ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, քննարկում է ՍԴ դատավորի պաշտոնում Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Նրա թեկնածությունն առաջադրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Տվյալ թեկնածությունն առաջացրեց «Իմ քայլի» մի շարք պատգամավորների դժգոհությունը: Մասնավորապես, «Իմ քայլի» որոշ պատգամավորներ հարցեր ուղղեցին նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանին՝ հետաքրքրվելով, թե որն է պատճառը, որ նախագահը կրկին առաջադրել է Վաղարշյանի թեկնածությունը:

Տարասյանը պարզաբանեց, որ նախագահն օգտվել է իր սահմանադրական իրավունքից եւ առաջադրել նրա թեկնածությունն այն պատճառով, որ նա կրկին ցանկություն է հայտնել ՍԴ դատավոր դառնալ:

«Գիտեք, որ Վահե Գրիգորյանի թեկնածությունը եւս առաջադրվել է երկու անգամ: Այո, այն առաջադրվել է ԱԺ տարբեր գումարումներում, սակայն թույլ տվեք նկատել, որ եթե 3 թեկնածուներից մեկը, ով ցանկություն է հայտնում ՍԴ դատավոր դառնալ, արդեն երկու անգամ առաջադրվել է այդ պաշտոնում, ապա անարդար կլիներ նման իրավունքից զրկել նաեւ մյուս թեկնածուներին»,-ասաց Տարասյանը:  Նրա պատասխանն էլ ավելի հարցերի տեղիք տվեց եւ դժգոհություն առաջացրեց իշխող դաշինքի որոշ պատգամավորների մոտ: