News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Փետրվարի 21-ին Անվտանգության խորհրդի նիստից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչման մասին։ Նույն օրը երեկոյան նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը։ Ինչպե՞ս է աշխարհն արձագանքել այդ որոշմանը։ 

ՄԱԿ

«Մենք խորապես ցավում ենք այս որոշման համար, որը հղի է տարածաշրջանային եւ միջազգային հետեւանքներով։ Մենք նաեւ ափսոսում ենք Ուկրաինայի արեւելք զինծառայողների ուղարկելու Ռուսաստանի որոշման համար, որոնք, ինչպես պնդում են, այնտեղ խաղաղապահ առաքելություն կիրականացնեն»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿառլոն։ 

ԵԱՀԿ

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԼԺՀ եւ ԴԺՀ անջատողական կազմավորումների անկախությունը ճանաչելու որոշումը հակասում է Մինսկի պայմանավորվածություններին։ Ինչպես ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները, Ռուսաստանը եւս պարտավոր է հարգել այլ երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Չափազանց կարեւոր է, որպեսզի այս որոշումը չհանգեցնի նոր ռազմական գործողությունների եւ արյունահեղության»,- ասել է Ուկրաինայում եւ եռակողմ կոնտակտային խմբում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Միկո Կինունենը։

Եվրոպայի խորհուրդ

«Եվրոպայի խորհուրդը Ռուսաստանին կոչ է անում չեղարկել այսպես կոչված «ժողովրդական հանրապետությունները» ճանաչելու որոշումը եւ զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից։ Ռուսաստանի Դաշնության կողմից Դոնեցկի եւ Լուգանսկի այսպես կոչված ժողովրդական հանրապետությունների ճանաչումը միջազգային իրավունքի եւ Մինսկի համաձայնագրերի միակողմանի խախտում է։ Եվրոպայի խորհուրդը վերահաստատում է իր աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Մենք կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը չեղարկել այս որոշումը եւ զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից»,- ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը։

ԱՄՆ

«ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է այսպես կոչված Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները որպես անկախ պետություններ ճանաչելու որոշումը։ Ռուսաստանի որոշումը Պուտինի կողմից միջազգային իրավունքի եւ նորմերի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի օրինակ է։ Երբ Դուման հանդես եկավ նման առաջարկով, մենք ասացինք, որ դա Ռուսաստանի կողմից Մինսկի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններից հրաժարում է եւ ուղղակիորեն հակասում է Ռուսաստանի հավատարմությանը դիվանագիտությանը եւ բացահայտ հարձակում է Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության վրա»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Գերմանիա

«Ուկրաինայի անջատողական ինքնահռչակ «ժողովրդական հանրապետությունների» անկախության ճանաչումը, որի մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը, «միջազգային իրավունքի աղաղակող խախտում է եւ ծանր հարված  խաղաղ կարգավորմանը եւ քաղաքական լուծմանն ուղղված բոլոր դիվանագիտական ​​ջանքերին։ Ռուսաստանը խախտել է իր միջազգային պարտավորությունները, որոնք ստանձնել է Մինսկի պայմանավորվածությունների շրջանակում։ Մենք պահանջում ենք, որ Ռուսաստանը չեղարկի ընդունված որոշումը եւ վերադառնա հակամարտության դիվանագիտական ​​եւ քաղաքական կարգավորման ճանապարհին»,- ասել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։

Թուրքիա

«Թուրքիան հավատարիմ է Ուկրաինայի քաղաքական միասնության եւ տարածքային ամբողջականության պահպանմանը։ Թուրքիան անընդունելի է համարում Ռուսաստանի որոշումը եւ կոչ է անում հարգել միջազգային իրավունքը։ Ռուսաստանի Դաշնության որոշումը՝ ճանաչել այսպես կոչված Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունները, Մինսկի համաձայնագրերի, ինչպես նաեւ Ուկրաինայի քաղաքական միասնության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում է։ Մենք անընդունելի ենք համարում Ռուսաստանի այդ որոշումն ու ժխտում այն»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

Ճապոնիա

«Ճապոնիայի կառավարությունը դատապարտում է Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ինքնիշխանությունը ճանաչելու Ռուսաստանի որոշումը։ Մենք չենք ճանաչում եւ խստորեն դատապարտում ենք Ռուսաստանի այս քայլը, որը խախտում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ռուսաստանի գործողությունները խախտում են միջազգային իրավունքի նորմերը»,- ասել է Ճապոնիայի արտգործնախարար Յոսիմասա Հայասին։ 

Լատվիա

«Ռուսաստանի Դաշնության նախագահի ընդունած որոշումը Ուկրաինայի Լուգանսկի եւ Դոնեցկի տարածքների (որոնք կառավարության վերահսկողության տակ չեն գտնվում) անկախության ճանաչման մասին՝ Ուկրաինայի անկախության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ հարձակման շարունակությունն են, հարձակում, որն սկսվել է 2014թ. Եվրոպայում սահմանների անօրինական փոփոխությամբ։ Կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը, շինծու պատրվակով եւ կեղծ տեղեկատվություն տարածելով՝ Ռուսաստանը ձգտում է սադրել Ուկրաինայի քաղաքական ղեկավարության եւ արտաքին քաղաքական գծի փոփոխություն բռնի մեթոդներով։ Կտրականապես դատապարտելով Ռուսաստանի գործողությունները՝ Լատվիան միջազգային հանրությանը կոչ է անում ձեռնարկել ամենավճռական միջոցները, որպեսզի դադարեցվի ռուսական ագրեսիան եւ օգնություն առաջարկվի Ուկրաինային»,- նշվում է նախագահի, Սեյմի խոսնակի, վարչապետի եւ արտաքին գործերի նախարարի համատեղ հայտարարությունում։

Նիդեռլանդներ

«Ուկրաինայում անջատական տարածքների ճանաչումը միջազգային իրավունքի, Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ Մինսկյան համաձայնագրերի կոպիտ խախտում է։ Նիդեռլանդները վճռականորեն դատապարտում է այդ ակտը եւ վճռականորեն կարձագանքի ԵՄ եւ ՆԱՏՕ մեր գործընկերների հետ սերտ կոորդինացմանը»,- ասվում է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հուքստրի հայտարարությունում։

Չեխիա

«Սա Ռուսաստանի կողմից  միջազգային իրավունքի խախտում է եւ ագրեսիայի ակտ հարեւան ինքնիշխան պետության դեմ։ Մենք սատարում ենք ԵՄ եւ գործընկերների ընդհանուր պատասխանին։ Չեխիայի Հանրապետությունը հանդես է գալիս հօգուտ ազատ եւ անկախ Ուկրաինայի։ Մեր պատմությունից մենք լավ ենք հիշում, որ նման քայլերը հարեւան ինքնիշխան պետությունների դեմ երբեք խաղաղության չեն հանգեցնում»,- ասել է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան։

Եվրախորհրդարան

«Ուկրաինայի երկու անջատական տարածքների ճանաչումը միջազգային իրավունքի, Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ Մինսկյան համաձայնագրերի կոպիտ խախտում է։ ԵՄ-ը եւ նրա գործընկերները կարձագանքեն միասնությամբ, ամուր վճռականությամբ՝ համերաշխություն հայտնելով Ուկրաինային»,- նշել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։

Մեծ Բրիտանիա

«Մեծ Բրիտանիան մտադիր է  ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակը՝ այսպես կոչված «Լ/ԴԺՀ»-ի անկախությունը ճանաչելու հետ կապված։ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ կմտցնի Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան նրա կողմից միջազգային իրավունքի խախտման եւ Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ հարձակման։ Այդ գործողությունները լուրջ տնտեսական հետեւանքներ կունենան։ Ռուսաստանը մեզ հասցրել է ծայրագույն կետին»,- ասել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Բարբարա Վուդվարդը։

Ֆրանսիա

«Միանշանակ, խոսքը Ռուսաստանի կողմից միակողմանիորեն միջազգային իրավունքի խախտման եւ Ուկրաինայի ինքնիշխանության դեմ ոտնձգության մասին է։ Սա պահանջում է, որպեսզի շտապ հրավիրվի Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստ, ինչպես նաեւ նպատակաուղղված եվրոպական պատժամիջոցների ընդունում»,- ասվում է Էմանուել Մակրոնի նախագահական հայտարարությունում։

Հարավային Կորեա

«Կոչ եմ անում հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը եւ խոստանում եմ ապահովել իմ երկրի մասնակցությունը խաղաղարար ջանքերին։ Ուկրաինայի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն։ Ամբողջ աշխարհի երկրները պետք է միավորվեն եւ աշխատեն Ուկրաինայում իրավիճակի արագ եւ խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Հարավային Կորեան ակտիվորեն կմասնակցի այդ ջանքերին՝ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ»,- ասել է Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը։

Վրաստան

«Վրաստանը վճռականորեն դատապարտում է «Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի «ճանաչումը», ինչը կրկնում է այն սցենարը, որը հանգեցրեց մեր տարածքների 20 տոկոսի օկուպացմանը։ Վրաստանը սատարում է ձեզ, նախագահ Զելենսկի, եւ հանդես է գալիս հաջակցություն Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ խաղաղության»,- ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Շվեյցարիա

«Ռուսաստանի կողմից ուկրաինական Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերի որոշ շրջանների ճանաչումը որպես անկախ պետություններ միջազգային իրավունքի, Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության եւ Մինսկյան համաձայնագրերի կոպիտ խախտում է։ Շվեյցարիան կոչ է անում Ռուսաստանին հետեւել իր միջազգային պարտավորություններին եւ վերանայել իր գործողությունները»,- ասվում է Շվեյցարիայի ԱԳՆ հայտարարությունում։

Էստոնիա

«Ռուսաստանը խզել է Մինսկյան համաձայնագրերը։ Սա վկայում է այն մասին, որ Մոսկվայի նպատակը հակամարտության խորացումն է, ոչ թե դրա լուծումը։ Էստոնիան երբեք չի ընդունի Ռուսաստանի այս որոշումը։ Վերջին ամիսների անվտանգության ճգնաժամը մեկ անգամ եւս վառ ցույց է տալիս, թե ով է ագրեսորը, իսկ ով՝ զոհը։ ԵՄ արձագանքը պետք է լինի արագ, արդյունավետ եւ միասնական։ Դա նշանակում է պատժամիջոցներ»,- ասել  Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը։

Ավստրալիա

«Ռուսաստանը պետք է անհապաղ եւ անվերապահորեն հրաժարվի ԼԺՀ-ի եւ ԴԺՀ-ի ճանաչումից։ Այս որոշումն անընդունելի է, անհիմն եւ չարդարացված։ Ավստրալիան անհապաղ կմիանա Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներին, հենց որ այլ երկրները հայտարարեն այդ մասին։ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինայի ինքնիշխան տարածք, եւ, չնայած ես հույս ունեմ, որ լավ է լինելու, հույս ունեմ, որ ձեռնարկվող դիվանագիտական ջանքերը կօգնեն խուսափել բռնությունից, մենք չենք կարող թույլ տալ նման սպառնալիքներ»,- ասել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը։    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ