Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ՀՀ կառավարության կողմից ընդունված փոփոխությունների հետ, որոնք «սպառնում են ԶԼՄ-ների ազատությանն ու խոսքի ազատությանը՝ զրպարտության եւ վիրավորանքի համար տուգանքների ավելացման ճանապարհով»:
«Երկրում ԶԼՄ-ների ազատության եւ խոսքի ազատության պաշտպանությունը ՀՀ իշխանության պարտավորությունն է: Ցավալի է, որ ՀՀ կառավարությունն աջակցում է խոսքի ազատությունը խեղդող տուգանքներին: Քաղաքացիական հանրությունն արդարացիորեն քննադատել է օրինագիծը այն հիմքով, որ այն կարող է օգտագործվել խոշոր տուգանքների գանձման եւ անկախ լրատվամիջոցների վրա քաղաքական ճնշման համար: Մենք ՀՀ իշխանությանը կոչ ենք անում լրջորեն մոտենալ քաղաքացիական հանրության եւ մեդիա կազմակերպությունների մտավախություններին եւ չեղարկել այդ օրենքը»,-ասվում է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ծրագրերի գծով տնօրեն Մարկ Բերենդտի հայտարարության մեջ: