News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը ԵՄ-ին թույլ կտա դեր ունենալ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խաղաղ բանակցություններում, գրում է The National Interest-ը։

«Բայց Եվրամիությունն ինչի՞ հույս ունի Հայաստանի եւ Ադրբեջանի հետ կայանալիք գագաթաժողովից։ Եվ ինչպե՞ս կարող է ԵՄ-ը մասնակցել այդ երկու երկրների միջեւ խաղաղ բանակցություններին։

Նախ՝ ԵՄ-ը պետք է շարունակի ֆինանսական եւ հումանիտար օգնության ցուցաբերումը, որպեսզի փորձի լուծել հակամարտությունը։ Այսօրվա դրությամբ ԵՄ-ը ավելի քան 17 մլն եվրոյի օգնություն է ցուցաբերել, որը նպաստել է այն ջանքերին, որոնք ներառում են օգնությունը հակամարտության հետեւանքով տեղահանված անձանց եւ վերականգնման նախագծերը։ Չնայած այդ օգնությունը  վերջ չի դրել պատերազմին՝ այն տրամադրել է առաջին անհրաժեշտության իրեր նրանց, ովքեր տուժել են ճգնաժամից։ Ֆինանսական օգնությունն ապագայում  կարող էր նաեւ ավանդ ներդնել հետհակամարտային վերականգնման հիմնադրամում, որը կարելի էր օգտագործել հակամարտության ընթացքում ավերված ենթակառուցվածքի վերականգնման համար։

Երկրորդ՝ ԵՄ-ը կարող է պատկերացում կազմել խաղաղ բանակցությունների գործընթացի մասին։ Թուրքիան եւ Ռուսաստանը ակտիվորեն աշխատել են Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հրադադարի հաստատման եւ պահպանման ուղղությամբ։ Թուրքիան դիտորդներ է ուղարկել տարածաշրջան։ Ռուսաստանը խաղաղապահ ուժեր է տեղակայել։ Չնայած այս ջանքերին՝ հրադադարի ռեժիմը շարունակում է խախտվել։

ԵՄ-ին ներգրավելով՝ արեւմտյան կազմակերպությունները կարող էին իրենց սեփական խաղաղապահ առաքելությունն իրականացնել՝ օգնելու համար հրադադարի ռեժիմի պահպանման ապահովմանը։ Այդ խաղաղապահ ուժերը կհամագործակցեն Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ, որպեսզի երաշխավորեն բռնության դադարեցումը։ Դա նաեւ կարող է հանգեցնել Մինսկի խմբի միջնորդական ուժերի կրկնակի ներդրմանը ղարաբաղյան տարածաշրջանում, ինչն, իր հերթին, կարող է հանգեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման։

Երրորդ՝ ԵՄ-ը պետք է համագործակցի Հայաստանի եւ Ադրբեջանի հետ տնտեսական զարգացման նրանց ջանքերում։ ԵՄ-ը կարող էր ստեղծել զարգացման բանկ, որտեղ երկու երկրները բաժնետերեր կլինեին։ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը կարող է միջոցներ հատկացնել Հայաստանին եւ Ադրբեջանին հակամարտությունից տուժած տարածքների վերականգնման համար։

Վերջապես, ԵՄ-ը կարող էր աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ նրանց առեւտրային հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ, ինչը կօգներ խթանելու երկու երկրների տնտեսությունները։ Ավելի վաղ այս տարվա ընթացքում Հայաստանը եւ Ադրբեջանը Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրել են Կովկասում «տնտեսական կապերի եւ ենթակառուցվածքի զարգացման» համաձայնագիր։ Եվրոպական առեւտրային ցանցերը նաեւ կարող են այդ երկու երկրներին մասնակցության հրավիրել, ինչը կարող է լրացուցիչ տնտեսական հնարավորություններ ընձեռել Հայաստանին եւ Ադրբեջանին։

«Արեւելյան գործընկերության» կայանալիք գագաթաժողովը ԵՄ-ին հնարավորություն է տալիս միանալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցությունների գործընթացին։ Արեւմտյան կազմակերպությունը կարող էր լրացուցիչ հումանիտար օգնություն տրամադրել Հայաստանին եւ Ադրբեջանին, խաղաղապահներ ուղարկել տարածաշրջան եւ ստեղծել նոր տնտեսական հնարավորություններ։ Ղարաբաղյան հակամարտությունը մի ակնթարթում չի ավարտվի, ժամանակ կպահանջվի, որպեսզի լուծվի այդ ճգնաժամը, բայց ԵՄ մասնակցությունը կարող է կարեւոր քայլ լինել բանակցային գործընթացում։ Եթե նախագահ Միշելը արդյունավետ քննարկումներ անցկացնի վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի հետ, ապա ԵՄ փոխգործակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ կարող է օգնել վերջ դնելու ղարաբաղյան հակամարտությանը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ