
Սլովենիայի ենթակառուցվածքների նախարար Էռնեյ Վրտովեցը հայտարարել է, որ միջուկային էներգիան անհրաժեշտ է Եվրամիության երկրներին, հայտնում է Reuters-ը։
Նա կարեւորել է Եվրոպայի էներգետիկ ճգնաժամի պայմանները եւ էներգետիկ անկախության ապահովման անհրաժեշտությունը։
«Այս ճգնաժամը վերջնական ազդանշանն է նրա, թե որքան կարեւոր է «կանաչ» տրանսֆորմացիան: Եթե մենք ցանկանում ենք հասնել երկու կարեւոր նպատակի՝ կլիմայական չեզոքության եւ անկախ Եվրոպայի էներգետիկայի ոլորտում, դա նշանակում է, որ մենք պետք է ավելի ու ավելի շատ պետական եւ մասնավոր գումարներ ներդնենք վերականգնվող էներգիայի աղբյուրների եւ նոր տեխնոլոգիաների մեջ։ Ցավոք, վերականգնվող էներգիան բավարար չի լինի, ուստի այստեղ նոր տեխնոլոգիաներ են անհրաժեշտ, հատկապես՝ ատոմային էներգետիկայի ոլորտում»,- ասաց Վրտովեցը։
Սլովենիան նախագահում է ԵՄ երկրների խորհրդում 2021 թվականին։ Սլովենիայի էլեկտրաէներգիայի սպառման մինչեւ 25 տոկոսն ապահովում է «Կրշկո» ԱԷԿ-ը, որը կառուցվել է 1975 թվականին Սլովենիայի եւ Խորվաթիայի համատեղ ջանքերով, որոնք այն ժամանակ Հարավսլավիայի մաս էին կազմում։ Համապատասխանաբար, «Կրշկո» ԱԷԿ-ն ապահովում է նաեւ Խորվաթիայի էներգիայի սպառման մինչեւ 15 տոկոսը: