News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 10-ին Երեւանում տեղի ունեցավ 20-րդ դարի երկրորդ կեսի ամենաազդեցիկ գիտական աշխատություններից մեկի՝ «Կապիտալիզմ եւ ազատություն» գրքի շնորհանդեսը։ Տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Միլթոն Ֆրիդմանն այս գրքով նշանակալի ներդրում է ունեցել աշխարհի շատ երկրների տնտեսության եւ տնտեսական զարգացման մեջ՝ շարունակելով ազդել տնտեսական եւ քաղաքական որոշումների վրա ամբողջ աշխարհում:

Շնորհանդեսին ներկա էին պաշտոնյաներ, հայտնի տնտեսագետներ, բանկային ոլորտի ներկայացուցիչներ։ Միլթոն Ֆրիդմանն ամերիկացի ականավոր տնտեսագետ է եւ մոնետարիզմի հիմնադիրը։ Նա համարվում է ամենաազդեցիկ տնտեսագետը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, եղել է ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թետչերի խորհրդականը։ Նրա գաղափարները փոխել են աշխարհը, իսկ առաջարկած թեզերը` գնահատվել հեղափոխական։

Իր աշխատանքում Ֆրիդմանը կողմ է հանդես գալիս կամավոր զինվորական ծառայությանը, ազատ լողացող փոխարժեքին, բացասական եկամտային հարկերին եւ դպրոցական (կրթական) վաուչերների ներդրմանը։ Ըստ Econ Journal Watch-ի ուսումնասիրության՝ Ֆրիդմանը 20-րդ դարում ճանաչվել է աշխարհի երկրորդ ամենահայտնի տնտեսագետը: Ֆրիդմանի «Կապիտալիզմ եւ ազատությունը» վաճառվել է մոտ մեկ միլիոն օրինակով, թարգմանվել է 18 լեզվով եւ շարունակում է խթանել տնտեսական միտքն ու քաղաքականությունը ամբողջ աշխարհում:

Այս աշխատությունը հսկայական ազդեցություն ունեցավ Հայաստանի զարգացման վրա։ ԽՍՀՄ փլուզումից հետո այս աշխատության մեջ օգտագործված շատ գաղափարներ եւ սկզբունքներ դարձան անկախ տնտեսության, անկախ ֆինանսական համակարգի կառուցման, պետություն-մասնավոր հատված հարաբերությունների կարգավորման եւ խաղի կանոնների հաստատման հիմնաքարերը։ Գրքի գիտական խմբագիրն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, թարգմանիչը՝ Լիանա Զաքարյանը, խմբագիր՝ Տաթեւիկ Նալբանդյանը։

Միլթոն Ֆրիդմանի գիրքը հայերեն է թարգմանել Newmag հրատարակչությունը՝ Հայաստանի խոշորագույն բանկերից մեկի՝ «Արդշինբանկի»  նախաձեռնությամբ։ Մասնագետները, որոնք աշխատել են հայերեն թարգմանության վրա, նշում են այն պարզությունը, որով հեղինակը բացատրում է բարդ տնտեսական գործընթացները։ Յուրի Սուվարյանը, ընդգծելով, որ Newmag-ը նոր որակ է բերել գրահրատարակչություն, նշել է Ֆրիդմանի աշխատանքի կարեւորությունը` բազմաթիվ երկրների պետական քաղաքականության մաս դառնալով թե՛ գիտական նշանակության, թե՛ գործնական կիրառման առումով։ Նրա խոսքով` աշխատության հայերեն թարգմանությունը թույլ կտա ավելի խորը հասկանալ հեղինակի գաղափարները, որոնցից շատերն իրականություն են դարձել։

«Արդշինբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Արտակ Անանյանը պատմեց, որ իր համար անակնկալ էր, որ Ֆրիդմանի աշխատությունը հայերեն դեռ չկա, ինչն էլ դարձավ այն թարգմանելու եւ լայն հանրությանը ներկայացնելու որոշման հիմք։ Նա շնորհակալություն հայտնեց Newmag-ին՝ նշելով հրատարակչության հետ համագործակցության նախորդ հաջող փորձը։ Ա.Անանյանի խոսքով` թարգմանության նպատակն է ընդլայնել տնտեսագիտություն սովորող ուսանողների հորիզոնները։

««Արդշինբանկը», լինելով Հայաստանի խոշորագույն եւ առանցքային բանկերից մեկը, միշտ կարեւորել է տնտեսական մտքի խթանումը, ֆինանսական համակարգի ինստիտուցիոնալ զարգացումը։ Միլթոն Ֆրիդմանի գրքի հայերեն թարգմանությունն ու հրատարակումը մեր համեստ ներդրումն է այս գործում։ «Արդշինբանկը» վստահ է, որ կոլեկտիվ միտքը, բարձրորակ կրթությունը եւ լիարժեք փոխըմբռնումը զարգացման նոր հնարավորություններ կբացեն»,- վստահություն հայտնեց Արտակ Անանյանը:

«Արդշինբանկի» ֆինանսական տնօրեն Դավիթ Սարգսյանը հայտարարեց, որ երկրի տնտեսության հիմքում մասնավոր նախաձեռնությունը եւ ճիշտ մոտիվացիան են, ուստի, չնայած բազմաթիվ մարտահրավերներին, դրանք շարունակում են աճ արձանագրել։ «Ժամանակն ապացուցեց, որ ձեւավորված տնտեսական համակարգն ավելի ուժեղ եւ առաջադեմ է, քան կարելի էր պատկերացնել»,- ընդգծեց նա։

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը, շնորհակալություն հայտնելով «Արդշինբանկին», իր գոհունակությունը հայտնեց առ այն, որ այժմ բոլոր հետաքրքրված անձինք կկարողանան հայերենով ծանոթանալ այս նշանավոր աշխատությանը։ Նրա կարծիքով՝ Ֆրիդմանի գաղափարները, մարդկանց թուլության պատճառով, երբեք չեն եղել եւ չէին կարող հանրաճանաչ լինել, քանի որ հասարակությունը չի սիրում խոստովանել իրեն ոչ ձեռնտու ճշմարտությունները։ «Մարդիկ հաճախ չեն ուզում մտածել, որ իրենք պետք է ստանձնեն խնդիրների լուծման պատասխանատվությունը՝ համարելով, որ ամեն ինչ պետք է լինի այնպես, ինչպես ԽՍՀՄ-ում, որը հսկայական պարտավորություններ էր ստանձնել եւ կիսատ-պռատ կատարում էր դրանք։ Շատերը Ֆրիդմանին եւ այլ լիբերալների մեղադրում են իրենց գործունեության արդյունքում աղքատության աճի համար: Սակայն ճշմարտությունն այն է, որ կառավարությունը չպետք է միջամտի այնտեղ, ուր պետք չէ։ Իշխանությունները չպետք է մտածեն, որ կարող են լուծել բոլոր խնդիրները: Պետությունը պետք է հասկանա, թե կոնկրետ ինչ պետք չէ անել»,- ասաց նախարարը։

Գիրքը, Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանի խոսքով, հետաքրքիր կլինի նրանց, ովքեր ցանկանում են ծանոթանալ սեփական ֆինանսական ռեսուրսների կառավարման մեխանիզմներին, ինչպես նաեւ նրանց, ովքեր պատրաստվում են կարիերա կառուցել տնտեսագիտության ոլորտում։ «Հուսով ենք, որ այս գրքի` Հայաստանում լույս ընծայմամբ ապագայում քննարկում կծավալվի տնտեսական հարաբերությունների թեմայի շուրջ՝ ինչպիսի հասարակություն ենք ուզում ձեւավորել, ինչպիսին պետք է լինեն հասարակություն-կառավարություն հարաբերությունները»,- ասաց Ա.Ալեքսանյանը։ Համապատասխան հետաքրքրության դեպքում նա պատրաստակամություն հայտնեց շարունակել աշխատանքը հայերենով նման ստեղծագործությունների հրատարակման ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վճարում ես Արցախբանկի Mastercard-ով` շահում ես մինչև 1,000,000 ՀՀ դրամ
Բանկը հնարավորություն է ընձեռում ռեզիդենտ ֆիզիկական անձանց դառնալ Բանկի քարտապան և մասնակցել ակցիային ձեռքբերելով...
Խնայում ենք Wildberries-ում IDBank-ի հետ
Բանկի մնացած բոլոր քարտերի դեպքում կստանաք վճարման գումարի 1%-ի չափով idcoin...
Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի հետ
«Ամիօ ժամանակաշրջան» ծրագիրը նպատակ ունի ուսումնական մեկ տարվա վարձավճարի ֆինանսավորում տրամադրել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին...
Կոնվերս Բանկը բիզնեսին աջակցում է պարտատոմսերի թողարկման հարցում
Սա բիզնեսի զարգացման նպատակով ներդրումների ներգրավման լավագույն եղանակներից է, որը հնարավորություն է տալիս միջոցներ ներգրավել առանց էական հավելյալ ծախսերի...
«Արդշինբանկ» ՓԲԸ-ն միանում է Ածխաթթու գազի արտանետման հաշվառման ֆինանսական համագործակցությանը
Ածխաթթու գազի արտանետման հաշվառման ֆինանսական համագործակցությունը (PCAF) գործընկերություն է ֆինանսական հաստատությունների միջև ամբողջ աշխարհում...
Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Երևանի պետական համալսարանի հետ
Կորպորատիվ բարեգործության յուրահատուկ այս օրինակով Ամիօ բանկն աջակցում է բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին՝ այդ կերպ ներդրում կատարելով ապագայի մեջ...
Ամենաշատ