնելով, որ դեռ ժամանակ կա, պետք է սպասել եւ տեսնել՝ արդյո՞ք նա հետ կվերցնի դիմումը, թե ոչ։ Նրա խոսքով՝ եթե կան բաներ, որոնք, ըստ պատգամավորների, պետք է ավելի հիմնավոր ձեւով ներկայացվեն, պետք է այդպես արվի, ոչ թե մանդատը վայր դրվի: Մակունցը չի բացառել, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը գործադիրում պաշտոն ստանա, բայց հորդորել է մի քիչ սպասել։

Ջուլֆալակյան-կրթության նախարարություն տարաձայնությունների եւ կրթական բարեփոխումների մասին, լրագրողների հետ խոսել է նաեւ մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, նշել, որ բարեփոխումները երբեք որեւէ երկրում հեշտությամբ չեն տրվել։ Լինում է աղմուկ, բայց շատ կարեւոր է, որ մարդիկ խոսեն բովանդակությունից, ասել է նա:

Կեղծ օղուց Հայաստանում մահացել է եւս մեկ մարդ եւ նրանց թիվը հասել է 21-ի, մի քանի մարդ կուրացել է։ Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 12-ը Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք, նրանցից 25-ը բուժում ստանալուց հետո դուրս է գրվել:

Հայաստանում մահացել է 1201 կորոնավարակակիր։ Անցած մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ով վարակվելու 107 նոր դեպք, ընդհանուր թիվը 45969 է: Այս պահին բուժվում է 3075 մարդ: Կորոնավիրուսից նախօրեին մահացել է 3 քաղաքացի, ուրբաթ եւ շաբաթ օրերին եւս 8 մարդ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Covid-ով պայմանավորված տնտեսական ճգնաժամի ֆոնին կան նաեւ լավ լուրեր: Ֆեյսբուքում նա գրել է, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից ելակ-մոշ-հաղարջ ապրանքախմբի արտահանումը աճել է 166 տոկոսով, սունկ-դդմիկ-սպանախ ապրանքախմբի արտահանումն էլ աճել է 62 տոկոսով: Աճել է նաեւ ծաղիկների արտահանումը՝ գրեթե 17 տոկոսով:

Արձագանքելով վարչապետի գրառմանը՝ էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության անդամ Վահե Դավթյանը գրել է, որ այն ոչ այլ ինչ է, քան տեղեկատվության ֆրագմենտացիայի փորձ։ «Համավարակի պայմաններում պետք է ներկայացնել տնտեսության համալիր վիճակը, այլ ոչ թե դուրս բերել այն եզակի տվյալները, որոնք բխում են իշխանության քարոզչական շահերից։ Մինչդեռ հունվար-հուլիսին Հայաստանում տնտեսական ակտիվությունը նվազել է  6%-ով», նշել է նա։

Վարչապետ Փաշինյանը Տիգրան Ավինյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել։ Ըստ այդմ, փոխվարչապետին տրամադրվել է նախորդ տարիների արձակուրդների չօգտագործված մասը՝ սեպտեմբերի 14-30-ը՝ ներառյալ:

Կուսակիցների ու քաղաքացիների հետ հանդիպումների շարքը շարունակող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Իջեւանում հայտարարել է, որ արտակարգ իրավիճակը մարդկանց ծայրահեղ աստիճանի է հասցրել։ «Չի կարելի ժողովրդին մենակ թողնել։ Իշխանությունը պետք է կանգնի ժողովրդի կողքին», ասել է Ծառուկյանը, առաջարկել սառեցնել քաղաքացիների վերցրած վարկերի տոկոսադրույքները, կորոնավիրուսով վարակվածներին դեղորայքը պետք է անվճար տրամադրվի եւ այլն։

18 օր հացադուլի եւ ջրադուլի մեջ գտնվող 30-ամյա կալանավոր Տիգրան Բադալյանը կարել է բերանը եւ կտրել դաստակի երակը:  Քաղաքացիական հիվանդանոցում նրան վիրակապել են եւ վերադարձրել կալանավայր։ Նրա մայրը եւս հուսահատության է մատնվել։ Նրա խոսքով՝ որդին այդ ծայրահեղ քայլին է դիմել չկարողանալով ապացուցել իր անմեղությունը։ Ըստ մեղադրանքի՝ նա գողացել է հարեւանի՝ 115 հազար դրամի 5 այլումինե թիթեղները, ինչի համար նրան սպառնում 8 տարվա ազատազրկում, մինչդեռ մայրը պնդում է, որ դրանք փողոցից է գտել։

Եղեգնաձորում մոտ 1 տարի առաջ  դաժան ծեծի հետեւանքով կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանին տեղափոխել են տուն: Նրա եղբայրը` Կարեն Մխիթարյանը,  NEWS.am-ին  հայտնել է, որ բժիշկների հսկողությամբ տանն են խնամում, իսկ վիճակում  փոփոխություն չկա: Այս գործով տեղի  է ունեցել մեկ դատական նիստ, հաջորդը  հոկտեմբերին է: Մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնականին ու նրա եղբորը։

Շրջածախ առեւտրով զբաղվողները չեն պատկերացնում՝ ինչպես են աշխատելու քաղաքապետարանի սահմանած նոր կանոններով։ Հունվարից ուժի մեջ մտնող ՀԴՄ կտրոնի պարտադիր տրամադրման կանոնը կարող է զրկել նրանց եկամտի միակ աղբյուրից։ Շրջածախ առեւտրականներն իրավունք չեն ունենա անգամ առեւտրի համար սայլակներ օգտագործել։

Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, Արթուր Մեսչյանի հրաժարականից հետո, հնարավոր է, վերացվի։ Իսկ մետրոն, ըստ երեւույթին, պետությունը կկառուցի։ Այս մասին ասել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա ասել է նաեւ, որ մայրաքաղաքի տրանսպորտի վիճակը բարելավելու պրոցեսը սկսել են. 100 միկրոավտոբուսի մրցույթը կայացել է. ընդհանուր համակարգում պետք է 850-950 ավտոբուս լինի:

Անվանի մարզիկի հանդեպ իրավապահների բռնության հերթական սկանդալը պայթել է կիրակի։ Ժամանակին Հայաստանի համար  բազմաթիվ տիտղոսներ նվաճած ծանրորդ, Սպիտակում իր միջոցներով մարզասրահ կառուցած Արմեն Ղազարյանն է հայտարարել, որ Երեւանի բակերից մեկում առեւանգվել է, երբ ոստիկաններից բացատրություն է պահանջել այդ պահին մեկ այլ քաղաքացու առևանգման համար։ Նրա խոսքով՝ «Սրան էլ ջարդեք, ծալեք» հրահանգից հետո քաղաքացիական հագուստով ոստիկանները բռնի ուժով ու հայհոյանքներով իրեն տարել են ոստիկանություն, որտեղ մի քանի ժամ ծեծի են ենթակել։  Ղազարյանն իր սալջարդերի մասին բժշկական տեղեկանք է վերցրել ու դիմել իրավապահ կառույցներին, ինչից հետո էլ սպառնալիքներով զանգեր է ստացել իր բողոքները հետ վերցնելու պահանջով։ Տիտղոսակիր մարզիկը մտադիր չէ նահանջել։

Հյուսիսային Կորեայում մահապատժի են ենթարկել էկոնոմիկայի նախարարության 5 աշխատակցի, որոնք քննադատել են Կիմ Չեն Ընին քաղաքականությունը, հաղորդում է Daily Mail-ը: Նրանք խոսել էին արտասահմանյան երկրների հետ գործակցության անհրաժեշտության մասին: Պաշտոնյաներին կանչել են հանդիպման, ձերբակալել, խոստովանեցրել մեղքը, ապա մահապատժի ենթարկել:

Թուրքիայում 12300 մարդ, այդ թվում` 318 անչափահաս, 2019-ին դատարանի առջեւ է կանգնել նախագահ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով, հաղորդում է թուրքական մամուլը: Նրանցից 3831-ը դատապարտվել է: Թուրքիայում նախագահին վիրավորելը քրեական օրենսգրքով մինչեւ չորս տարի ազատազրկում է նախատեսում: Օրինակ Սուլեյման Դեմիրելի օրոք, նրան վիրավորելու համար ազատազրկվել է 158 մարդ:

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն իր նստավայրն արդեն շրջապատել է զրահամեքենաներով։ Մինսկում կիրակի կայացած ավանդական հանրահավաքը անվտանգության ուժերը խափանել են դեռ չսկսված, այսինքն ցրել են կենտրոնական հրապարակ շարժվող մարդկանց խմբերը։ 774 մարդ է բերման ենթարկվել: Պետական դրոշի հրապարակը շրջափակված է ներքին զորքերով, բանակային բեռնատարներով, ջրցան մեքենաներով ու փշալարով:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզան Խաչատրյանը, կիրակի հերթական լուսանկարների շարքն է հրապարակել եւ նշել. «Այսօր լրացավ մեր սիրո, միության և «հակամարտության» 17 տարին։  Ամուսնության 17-րդ տարեդարձի վարդն է․ այդ դեպքում նվիրում են 17 վարդ կամ․․․17 համբույր»:

Վարչապետի կնոջ ֆեյսբուքյան էջում էլ տեսանյութ է հրապարակվել Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ օգոստոսի 25-31-ը Արցախի զորամասերից մեկում՝ կանանց մարտական եւ կրակային պատրաստության դասընթացներից:

Այսօր դպրոց են հաճախել առաջին դասարանցիները, իսկ մյուս աշակերտների համար ուսումնական տարին կսկսվի վաղվանից: Մի քանի ամիս տեւած հեռավար դասերից հետո որոշվել բացել դպրոցները, սակայն սահմանափակումներով, որոնք բուռն քննարկումների, նաեւ դժգոհության ալիք են բարձրացրել, մասնավորապես դիմակներով պարտադիր դասասենյակում մնալու, գրատախտակին չմոտենալու, միմյանց հետ չշփվելու եւ այլ սահմանափակումների պատճառով։

Զավեշտական դրվագ՝ կրթության նախարարի մասնակցությամբ։ Արայիկ Հարությունյանին դպրոցներից մեկի մոտ դիմավորում են աղուհացով եւ նա մի պահ մոռանում է դիմակի մասին։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 1.30 դրամով ու կազմել 486.37 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.37 դրամով եւ կազմել 576.64 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը աճել է 1.21 դրամով ու հասել 624.84  դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.05 դրամով ու կազմել 6.46 դրամ:

Սեպտեմբերի 15-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երեւանում եւս տեղումներ չեն լինի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +33+35:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ