News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 29
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Հայ եկեղեցու Սուրբ Հարության տոնին հաջորդող երկուշաբթին մեռելոց է։ Օրը, կառավարության որոշմամբ, աշխատանքային է, չնայած հանրության զգալի հատվածի տարակուսանքին, որ սա պատերազմին հաջորդող առաջին Զատիկն է, հետեւաբար գերեզմանոցներ այցելուներ շատ կլինեն։ «Եռաբլուր» զինվորական պանթեոն է այցելել Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը։ Նա մոտեցել է զոհված զինծառայողների շիրիմներին, ծաղիկներ դրել, աղոթել։ Ոչ այսօր, ոչ նախօրեին պետական այրեր Եռաբլուր չեն այցելել։

«Եռաբլուրում» Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը լրագրողներին ասել է՝ կառավարությունը գոնե այս անգամ մեռելոցը պետք է ոչ աշխատանքային օր հայտարարեր, որպեսզի արհեստական խոչընդոտ չլիներ գերեզման այցելելու համար։

Չնայած Եկեղեցու հորդորին՝ Հարության տոնին չայցելել ննջեցյալներին, Զատկի օրն, այնուամենայնիվ, Հայաստանի բոլոր գերեզմանատները բազմամարդ էին։ Նաև այն պատճառով, որ մեռելոցի երկուշաբթին աշխատանքային օր էր։  Վերջին պատերազմում զոհվածների հարյուրավոր հարազատներ էին այցելել «Եռաբլուր», ներկած հավկիթներ ու զատկական տոնին առչնվող այլ պարագաներ բերել իրենց նահատակված զավակներին։

Կիրակի էլ Սուրբ Հարության տոնի առիթով մատուցված պատարագին խախտվել է տասնամյակներով ձեւավորված արարողակարգը. վարչապետն ու նախագահը, նաեւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաները պատարագին չեն մասնակցել։ Իսկ իշխող ուժի կողմնակիցները դժգոհել են Գարեգին Բ վեհափառի պատգամից. Հայոց հայրապետը նշել էր, որ պառակտումներն ու սերմանվող ատելությունը, անհանդուրժողության ոգին, քաղաքական ալեկոծումները նոր ցնցումների ու անկումների վտանգի առջև են կանգնեցրել երկիրն ու ժողովրդին։ «Հայրենիքի անվտանգության չփարատվող մտահոգությունը, հայրենական կյանքի տեսլականի բացակայությունը, հիասթափությունն ու հուսախաբությունը անորոշության խավարով են մթագնել ապագայատեսիլ մեր հույսերը», ասել է Ամենայն հայոց կաթողիկոսը։

Վարչական դատարանը մերժել է Բանակի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը, արձանագրելով, որ պատասխանողը չի ներկայացրել որեւէ հիմնավոր փաստարկ։ Ի դեպ, հայցի ապահովման միջոցը ենթադրում է, որ գեներալ Գասպարյանը պետք է շարունակեր  պաշտոնավարել, մինչդեռ, վարչապետի գրասենյակի ձեւակերպմամբ, իրավունքի ուժով Գլխավոր շտաբի պետ է նշանակվել Արտակ Դավթյանը, որի հրամանագիրը եւս, ինչպեսեւ Գասպարյանի ազատումը, նախագահը չի ստորագրել։

Մոսկվայից Հայաստան է ժամանել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ օդանավակայանում նրան դիմավորել են  նախկին եւ գործող մի խումբ պաշտոնյաներ, նաեւ բարձրաստիճան զինվորականներ: Հիշեցնենք, որ ըստ մամուլի՝ Կարապետյանն  ընտրություններում սատարելու է Ռոբերտ Քոչարյանին։ Կարապետյանի կարծիքով՝ այս պահին երկիրն այս վիճակից կարող է դուրս բերել միայն երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Պոզներին: Նա հայտարարել է, որ մտադիր է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

«Ես 10 տարի ղեկավարել եմ երկիրը, սակայն անկուսակցական եմ: Ես կմասնակցեմ ընտրություններին՝ գլխավորելով կուսակցությունների դաշինքը, ամենայն հավանականությամբ, դա կլինի երկու կուսակցություն»,- ասել է նա, սակայն չի նշել, թե որ կուսակցություններն են դաշինք ստեղծելու։

Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը ապրիլի 7-ին Մոսկվայում քննարկելու են Լեռնային Ղարաբաղում խնդիրների լուծմանն ուղղված քայլերը: Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝  օրակարգում անցած տարվա նոյեմբերի 9-ի եւ այս տարվա հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքն է, տարածաշրջանում խնդիրների լուծմանն ուղղված հետագա քայլերը, մասնավորապես՝ տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման համատեքստում: Կողմերը կքննարկեն նաեւ հայ-ռուսական ռազմավարական գործընկերության եւ դաշինքի խորացման հարցեր, ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության հեռանկարները:     

Իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Փաշինյանի հրաժարականի օրը կոնկրետ որոշված չէ, բայց ենթադրում է, որ այն կլինի ապրիլի վերջին:

Սկանդալային ձայնագրություն է հրապարակել mediaport տելեգրամյան ալիքը։ Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժնի պետ Արմեն Մարգարյանի տեղակալ Արման Աբրահամյանը մոտ երկու ամիս առաջ ձայնային հաղորդագրություն է ուղարկել նախկին պաշտոնյաների գործերը քննող քննիչներին՝ նրանց տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանը կրկին գնալու է քննչական մարմին։

Նշենք, որ Երեւան քաղաքի քննչական վարչության պետը ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի փեսան է՝ Անրի Վարդանյանը։ Ըստ աղբյուրի՝ Ջհանգիրյանի հետ Աննա Վարդապետյանը պարբերաբար հանդիպում է ԲԴԽ-ում՝ նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցած քրեական գործերն ուղղորդելու համար։

Հայաստանում  գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 479 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվն անցել է 197 հազարից: Մեկ օրում մահացել է 24 վարակված, որոնցից 2-ի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Հանգստյան օրերին մահացել էր COVID-19-ով վարակված 57 մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը 4537 է։

Կորոնավիրուսից մահացել է մանկաբարձ–գինեկոլոգ, բժշկագիտության թեկնածու, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ Գեորգի Պողոսյանը: Գերգի Պողոսյանը Հայաստանի ամենահայտնի գինեկոլոգներից էր, նրա օգնությամբ տասնամյակների ընթացքում բազմաթիվ երեխաներ են լույս աշխարհ եկել։ Գեորգի Պողոսյանը կինոյի և թատրոնի հայտնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանի ամուսինն էր, պարուսույց Սոֆի Դևոյանի նախկին ամուսինը։

Թուրքիայում բռնկվել է  նախկին բարձրաստիճան զինվորականների եւ իշխանության միջեւ հերթական դիմակայությունը։ Ձերբակալվել է պաշտոնաթող 10 ծովակալ, որոնք ստորագրել են Սեւ ծովի ռազմականացման կանխմանն ուղղված Մոնտրյոյի կոնվենցիայի մասին հայտարարությունը: Հայտարարությունը, որը ստորագրել էին 103 ծովակալներ, իշխանությունը համարում է կառավարության դեմ ռազմական ուժերի դավադրություն: Հարցաքննության են կանչվում նորանոր ծովակալներ, այնպես որ, ձերբակալությունները կշարունակվեն։ 

Դրությունը պայթյունավտանգ է նաեւ Դոնբասում։ Չճանաչված հանրապետության  ղեկավար Դենիս Պուշիլինը կարծում է, որ Կիեւի իշխանությունները կարող են լայնածավալ գրոհ սկսել Դոնբասի վրա: Վերջին օրերին լրահոսում գերիշխում էին տեղեկությունները, որ Ուկրաինան ռազմական տեխնիկա է կուտակում Դոնբասի սահմանին։ Հարձակումը Դոնբասի վրա աղետալի կլինի Ուկրաինայի համար, վստահ է Պուշիլինը:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ աճելով 0.67 դրամով, հասել է 533.84 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.29 դրամով ու կազմել 626.73 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.99 դրամով ու հասել  739.58 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով  ու կազմել 6.99 դրամ:

Ապրիլի 6-ին Հայաստանի հյուսիսային մարզերում սպասվում են կարճատեւ անձրեւներ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա: Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +20+22:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ