Բրազիլիայում ոստիկանները սպանել են բանկեր կողոպտելու մեջ կասկածվող 25 անձի, որոնց կողոպուտները խոչընդոտել են մի քանի խոշոր քաղաքների գործունեությունը, գրել է The Guardian-ը։
Ենթադրյալ հանցագործներին կիրակի վաղ առավոտյան սպանել են հարավարեւելյան Մինաս Ժերայս նահանգում, որտեղ վերջիններս, ոստիկանության պնդմամբ, պատրաստվում էին հարձակում իրականացնել:
«Այս գործողությունը... կմնա պատմության մեջ», - տեղական ռադիոյին հայտնել է Մինաս Ժերայս նահանգի պետական անվտանգության քարտուղար Ռոգերիո Գրեկոն։
Դաշնային ճանապարհային ոստիկանությունը, որը մասնակցել է առաքելությանը, հայտնել է, որ խումբն ուներ «իսկական ռազմական զինանոց»՝ ներառյալ հրացաններ, 50 տրամաչափի գնդացիրներ, պայթուցիկներ եւ զրահաբաճկոններ:
Բրազիլիայում վերջին տարիներին մի շարք կողոպուտների համար պատասխանատու են նման ոճի խմբավորումները, որոնք հաճախ թիրախավորում են հարավային եւ հարավ-արեւելյան նահանգների միջին մեծության քաղաքների բանկերը:
2020 թվականի դեկտեմբերին գանգստերները պաշարեցին հարավային Կրիսիումա քաղաքը, մեքենաներ այրեցին, առեւանգեցին պետական պաշտոնյաների, պայթեցրին բանկը եւ ոստիկանության հետ երկու ժամ փոխհրաձգության մեջ մտան։
Օգոստոսին նմանատիպ հարձակում տեղի ունեցավ Սան Պաուլո նահանգի Արասատուբա քաղաքում, երբ սեւազգեստ հանցագործները ներխուժեցին բանկեր, այնուհետեւ փախուստի դիմեցին՝ պատանդներին իրենց մեքենաներին կապված: