News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

Օր 21-րդ՝  հոկտեմբերի 17

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը ՏԱՍՍ-ին հայտնեց, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ Հայաստանն ուղարկել է իր զինվորականներին Մոսկվա Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպելու համար Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմը քննարկելու նպատակով, սակայն Բաքուն հարաժարվել է նմանատիպ քայլ կատարել:

«Դա նշանակում է, որ Բաքուն, ըստ էության, հրաժարվում է Մոսկվայում ձեռքբերված պայմանավորվածությունից եւ մերժմամբ պատասխանում ՌԴ նախաձեռնությանը»,- նշել էր նա:

Գիշերը ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ Հայաստանի օդային տարածքում հայտնաբերվել են հակառակորդի ԱԹՍ-ներ, որոնց ոչնչացման համար  ձեռնարկվում են համապատասխան միջոցներ։

Քիչ անց ՊՆ խոսնակը գրեց.

«Ի պատասխան ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունների՝ ՀՀ տարածքից կամ ՀՀ ԶՈՒ կողմից որեւէ տիպի կրակ չի վարվել Ադրբեջանի ուղղությամբ»։

ՀՀ ԱԳՆ-ն գիշերը հայտարարեց, որ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգություն համարժեք պատասխան կստանա:

«ՀՀ ՀՕՊ համակարգերի կողմից արձանագրվել են ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ Սյունիքի մարզի Խնածախ, Արծվանիկ, Դավիթ Բեկ բնակավայրերի ուղղությամբ, որի ժամանակ նաեւ հարվածներ են հասցվել տեղում ՀՀ ԶՈՒ ենթակառուցվածքների ուղղությամբ՝ վնասելով նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքներ: Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:

Հատկանշանական է, որ ժամեր առաջ ադրբեջանական կողմը նաեւ տարածեց սադրիչ եւ բացարձակապես կեղծ տեղեկատվություն՝ ՀՀ ԶՈՒ կողմից Նախիջեւանի  Օրդուբադ բնակավայրի հռթիռակոծման մասին: Եվ ըստ արդեն իսկ իրենց ավանդական գործելավոճի՝ ապատեղեկատվության այս ալիքին հաջորդել է իրական ագրեսիա ՀՀ  ինքնիշխան տարածքի նկատմամբ:

Ադրբեջանի չդադարող փորձերը ընդարձակել հակամարտության աշխարհագրությունը եւ դրանով անդառնալի հարված հասցրել ողջ տարածաշրջանային անվտանգային համակարգին խստագույնս դատապարտելի են: ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգություն ստանալու է համարժեք պատասխան»։

ՀՀ ՊՆ խոսնակը հայտնեց, որ  Հայաստանի օդային տարածքում ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ։

«Զինուժ» մեդիան դեպի ռազմաճակատ մեկնող զինվորագրվածների մասին տեսանյութ հրապարակեց։

«Գնում ենք մարտական տրամադրությամբ, որ հասնենք մեր նպատակին՝ պաշտպանելով բոլորիս ընտանիքը, հողն ու ջուրը։ Մարզվել ենք, լրիվ պատրաստ ենք ու սաղս պիտի հետ գանք։ Ոչ վախենալու, ոչ էլ հետքայլ անելու ոչ իրավունք ունենք, ոչ էլ մտածել ենք դրա մասին»,- ասում էին կամավորները։

Ռիա Նովոստիին ՄԱԿ ԱԽ-ի աղբյուրը հայտնեց, որ ի պատասխան ՌԴ-ի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հարցմանը՝ երկուշաբթի ՄԱԿ-ի ԱԽ-ն կքննարկի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

«Ղարաբաղի հարցի շուրջ փակ խորհրդակցությունը նախատեսված է անցկացնել երկուշաբթի (հոկ. 119-ին՝ NEWS.am), ժամը 15.00-ին»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ քննարկման համար դիմել է Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը, որոնք հանդիսանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ:

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրեց.

«Երեկ Շուշիին ու Ստեփանակերտին հարվածել են ավելի հզոր միջոցներով»։

Արցախի ՊԲ-ից հայտնեցին, որ գիշերը օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել:

«Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Լուսադեմին թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Առավել ինտենսիվ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու ուղղությամբ դիմել են համարժեք գործողությունների: Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո»:

Արցախի պաշտպանության բանակը տեսանյութ հրապարակեց մայրաքաղաք Ստեփանակերտից, որտեղ երեւում են գիշերային հրթիռակոծության հետեւանքները:

«Գիշերը թշնամին, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, հրթիռակոծել է Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը»,-ասված էր հաղորդագրության մեջ:

Արծրուն Հովհաննիսյանը գրեց, որ իր առավոտվա հայտարարությունից հետո անդադար նամակներ է ստանում աղջիկներից, որոնք ուզում են զենք վերցնել ու գնալ սահմանը պահել։

«Չեմ զարմանում, քանի որ առյուծի էգն ու որձը չի լինում։ Մեր քույրերը պատիվ ունեն և դա է մեր գոյության երաշխիքը», հավելել էր նա։

Արցախի ՊԲ-ն ներկայացրեց Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը։

• ՊՆ ՌՕՈւ ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա

• ԶՈՒ ԳՇ մոտոհրաձգային բրիգադի ՄՏՎ,

• ՆԶ առանձնահատուկ նշանակության բրիգադ,

• ՊՆ մարտական կառավարման կենտրոն,

• ԶՈՒ ԳՇ ռադիոտեխնիկական գումարտակ,

• ՊՆ կենտրոնական ենթակայության վառելիքաքսուկային նյութերի բազա,

• Պաշտպանական արդյունաբերության նախարարության մեքենաշինաան գործարան, ավիացիոն վերանորոգման գործարան և հրետանու սպառազինության վերանորոգման գործարան:

Ենթադրվում է, որ ՊԲ-ն ակնարկում էր, թե կարող է հարվածել այդ օբյեկտներին, թեեւ հետագայում այդ մասին հաղորդագրություններ չեղան։ Գյանջայի ռազմական օդանավակայանն այս ցուցակում չկար, թերեւս այն պատճառով, որ Արցախի նախագահի խոսնակի համաձայն՝ այն հօդս էր ցնդել։

Եվրոպական տարբեր քաղաքներում չեն դադարում ցույցերը՝ ի աջակցություն Արցախի։ Եվրոպայի հայերը փակում են միջպետական նշանակության կարևոր մայրուղիները՝ աշխարհի ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի վրա։

Հոկտեմբերի 17-ին, հերթական ակցիայի մասնակիցները փակել են Ֆրանսիա-Իսպանիա միջպետական ճանապարհը։ Նրանք վանկարկում են՝ «Էրդողան տեռորիստ», «Հաղթելու ենք», «Հայաստան», «Արցախը Հայաստան է»: Ցուցարարները պահանջում են իրենց երկրների կառավարություններից ճանաչել Արցախի անկախությունը:

ՊՆ տարածած տեսանյութում մերօրյա հերոսներից Էդգար Մարկոսյանը հոսպիտալում պատմել է, որ ոչնչացրել է հակառակորդի 10 տանկ:

«Խոցել եմ 10 տանկ, եղել են շարասյուներ, որ կանգնեցրել եմ: Ադրբեջանական 6-7 տանկ գալիս էին, առաջին տանկը ես կանգնացնում էի, հետո հրետանին արդեն խոցում էր մնացածին ու շարքից հանում»,- պատմել է նա՝ հավելելով, որ առաջին խոցումն իր համար անսպասելի է եղել, երբ տանկի վերեւի մասը մոտ 200 մետր օդ է թռել:

«Էդ առաջին խոցումից հասկացա, որ լինելու է հաղթանակը, հաղթելու ենք»,-ասել է Էդգարն ու շարունակել. «Ուշքումիտքս էնտեղ ա, տղեքի հետ: Զանգում եմ, փորձում եմ մաքսիմում իրենց կողքը լինեմ, մինչեւ գնամ հասնեմ իրենց»:

Ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հերքել է դեպի ՀՀ քաղաքացիական ինքնաթիռներով, մաքսանենգ ճանապարհով, իբր զինամթերք տեղափոխելու, ինչպես նաև համանման այլ ոչ հավաստի երևույթների վերաբերյալ տեղեկտավությունը:

«Վերջին օրերին ադրբեջանական կողմից, տվյալ երկրի ղեկավարի մակարդակով, ակտիվ լուրեր են շրջանառվում տարբեր երկրների օդային տարածքներով դեպի ՀՀ քաղաքացիական ինքնաթիռներով, մաքսանենգ ճանապարհով, իբր զինամթերք տեղափոխելու վերաբերյալ: ՀՀ ԱԱԾ-ն պաշտոնապես հերքում է նմանօրինակ ստահոդ և հիվանդ երևակայության արդյունք հանդիսացող տեղեկությունները, որոնց տարածումը դարձել է թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական վարձկանների դաշինքի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հիմնական բաղադրիչը և նպատակ ունի հարված հասցնել ՀՀ հեղինակությանը, ինչպես նաև գործընկեր ու բարեկամ երկրների հետ ձևավորված ջերմ հարաբերություններին»:

ԱԱԾ-ն թվարկել էր այն չվերթները, որոնցով Ադրբեջանն ինքն էր զենք ու զինամթերք, նաեւ ահաբեկիչներ տեղափոխում։

Արցախի ՊԲ-ն շարունակում էր ներկայացրել նորօրյա հերոսներին:

««Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ներկայացված քաջորդիներից է փոխգնդապետ Տարոն Քոչարյանը, որը կարողացել է հստակորեն կազմակերպել իր ստորաբաժանման պաշտպանությունը և, դիմելով ակտիվ գործողությունների, ոչնչացրել թշնամու մեծ քանակությամբ զինտեխնիկա և կենդանի ուժ»:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները.

«Խոցվել է ևս 5 աթս, 2 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 150 զոհ»:

Վերջին օրերին պասիվացած Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրեց, որ ազատամարտիկ Ալեքսանդր Իվանի Հարությունյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը մոտ 1 տասնյակ կուսակցությունների անունից շտապ հայտարարություն է հրապարակել:

«Համայն հայ ժողովուրդը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը, մեկտեղել են իրենց կարողականությունը՝ դիմագրավելու մեր երկու պետականությունների դեմ ուղղված գոյապահպանական սպառնալիքը: Ադրբեջանաթուրքական ագրեսիան՝ միջազգային ահաբեկչական տարբեր խմբավորումների ներգրավմամբ, վերածվել է գլոբալ անվտանգությանն ուղղված իրական սպառնալիքի: Հայության համար հայրենականի վերածված պատերազմը նոր ծավալներ է ստանում՝ հանգեցնելով մեծաթիվ անդառնալի կորուստների: Պատերազմը սանձազերծած ագրեսորները՝ Ադրբեջանն ու Թուրքիան անհաղորդ են միջազգային հանրության՝ անհապաղ հրադադար հաստատելու և ռազմական ճանապարհով հիմնախնդրի լուծումը բացառելու պահանջներին: Ավելին, առաջին իսկ պահից Ադրբեջանը խախտել է ՌԴ միջնորդությամբ ձեռք բերված հումանիտար հրադադարի հաստատման համաձայնությունը:

Օրհասական այս իրավիճակում՝ ռազմական, քաղաքական և դիվանագիտական ճակատներում բեկում մտցնելը հրամայական է: Ստեղծված կացությունը համազգային ներուժի ամբողջական և աննախադեպ զորաշարժ է պահանջում:

Դիմում ենք ՀՀ կառավարությանը և պահանջում.

1. Հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով:

2. Հայրենքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող  նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փորձառություն ունեցող այլ անձանց»:  

Հայտարարությունը ստորագրել են «Ազատություն», «Ազգային օրակարգ», «Ազգային ժողովրդավարական միություն», «Ազգային ինքնորոշում միավորում», «Երկիր Ծիրանի», «Ժառանգություն»,  «Համերաշխություն», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», Հայաստանի դեմոկրատական,  Հայաստանի Հանրապետական, «Հայրենիք», «Հանուն սոցիալական արդարության», «Մեկ Հայաստան», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունները։

Ինչպես հայտնի է, իշխանությունը չի արձագանքել այս կոչ-պահանջին։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը հնարավոր է համարել, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և նախկին նախագահների ընդգրկումը կարող է փոխել ռազմական գործողությունների ընթացքը, քանի որ, ըստ նրա, նախկին նախագահները, հատկապես երկրորդ նախագահն այն գործիչներից է, որ պատերազմի ժամանակ  երկրորդական դեր չի կատարել։

«Ի վերջո պաշտպանության պետական կոմիտեի ղեկավարներից են եղել երկրորդ և երրորդ նախագահները, Ապրիլյան պատերազմի ժամանակ են մասնակցություն ունեցել։ Կարող ենք նաև ասել, որ երկրորդ նախագահը լավ հարաբերություններ ունի ՌԴ նախագահի հետ, շատ ավելի լավ հարաբերություններ, քան գործող վարչապետը, բայց ենթադրում եմ, որ  անկախ այդ կուսակցությունների կոչից, նախկին երեք նախագահներից ոչ մեկն էլ չի  ընդգրկվի այսօրվա իշխանությանների կողմից՝ այս պատերազմին»։

Թե ինչու իշխանությունները չեն ցանկանում պատերազմի օրերին հայրենիքի պաշտպանության աշխատանքներում ներգրավվել նախկին ղեկավարներին, քաղտեխնոլոգը նկատեց․

«Քանի որ նախկին նախագահները դիտարկվում են ոչ թե պատերազմի միջով անցած փորձառու ղեկավարներ, այլ՝ քաղաքական մրցակիցներ։ Չէ՞ որ պատերազմն ամեն դեպքում  կավարտվի և, բնականաբար, այդտեղ շատ հարցերի ի հայտ կգան և ընդգրկելով ոմանց, կարող է նաև պատերազմական գործողությունները այլ ընթացք ստանան և փաստորեն՝ վարկանիշային խնդիրներ առաջանան»։

Իսրայելում բողոքի ցույց է անցկացվել Ադրբեջանին զենք վաճառելու դեմ, որ Հայֆայից Երուսաղեմ ավտոերթ է ներառում եւ ցույց Կնեսետի շենքի դիմաց: Ցույցին մասնակցել են հարյուրավոր հայեր եւ իսրայելցիներ։

Ադրբեջանցիները հարձակվել են Իսրայելում հայ համայնքի խաղաղ ակցիայի մասնակիցների վրա։ Ակցիայի ավարտից հետո, երբ համայնքի ներկայացուցիչները Երուսաղեմից Թել Ավիվ ճանապարհին էին, ադրբեջանցիները փակել են ճանապարհը եւ սկսել հարձակվել հայկական դրոշներով միայնակ մեքենաների վրա։

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 16:30-ից 17:45-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ օդային տարածքում խոցել են հակառակորդի երեք, Արցախում՝ մեկ ԱԹՍ։

Քիչ անց Շուշան Ստեփանյանը նոր գրառում արեց.

«Ինչքան վայրագ պիտի լինես, տիկին Մեհրիբան, որ խոցես ռազմական հոսպիտալը և այնուհետև պաշտոնապես հրապարակես որպես ռազմամթերքի պահեստի ոչնչացում:

Հ.Գ. Հակառակորդի հրապարակած տեսանյութում կադրեր են հոկտեմբերի 14-ին Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալի դիտավորյալ հարվածից»:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մամուլի ասուլիսին հայտնեց, որ այդ օրվա դրությամբ արձանագրվել են առնվազն 36 քաղաքացիական զոհ եւ 115 վիրավոր: Զոհերից 8-ը կին է: Սեպտեմբերի 27-ից թիրախավորվել են ավելի քան 130 բնակավայրեր, 7800 անշարժ գույք է վնասվել, բնակարան, տուն, խանութ եւ այլն: Վնասվել է 1310-ից ավելի ենթակառուցվածք, հանրային կամ արտադրական նշանակության օբյեկտներ եւ 720-ից ավելի շարժական գույք, մասնավորապես, մեքենա:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը:

«Զրույցների ընթացքում ընդգծվել է այս տարվա հոկտեմբերի 10-ին ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների` մարդասիրական նպատակներով զինադադարի ռեժիմ նախատեսող մոսկովյան հայտարարության դրույթներին խստորեն հետեւելու անհրաժեշտությունը: Վերահաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու նպատակով առարկայական բանակցությունների մեկնարկի վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված համաձայնության կարեւորությունը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Օրվա ամփոփիչ ավանդական ասուլիսին Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ վաղ առավոտյան հակառակորդը շարունակել է իր հարձակողական գործողությունները նույն ուղղություններում, առավել թեժ մարտեր եղել են հարավային ուղղությամբ, հյուսիսային ուղղությամբ այդքան թեժ չի եղել, ինչպես նախորդ 2-3 օրերը:

«Հարավային ուղղությամբ ձեռնարկվել է լայնամասշտաբ գրոհ, հարձակում, ուղղություններից մեկում մոտավորապես 2-3 տասնյակ մեքենաներով շարասյունը փորձել է մոտենալ եւ հարձակում զարգացնել, սակայն մեր հրետանավորների դիպուկ կրակի արդյունքում շարասյունը խոցվել է եւ հակառակորդը ստիպված է եղել նահանջել: Այլ ուղղություններով համառ մարտեր են ընթացել, դրանցից որոշներում էլ այս պահին մարտերը շարունակվում են»,-ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով` հակառակորդը, որպես կանոն, մեծաթիվ զրահատեխնիկա այլեւս չի կիրառում, կիրառում է օդուժ, ԱԹՍ-ներ եւ հրետանային կրակ:

«Մեր հաղթանակը հաստատ գալու է, որովհետեւ մարդիկ թաքցնում են իրենց տարիքը, ֆիզիկական վիճակը, որպեսզի կամավորագրվեն:  Ես քաղաքում ամեն օր հանդիպում եմ տղաների, նաեւ աղջիկների, որոնք խնդրում են, որ զինվորագրվեն: Ժամանակին չեն ծառայել տարբեր պատճառներով, բայց հիմա շատ են ուզում, գնում են զինկոմիսարիատներ, օրենքը թույլ չի տալիս, մերժվում են: Ամեն անգամ ինձ խնդրում են՝ ինչպե՞ս անենք, որ գնանք ճակատ, որ զենք բռնել սովորենք: Մենք չենք կարող այսքանից հետո չհաղթել: Մենք պարտավոր ենք հաղթել ու հաղթելու ենք»,- ասում էր Հովհաննիսյանը:

Անդրադառնալով հակաօդային պաշտպանության մասով ՀԱՊԿ-ին դիմելու վերաբերյալ հարցին, Արծրուն Հովհաննիսյանը նախ ասաց, որ քաղաքական հարցերին չի անդրադառնալու, ապա հավելեց.

«Մենք մեր ՀՕՊ-ի հարցերը այս պահին լուծում ենք: Ես մի քանի անգամ ասել եմ, որ մենք ինքներս ենք մեր կռիվը մղելու, մեր հողը պաշտպանելու: Մեզ կարող են օգնել մեր ընկերները, դաշնակիցները, բայց մեր փոխարեն չեն կռվելու»:

Հարցին, թե ինչու հայկական կողմը չի ուզում վերջակետ դնել պատերազմին՝ հուժկու կետային հարվածներ հասցնելով հակառակորդի ռազմական կենսական օբյեկտներին ու ենթակառուցվածքներին, ՊՆ ներկայացուցիչն արձագանքեց.

«Ձեզ ինչի՞ է թվում, որ ինչ-որ հարվածից  հետո Ադրբեջանը պետք է դադարեցնի պատերազմը: Մենք մեր չափորոշիչներով ենք մտածում, որ եթե ազդենք այս կետի վրա, պատերազմը կավարտվի: Բայց դիմացինն այդպես չի մտածում, դիմացինը միգուցե իր զորքի 99 տոկոսն էլ կորցնի, ենթակառուցվածքներ կորցնի, բայց միեւնույն է, հանուն իր սեփական իշխանության կանգ չառնի»:

ՀՀ Արտաքին գործերի նախարությունից հայտնեցին, որ ՀՀ-ն և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:

Նշվում էր, որ որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հոկտեմբերի 1-ի հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի  հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան 2020-ի Ադրբեջանի ագրեսիան անվանել է «հնարավորություն» խաղաղության և կայունության համար
Նրա խոսքով, կողմերը պայմանավորվել են խորացնել Թուրքիայի հաջող համագործակցությունը Ադրբեջանի և...
Երևանի և Բաքվի միջև միմյանց դեմ միջազգային դատական ​​հայցերը հետ կանչելու համաձայնություն չկա. Միրզոյան
Քննարկվում են տարբեր տարբերակներ...
Դպրոցներ կային՝ մեզ ագրեսիվ դիմավորեցին, մի տեղ ասացին՝ կարող ա դուք մուսուլման եք. զոհվածի հայր
Մենք 7 հոգանոց տարբեր խմբեր էինք կազմել, որպեսզի այցելենք դպրոցներ, սակայն…
Այս պահի դրությամբ 23 մարդ դեռեւս պահվում է անազատության մեջ Բաքվում. Արարատ Միրզոյան
2023 թվականի հենց առաջին օրից մենք արդեն ունենինք շատ կոնկրետ իրավիճակ՝...
«Փաշինյանը 2018–ին խոստացել էր վերադարձնել տարածքները».Ալիև
«Բայց, ցավոք, 2019-ին Հայաստանի նոր ղեկավարությունը բացարձակապես անընդունելի առաջարկներ արեց»․․․
Զոհված զինծառայողների ընտանիքները փոխնակ մոր ծառայությունից կարող են օգտվել նաև 2-րդ անգամ, եթե ընտանիքում կա 2 զոհված
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում ընդլայնեց զոհված...
Ամենաշատ